Ի՞նչ կտեսնեմ դարպասից այնկողմ։ Այն, ինչն ընդհանուր է, գրված է ցուցանակին։ Իսկ կա՞ մի բան, որ տարբեր է, ոչ ընդհանուր, անհատական։

Ցուցանակը՝ «Անօթևանների կացարան»։

«Հանս Քրիստիան Կոֆոեդ» հայ-դանիական բարեգործական հիմնադրամի կացարանը անօթևանների միակ կացարանն է Հայաստանում։ Որոշակի բնակության վայր չունեցող, 18 տարին լրացած այս անձանց ապահովում է ժամանակավոր օթևանով՝ 3 ամիս ժամկետով։ Այստեղ ամեն օր քնում և արթնանում է 100 մարդ։ Բնակիչները Երևանից են, ՀՀ մարզերից կամ արտերկրից։

 

 

 

Ապրում եմ, շնչում և արտաշնչում եմ․․․ Օթևան, անկյուն․․․ Տանիք՝ ոչ, ես տանիք չունեմ, ես չունեմ տանիք անձնական, սա կոչվում ա անօթևանի կացարան։ Այո, բնակվում եմ և ունեմ չորս պատ։ Ես երազա՞նք․․․ ե՛ս երազանք․․․ ես երազանք երևի չունեմ․․․ ես չունեմ երազանք, որովհետև ես ամեն ինչ կորցրել եմ։

 

Կացարանից դուրս գալուց հետո մարդկանց մի մասը վերադառնում է ընտանիք, ինքնուրույն կյանքի, տեղափոխվում է արտերկիր, տուն-ինտերնատներ, բժշկական կենտրոններ, տեղավորվում է աշխատանքի, փաստաթղթեր է ստանում և այլն։

Դարպասներից ներս՝ շենքի հարկերից մեկում նեղ միջանցք է, որի աջ ու ձախ կողմերում սենյակներ են։ Ընդարձակ սենյակներում կողք կողքի անկողիններ են, որոնք բաժանված են այստեղի բնակիչների միջև։

 

Իմ տղան էլ արդեն 40 տարեկան ա, չի ամուսնացել… Երազանքներ ունենք, որ հարսիկ բերենք․․․ Հարսիկի շորերը պատրաստել եմ, ամեն ինչ արել եմ, ուղղակի մնում ա, որ փոքրիկ անկյուն լինի՝ կրիշ էլ չլինի, մենակ չորս պատ լինի, գոնե մայր ու տղա մնանք։

 

Իմ նմանակ մի հատ աղջիկ ա, բայց ես չեմ։ Էդ մի հատ Հովո կա, էն ա նվիրել ինձ։ Նմանացրել ա, նվիրել ա ինձ։ Հովո՞ն․․․ Ստեղ մի հատ բնակիչ ա էլի։ Մյուսները՝ խաչ ա, էս էլ շնիկ ա․․․ Հենց նենց կախել եմ։ Պա՞տը․․․ Դե հենարան էլի: Ուրիշ էլ ի՞նչ, ոչ մի բան չկա տենց։ Երազանքս․․․ երեխեքիս մոտ լինելն ա, բայց հեռու են, Աշտարակում են՝ չեմ կարա գնամ էլի, պատճառներ կան։ Պատի կողքը քայլում եմ մի քիչ, նորից գալիս եմ ստեղ։

 

Քանի որ ես գարդերոբ չունեմ, գերադասում եմ այստեղ իմ կնոպկայով կախեմ, ուրիշ ոչ մի բան: Ժամը․․․ Պարզ ա՝ ամեն մարդու ժամը պետք ա։ Սա իմ օրացույցն ա, էս գեղեցիկ ծաղիկը նվեր եմ ստացել, էս խաչը ոնցոր ինձ պահապան հրեշտակ, էս մայրիկ մայր Աստվածածինն ա, իսկ սա՝ աչքի հուլունքը՝ գրանատը, ոնցոր ինձ պահում ա: Իսկ սա ասենք իմ պարֆումերիան ա, իմ շկատուլկեն ա, ամենօրյա աղոթագիրքն ա, որ աղոթք եմ անում ամեն երեկոյան․․․ Օրացույցն ա փոխվել․․․ Ես ինձ լավ եմ զգում․․․ Սիրում եմ մաքրություն՝ շատ: Շատ բաներ չեմ սիրում, բայց Նոր տարվա կապակցությամբ մեշոչիկ շոկոլադներով, փուչիկներ կախում եմ: Ինձ դուր ա գալիս, որ ամեն ինչ նորմալ ա, մաքուր ա: Չէի ուզենա դատարկ պատին նայել։

 

Ամեն դրականն ենք փորձում այստեղ, որ կարծես մեր կյանքն ինչ-որ կերպ ճիշտ ուղղությամբ կարգավորենք․․․
Ինչո՞ւ են տունը վերանորոգում, գեղեցիկ կահույք գնում։ Ինչի՞ համար է այդ ամենը․․․ Նրա համար, որ ինչ-որ կերպ հաճելի լինի ապրելը՝ շատ, թե քիչ։

 

Ես շատը Նիկոլով եմ ուրախանում, մեկ էլ էդ մեր Հայաստանի դրոշով, մեկ էլ բնության սիրահար եմ՝ ծաղիկներ, բնություն, ծիլ ու ծաղիկ և ամեն ինչ։ Է՜, մեր անձնական ուրախությունը մեր չորս պատն ա, թե չէ ստեղով ի՞նչ ուրախանանք, էս ուրախանալու բան չի։ Գիտեք ինչ, մարդու պատիվը չորս պատն ա, թե չէ էսի ի՞նչ ուրախություն: Էնենց որ էս պատը ինձ համար ոչնչություն ա, և ասենք մի փոքրիկ տեղադրել եմ, էդ էլ ինձ համար ոչնչություն ա, ինձ համար երջանկությունը չորս պատ ունենալն ա, ունեցել ենք…

 

Պատմություններն այստեղ տարբեր են՝ որոշները պատմվում են, որոշները՝ ոչ։ Եթե պատմվում էլ են, սովորաբար անանուն, անհասցե։ Դրանք հիմնականում պատերն են պատմում։ Համար առաջին պատին հագուստ է, օրացույց, զարդարանքներ։ Մյուս պատը գիշերազգեստներ ունի․ այս բնակիչը, ասում են, արիստոկրատ տիկին է՝ խալաթներ, յուրահատուկ զգեստներ, լայնեզր գլխարկներ է կրում։ Ուրիշ պատեր…

4 պատը մարդու պատիվն է, ասում է բնակիչներից մեկը։ 4 պատը՝ որպես տան, կացարանի, օթևանի սիմվոլ, խոսակցության ամենատարածված թեման է այստեղ։ Այն քառակողմ պատնեշն է, որ առանձնացնում է արտաքին աշխարհից։ 4 պատը տարբերն է, ոչ ընդհանուրն է, անհատականն է։

 

Հա, Հրապարակն ա․․․ Ես սիրում եմ ըտենց բաներ, նորություն ըլնի մեր Հայաստանի մեջ՝ լավ խոսքեր, լավ բաներ ըլնի․․․ որ մեր երկիրը զարգանում ա: Էն հին օրերը անցյալ էղավ․ ոնցոր փոքր էրեխան՝ պուճուրուց ուրիշ գործով ա զբաղվում, մեծանում ա, արդեն գիտելիքներ ա ձեռք բերում։

 

 


Սույն ֆոտոպատմությունը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս ֆոտոպատմությունում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ: