Սոնա Ադամյան

Ո՞վ էր Ուդին` մեր օրերի Ռոբին Հուդը, որ սիրում էր Եսենին, լսում էր Բեթհովեն եւ երազում էր «ոսկե քաղաքի» մասին, որտեղ կապրեն ազնիվ, բարձր բարոյականության տեր մարդիկ։ Ուդիի կյանքի լավագույն տարիները մնացին փակ դռների հետեւում, դռներ, որ բացվեցին միայն ծերության առաջ։ Հանցագործ աշխարհի ամենահայտնի գողերից մեկն իր կյանքի վերջին 13 տարին ապրեց Նորքի ծերանոցում՝ ստանալով 13 հազար դրամ թոշակ։

Առաջինը, ինչ գրավեց ինձ Ուդիի մեջ, թվերն էին15 դատվածություն, 45 տարվա ազատազրկում ու այդ ամենը կյանքի 80 տարիների ընթացքում։ Ուդիի՝ Ռուդոլֆ Սաֆրազբեկյանի հետ ծանոթացա նրա գրքի շնորհանդեսին։ «Ինչու աղմկեց հոգիս» նրա երկրորդ ինքնակենսագրական գիրքն է՝ (խմբագիր՝ Ռուզան Մինասյան) բանտային վավերագրություն։ Տպավորված էի այդ թվերի ու իմ տեսածի հակադրությունից, հատկապես երբ հանդիպեցի մեծ բազկաթոռի մեջ նստած փոքրամարմին Ուդիին, ով ծանր հեւում էր եւ խոսում ընդհատումներով։  

 


«Սիրով՝ Սոնային հեղինակից, 09․08․18 թ.»: Բացում եմ ինձ մակագրած գիրքն ու կարդում․ «Երբ նստում էի, կարծում էի ամենասրիկան ես եմ, երբ դուրս եկա, հասկացա, որ սրիկաներից շատերը դրսում են, ես մարդ եմ»։ Ուդիի գիրքը սկզբից մինչեւ վերջ կարդացել եմ մատիտով՝ անընդմեջ նշումներ անելով ու ինձ համար գծագրելով նրա կերպարը։

 


Հարցերն ավելի են շատանում, երբ Ուդիի աղջիկը՝ Նունեն, չի մերժում եւ ինձ է փոխանցում նրա մի քանի անձնական իրեր` ձեռագրեր, կտրած լուսանկարներ եւ մի փոքրիկ սրբապատկերով կրծքազարդ։ Ես փորձում եմ այդ լուսանկարներով վերականգնել Ռուդոլֆի մանկությունը, Ուդիի երիտասարդությունն ու ծերությունը։ Երկու կտրած լուսանկարներ տարբեր շրջանակներից հանկարծ ամբողջանում են իմ ձեռքում, ես անակնկալի եմ գալիս կատարվածից։ Որտե՞ղ է ուրիշի կյանքին միջամտելու իմ սահմանը, ինչո՞ւ է իրեն ու այդ երեխային առանձնացրել լուսանկարից, ո՞վ է այդ կինը, ում կտրել ու ընդհանրապես դուրս է թողել այս պատմությունից։

 


Ուդին չէր սիրում շփվել տուն-ինտերնատի բնակիչների հետ, քիչ էր դուրս գալիս իր սենյակից, երբեմն իջնում էր բակ, նստում կանաչ բեսետկայում ու իր հիշողությունները թղթին հանձնում։ Ես անցնում եմ այդ ճանապարհն առանց նրա, փորձում վերականգնել նրա ներկայությունն ու ներկայության բացակայությունը լուսանկարներում։

 


Սա հորից Նունեին մնացած միակ լուսանկարն է։ Ռուդոլֆն այնքան սիրուն երեխա է եղել, որ մայրը նրան հաճախ աղջկա շորեր է հագցրել։ Իսկ Ուդիի պատմությունն արդեն սկսում է մանկատնից, հայրը ռազմաճակատում էր, մայրը՝ հիվանդանոցում։ Առաջին խորը ցնցումն էլ ապրում է հենց մանկատանը, երբ տեսնում է, թե ինչպես է դաստիարակչուհու պայուսակը պոկվում, ու միջից թափվում են գողացած հացերն ու շաքարը։ Հետո` փախուստ մանկատնից, ծանոթություն փողոցի կյանքին, հանցագործ աշխարհի հեղինակություններին, այդ ժամանակ էլ Ռուդոլֆը դառնում է Ուդի, որն անվան փոփոխություն չէր միայն։ «Նա էր իրավացի, ով տիրապետում էր ստին, ուժին։ Սխալ էր նա, ով թույլ էր ու սոված։ Փախա մանկատնից․․․»,- գրում է գրքում։

 


«Ողջ գաղութում միայն ինձ մոտ էին աճեցվում ու խնամվում ծաղիկներ։ Մի օր ջոկատի պետը, գաղութի պետի քաղտեղակալը, ռեժիմի գծով տեղակալը ու օպերը մոտեցան ինձ եւ վերջնագրի ձեւով պահանջեցին վերացնել ծաղիկները։ Խոսակցությունը վերածվեց վիճաբանության, որն էլ թեժացավ՝ դառնալով ղալմաղալ։ Նրանք պնդում էին, որ պարտավոր եմ ենթարկվել ադմինիստրացիայի պահանջներին, քանի որ ես պատժված եմ։ Իսկ ես ապացուցում էի, որ ճիշտ է, ես պատժված եմ, սակայն ծաղիկները պատժված չեն, եւ ոչ մեկը իրավունք չունի ոչնչացնել բնության գեղեցկությունը։ Գաղութի պետի քաղտեղակալը մատ թափ տվեց ու կարգադրեց ինձ տանել կարցեր։ 15 սուտկա կարցեր նստելուց հետո դուրս եկա բնակելի գոտի, տեսա ծաղիկներիս նմուշն անգամ չկա»,-գրում է Ուդին։ Ես նայում եմ ծերանոցի միջանցքում դրված կանաչ ծառին ու մտովի վերականգնում եմ Ուդիի խնամած ծաղիկները։

 


Լուիզան ծերանոցի երիտասարդ աշխատակիցներից մեկն էր, ում հետ Ուդին հոգեւոր մտերմություն էր զգում, ումով անկեղծորեն հիանում էր եւ որին բազմաթիվ բանաստեղծություններ է նվիրել։ Ես հանդիպում եմ Լուիզային ու հասկանում Ուդիին, ում սիրտը կյանքի վերջին տարիներին լցվել էր սիրով ու ջերմությամբ։ «Իմ աղջիկ մամա»: Այդպես է Լուիզային դիմել իր վերջին քառատողի մեջ Ուդին, ում մեջ տեսնում էր իր մոր, աղջկա, կնոջ մարմնավորումը։

 

Որոշ ժամանակ անց գնացի Ուդիին հյուր՝ Նորքի ծերանոց։ Ինքնազգացողությունն ավելի էր վատացել, անընդհատ կրկնում էր՝ թոքերս չորացել են, բայց կարճ ժամանակ անց աշխուժացավ, սկսեցինք խոսել, ծիծաղել։ «Ես ինձ շատ եմ սիրում։ Այն մարդը, ով չի սիրում իրեն, չի սիրում մարդկանց»,-ասում է ու շարունակում․ «Ես ճիշտ եմ ապրել ու ո՛չ մի բանի համար չեմ փոշմանել»։ Մի քիչ զարմանում եմ նման խոստովանությունից․ «Կա միայն սեր, հարգանքը հնարովի բառ է, դա հնարել են, որպեսզի լցնեն այն դատարկ տեղը, որտեղ պետք է սեր լիներ»,- դադար է վերցնում ու քիչ անց հավելում՝ ինչ ուզում ես, նկարի։ Ուդին հարցերիս կարճ է պատասխանում, ասում է՝ գիրքս կարդաս, կիմանաս։ Այդպես էլ պայմանավորվում ենք։ Խոստանում եմ հաջորդ անգամ գիրքը կարդացած գնալ։

Վերջապես ավարտում եմ գիրքը, ուրախ-ուրախ զանգահարում եմ Ուդիին․ «Ալո, պարոն Ռուդոլֆ, բարեւ ձեզ, լա՞վ եք․․․»: «Ռուդոլֆը մահացել է․․․ դուք ո՞վ եք․․․»։ Ցնցվում եմ այդ լուրից, ինչպես կցնցվեի` հարազատ մարդու մահվան լուրը լսելիս։ Անջատում եմ հեռախոսն ու արցունքներս կուլ տալիս։ Եւ, իսկապես, ո՞վ էի ես Ուդիի համար, ինչո՞ւ չեմ կարողանում հաշտվել նրա բացակայության հետ։ Ուդիի մահից հետո մի պահ թվաց` անիմաստ է այս ամենը շարունակել, պատմել մի պատմություն` քեզ անծանոթ մարդու մասին։ Հետմահու հավաքել նրա անավարտ դիմանկարն ու մասնիկ առ մասնիկ կենդանացնել այն։ Նոր փորձառություն, որ ստիպեց շատ դռներ թակել, նոր մարդկանց հետ ծանոթանալ, որովհետեւ Ուդիի մահից հետո հարցերն ավելի շատացան։

 


Ուդիի աղջկա՝ Նունեի հետ ծանոթացա Սովետաշենի գերեզմանոցի ճանապարհին։ Պարզվեց` Ուդին ոչ միայն աղջիկ ունի, այլ նաեւ տղա, մի հանգամանք, որ ոչ գրքում է նշված, եւ ոչ էլ նրան ճանաչող մարդիկ գիտեին։ Ուդիի հուղարկավորությանը ներկա էին 5 հոգի։ Նունեն խնդրում է Ուդիի վիզն ուղղել, ասում է՝ չեմ ուզում այս աշխարհից ծուռ վզով գնա։

 


Այս լուսանկարի մասին չհասցրեցի շատ բան իմանալ, միայն այն, որ Ուդին այստեղ 60 տարեկան է, ուրեմն դեռ ծերանոց չի եկել, գուցե նոր է բանտից դուրս եկել, կամ էլ մի նոր անազատություն է սպասվում։

 


Ես անակնկալի եմ գալիս` բացելով Ուդիի դրամապանակը, որը փոքրիկ ֆոտոալբոմ է հիշեցնում։ Այս պատմության սկզբից մինչեւ վերջ ես փորձում եմ լուծել հավասարում` մի քանի անհայտներով․ ո՞վ է այս կինը, ինչպե՞ս գտնեմ նրան։ Նորից զանգահարում եմ ծերանոց, Նունեին, աշխատակիցներին։ Ի վերջո գտնում եմ նրա հեռախոսահամարը, պայմանավորվում ենք հանդիպել, բայց վերջին պահին հրաժարվում է։

 


Այս կախազարդն այն միակ իրն է, որ միշտ Ուդիի մոտ էր՝ նրա սրտին մոտ։ Ներսից լուսանկարները խունացել են, բայց հիշողությունը դրանց մասին ապրում է հեռուներում։

 


Ուդիի քույրը Սովետաշենի գերեզմանատանը փնտրում է եղբոր հողաթումբը։

 


Ուդիի սենյակի պատն է, որի վրա կային բազմաթիվ խաչեր, սրբապատկերներ, հրեշտակներ, լուսանկարներ։ Մեր առաջին ու վերջին հանդիպման ժամանակ հարցրեցի նրան՝ հավատո՞ւմ է Աստծուն, ժպտաց ու թե․ «Աստված բոլորիս մեջ կա։ Մարդն իր Աստծուն շատ զգույշ պետք է պահի՝ իր հոգու մեջ»։

 

Ինչո՞ւ որոշեցի պատմել Ուդիի մասին, հատկապես նրա մահից հետո։ Ուդին իր տոհմի վերջին բեկն էր, ում հոգին ամբողջ կյանքում աղմկեց եւ անարդարությունների դեմ պայքարի իր ճանապարհն ընտրեց՝ գողանալ նրանցից, ովքեր գողանում էին պետությունից։   «1702 թ-ից սկսած՝ իմ նախնիներից են Մխիթար Սպարապետի մելիքներից Մելիք Սաֆրազը, մինչեւ իմ անմիջական պապը՝ Զանգեզուրի Սաֆրազ բեկը, որոնք իրենց կյանքի գնով պահել-պահպանել են հայ ազգի թասիբն ու ղվաթը, մշակույթն ու հավատը․․․ Իմ կատարածը գողություն չէ, այլ վիրավորանքից վրեժ եմ լուծել ինձ հալածելու, տանջաքննելու, նվաստացնելու, առողջությունն ու ազատությունը խլելու, անարդարացի ու անօրինական մեղադրանքներ ներկայացնելու ու դատապարտելու համար։ Իսկ եթե իմ վրեժխնդրությունը որեւէ մեկը համարում է գողություն, ապա պատասխանում եմ, որ ես գողացել եմ շատ, անկուշտ հարուստներից, ովքեր մարդ չեն համարում փող չունեցողներին․․․»։           

Նրան ճանաչելու համար նորից բացում եմ գիրքը։ Ուդին անկեղծ է արած հանցանքներում, տեղ-տեղ մանրամասն նկարագրում է այն գողությունները, որոնք իր իսկ խոսքերով իրականացրել է «անթերի» ու ջրից միշտ «չոր» դուրս եկել, բայց զարմանալիորեն միշտ դատապարտվել է այն հանցագործությունների համար, որոնք չի կատարել: «Առաջին դատվածությունս Երեւանում «քեզ ինչ» բառի համար էր, երկրորդը` մի ռուբլի պահակին չտալու համար․․․Այդպես ավելանում էր դատվածություններիս ցանկը, որը տեսնողը միայն մի կարծիք կարող էր կազմել, թե լավ, մարդ մի անգամ կարող է սխալվել, երկու անգամ, բայց այդքա՞ն․․․ Անցնում էին տարիները, ապրում էի արդեն կյանքիս չորրորդ տասնամյակը, ազատվեցի 1970 թ-ի նոյեմբերի 17-ին Բասարգեչարի խիստ ռեժիմի գաղութից, եկա Երեւան, գնացի Սպանդարյան 55 համարի տունը։ Չկար տունս, ունեցվածքս, ծնողներիս թողած ամեն ինչըգետնին հավասար մի տարածք էր միայն։ Պետությունն իրացրել էր գլխավոր պողոտայի բացման կապակցությամբ»,- գրքում պատմում է Ուդին, ում բոլոր գանգատները թե Սովետական միության ժամանակ, թե ՀՀ օրոք անպատասխան են մնում։ Վերջին տարիներին տան գործով Ուդիի գանգատը քննվում էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, որի որոշմանը սպասում էր անհամբեր, քանի որ երազում էր ապրել իր տանը, ոչ ծերանոցում։   

Սովետաշենի գերեզմանատունը դարձավ Ուդիի վերջին տունը։ Ես նայում եմ հողաթմբերի անանուն շիրիմներին ու մտածում Ուդիի մասին։ Ի՞նչ կասեր սովետական բանտերում իր կյանքի մեծ մասն անցկացրած նախկին կալանավորը, հաշտվե՞ց խռոված հոգու հետ, գտա՞վ իր որոնած «Ոսկե քաղաքը»․․․

 


Սույն ֆոտոպատմությունը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս ֆոտոպատմությունում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ: