Տեքստը՝  Սառա Խոջոյանի

Վիրավոր զինվորներն ու զինվորականներն այլ իրականությունում են ապրում։ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի հարկերից մեկի բաժանմունքը այդ իրականության տարածական արտացոլումն է։ Երկար միջանցքի երկու կողմերում հիվանդասենյակներն են, ամեն դռան հետեւում ճակատագրեր են փոխվում, ամեն օր, օրական մի քանի անգամ կրկնվող թերապիաների` վարժությունների, մերսումների, մարզանքների ու հանդիպում-քննարկումների շնորհիվ։ Պայքարը լուռ է, համեստ, պատմությունները՝ լուռ արտասուքի աղբյուր, հիացմունքի արժանի…

 


Էրգոթերապիա

 


Վերականգնողական կենտրոնում բուժվում են անցած 10 տարիներին վիրավորված զինվորականներ ու զինվորներ

 


Վերականգնողական կենտրոնի պատուհանից այն կողմ

 


Արման Մովսիսյան, 27 տարեկան, Հայկ Թորոսյան, 20 տարեկան [ձախից աջ]

Ֆիզիոթերապիա բժիշկ Ալեքս Թորոսյանի հետ

 


Պատերին ամրացված թվերը էրգոթերապիայի համար են

 


Մերսման ժամ

 

20-ամյա Ռոլանդ Սահակյանը 12 վիրահատություն է հաղթահարել․ լյարդը, 2 թոքը, կերակրափողը, ստամոքսը, 12-մատնյա աղիքը, լեղապարկը… «Մենակ սիրտն էր աշխատում, որ բերել էին»,- թվարկում է նրա մայրը՝ 44-ամյա Հռիփսիմե Սահակյանը՝ ներկայացնելով իրենց համար, արդեն, կարծես, սովորական դարձած իրականությունը։ «Թեկուզ սենց, իմ էրեխեն ապրում ա»։ Ռոլանդը բեկորային վիրավորում է ստացել 2016-ի ապրիլի 4-ին Թալիշում։ Մի քանի ամիս անշարժ է եղել ու արդեն 1 տարի 5 ամիս նա պայքարում է։ Նրա պայքարի սկզբի ամիսների քարտեզը մարմնին է՝ վիրահատությունների սպիների հետքերով, վերջին ամիսներին՝ հոգում, որն ուժեղ է այլեւս ու չի վարանում տեսագրել իր ամեն մի հաջողությունը․ «Մամ, վիդեո նկարի, էն պահը, որ ոտս ինքնուրույն շարժում եմ »։

Ռոլանդի օրը ծրագրված է` ֆիզիոթերապիա, էլեկտրաթերապիա, ասեղնաբուժություն, օրական մի քանի անգամ որոշակի ժամանակով. «Վիճակիցս գոհ չեմ, բայց կյանքիցս, որ ապրում եմ, գոհ եմ»:

 


Բուժում ստացողները քողարկող հանդերձանք են գործում բանակի համար, ինչը նաեւ էրգոթերապիայի ու խմբային թերապիայի լավ միջոց է

 


Սպիեր

 


Մերսման ժամ բժիշկ Արտյոմ Օհանյանի հետ

 


Հանգստի ժամ թերապիաների արանքում

 


Մերսման ժամ

 


Վերականգնողական կենտրոնի խոհանոցը

 


Վարժություների սենյակում միաժամանակ տարբեր թերապիաներ են իրականացվում

 


Հիվանդանոցի մուտքը, տեսարան պատուհանից

 

Նրա ֆիզիոթերապիայի բժիշկը` 26-ամյա Ալեքս Թորոսյանն, ասում է` Ռոլանդի ապաքինման կեսից ավելին հենց իր ցանկությունից է կախված. «Գուցե նա հիմա ֆիզիկապես ուժեղ չէ, բայց ոգով հաստատ ավելի ուժեղ է, քան երբեւէ»:

Ռոլանդը աշխատանքային օրերին մնում է հիվանդանոցում, շաբաթ-կիրակի մոր հետ գնում է տուն` Արմավիրի մարզի Այգեշատ գյուղ: Երբ ամբուլատոր բուժում ստացող իր ընկերներն ու բժիշկները գնում են տուն, բաժանմունքը հանդարտվում է, սակայն, դա ձանձրացնում է Ռոլանդին: Բայց այդ ժամանակ նաեւ նա սկսում է մտածել ապագայի մասին

«Երբ դեռ ծառայում էի, մտածում էի` վերադառնամ, սովորեմ, բայց չգիտեի` ինչ: Հիմա գիտեմ` ֆիզիոթերապիստ կուզեմ դառնալ»:

Ռոլադի բուժումը հնարավոր է դարձել «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդաﬓերին» հասարակական կազմակերպության շնորհիվ: Ներկայում նրանք օգնում են 35 զինհաշմանդաﬕ, որոնք բուժվում են տարբեր բուժհաստատություններում, այդ թվում եւ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում։

Շատ շուտով կազմակերպության գործունեությանը մեկ այլ շենքում է լինելու` վերականգնողական կենտրոնում, որտեղ հիմա շինարարական աշխատանքներ են ընթանում։ Այն կհամալրվի նորագույն բժշկական սարքավորումներով եւ կկարողանա ամբուլատոր ծառայություններ տրամադրել օրական 50 հիվանդի, ստացիոնար բուժօգնություն՝ 20 հիվանդի։ Տղաներին կարելի է աջակցել այստեղ՝ https://armenianwoundedheroes.com/donate-awhf/