Հրանտ Խաչատրյան

Ալբերտ Ազարյանի և մարմնամարզության նրա ստեղծած ընտանիքի հետ առաջին հանդիպումս 2012 թվականին էր: Դա, իհարկե, չեղավ մեր միակ հանդիպումը. գուցե որովհետև ինքս երկար տարիներ զբաղվել եմ սպորտով: Այնտեղ տարօրինակ ջերմություն զգացի ու ապրեցի ինձ հարազատ զգացողություններ` տեսնելով սպորտի հանդեպ իրենց վերաբերմունքն ու նվիրվածությունը:

Պարբերաբար այցելում էի նրանց` արդեն տեսախցիկով, փորձում ավելի մոտիկից ճանաչել դպրոցն ու մարդկանց, ում շնորհիվ այդ դպրոցն այսքան տարի գործում է:

Երևանի Օլիմպիական հերթափոխի մարմնամարզության մասնագիտացված մարզադպրոցը հիմնադրվել է 1964 թվականին, տնօրենը օլիմպիական խաղերի եռակի և աշխարհի բազմակի չեմպիոն Ալբերտ Ազարյանն է:

 


Թափանժույգի վրա վարժություն կատարելիս:

 


Ալեքսան Գաբրիելյանը դպրոցում աշխատում է որպես մարզիչ 1976-ից: Սաներից մեկի հետ նա հետևում է մյուսի վարժանքին:

 


Մարզիկները հանգստանում են և նայում թե ինչպես են մարզվում մյուսները:

 


Մարզիչն օգնում է պահել հավասարակշռությունը զուգափայտի վրա վարժություն կատարելիս: Մյուս մարզիկը կարգավորում է շնչառությունը և պատրաստվում հաջորդ վարժությանը:

 


Ալբերտ Ազարյանը, 89, օլիմպիական խաղերի եռակի և աշխարհի բազմակի չեմպիոն է Երևանի Օլիմպիական հերթափոխի մարմնամարզության մասնագիտացված մարզադպրոցի տնօրենը:

 

«Մարզիչներն իմ սաներն են եղել, ժամանակին հաջողությունների են հասել, ավարտել ֆիզկուլտուրայի ինստիտուտը, տեղափոխվել մարզադպրոց… Դրա համար ես նրանց պապիկն եմ»,- կատակում է Ազարյանը:

Ավագ մարզիչ Հակոբ Սերոբյանն ասում է. «Ես 49 տարեկան եմ, արդեն 41 տարի է այս դպրոցն իմ երկրորդ տունն ա, եթե չաշխատեմ էլ, անպայման կգամ, կմտնեմ»:

Մարզադպրոցը մեծ ու համերաշխ ընտանիքի պես աշխատում է, բոլորի նպատակը մեկն է` հասնել հաջողության և մրցումներից հաղթանակներով վերադառնալ` բարձր պահելով հայրենիքի պատիվը:

 


Հատված նախավարժանքից: Երեխաները միշտ պատրաստ են օգնել միմյանց վարժություն կատարելիս:

 


Երբ բաց դասերը չեն բավարարում, ծնողները փորձում են հետևել իրենց երեխայի պարապմունքին հանդերձարանից:

 


Նախավարժանքը միշտ ուղեկցվում է Կարինե Սարգսյանի երաժշտական կատարմամբ:

 


Նախավարժանք – հայացք վերևից:

 


Մարմնամարզական հին սարքավորումներ ու մասիկներ` մարզասրահի հին, փայտե հատակին:

 

Սակայն դպրոց մտնելու առաջին իսկ քայլից լսում ես հատակի ճռռոցն ու հասկանում, որ կա մի մեծ խոչընդոտ, որը զգալիորեն բարդացնում է և՛ մարզիկների, և՛մարզիչների աշխատանքը. շինության «ծեր» լինելու փաստն է: Հնադարյան սարքավորումներ, դեռ 1968 թվականից ժառանգած, արդեն փտած հատակ, որի վրա մարզվելն անթույլատրելի է:

Մարմնամարզությունն օրեցօր զարգանում է ամբողջ աշխարհում, իսկ մեր Երևանում օլիմպիադային և միջազգային այլ մրցումներին սաները պատրաստվում են նույն սարքավորումներով, որով 50 տարի առաջ իրենց մարզիչներն էին մարզվում:

Դեռ ԽՍՀՄ-ի տարիներին Երևանում կար 233 սպորտային դպրոց, իսկ այժմ դրանք երկուսն են, որոնցից մեկն էլ Ազարյանի անվան մարզադպրոցն է: Սա ևս մեկ պատճառ է, որ դպրոցը հիմնովին վերանորոգվի և հնարավորություն տա մարզիկներին մարզվել այնպիսի պայմաններում, որին իրենք արժանի են:

 


Սաները մարզասրահում վարժանք կատարելիս:

 


Հակոբ Սերոբյանը, 49, մարզադպրոցում աշխատում է որպես մարզիչ 1989 թվականից:

 


Զվարճալի երկխոսություններ, մինչ սպասում են թափանժույգի վրա վարժություն կատարելու իրենց հերթին:

 


Դպրոցի սաներից մեկն է` թափանժույգի վրա վարժություն կատարելիս:

 


Սաները ձեռքերի ափերին քսում են հատուկ նյութ` մագնեզիում, որպեսզի ձեռքերը չսահեն:

 


Սոս Սարգսյանը աշխատում է մազրադպրոցում որպես մարզիչ շուրջ 15 տարի:

 


Մարմնամարզության հաճախող աղջիկներից մեկն է, կատարում է ուժային վարժություն:

 


Հին մարմնամարզական սարքավորում` այծիկ:

 


Սաները «գրիբոկ»ի (ինչպես իրենք են սովոր ասել) կամ սնկաձև մարմնամարզական սարքավորման վրա վարժություն կատարելիս:

 


Սաներից մեկը մի քանի վայրկյան հանգստանում և երաժշտություն է վայելում, քանի դեռ մարզիչը չի նկատել:

 

Չնայած բոլոր խնդիրներին` մարդիկ այստեղ դնում են իրենց ողջ ուժն ու եռանդը, նվիրվում մարզումներին: Այստեղ սովոր չեն բողոքել, բոլորը լավատես են:

Դպրոցն ունի ամենակարևորը` ուժեղ ոգի, և արժանի է ունենալ այդ ոգուն համապատասխան պայմաններ, որպեսզի ցնցուղ ընդունելն այլևս ճոխություն չլինի մարզիկների համար, որպեսզի հավաքականն ունենա բժիշկ և հարկ եղած դեպքում չդիմի այլ երկրների բժիշկներին, որպեսզի լինի նոր և հարմարավետ դահլիճ` չճռռացող հատակով, որտեղ մարզիկները արժանի պայմաններում կշարունակեն դաստիարակել նոր չեմպիոնների:

 


Սույն ֆոտոպատմությունը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս ֆոտոպատմությունում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ: