«Քայլ արա» շարժումը ստեղծեց խաղաղ անհնազանդության գործողությունների կայուն գրաֆիկ ու գործիքացանկ։ Ապակենտրոնացված պայքար, գործադուլ, դասասուլ եւ ամեն օր՝ 19։00-ին, հանրահավաք Հանրապետության հրապարակում։ Հանրահավաքի մասնակիցները տուն են գնում մինչեւ 22։00-ն, եւ օրն ավարտվում է շերեփների ակցիայով։ Շենքերի պատուհաններից կամ պատշգամբներից մարդիկ կաթսաներն ու շերեփներն իրար հարվածելով՝ արտահայտում են իրենց բողոքը։

Ապրիլի 23-ի վաղ առավոտից մայրաքաղաքում վերսկսվեցին խաղաղ քաղաքացիական անհնազանդության գործողությունները։ Ինքնակազմակերպված դասադուլներն ու գործադուլները տարածվեցին հանրապետությունով մեկ։ Գործադուլի դուրս եկան «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր փակեցին Հալաբյան փողոցը, ինչպես նաեւ քաղաքների տարբեր գործարանների եւ կազմակերպությունների աշխատակիցներ։

Լուսանկարը © Նազիկ Արմենակյան / 4Plus

Թեեւ Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրն անհայտ էր, տեղեկություն էր տարածվում, որ նրա մոտ են շտապում Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաները։ Արդեն կեսօրն անց Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանն ու Արարատ Միրզոյանն ազատ արձակվեցին։ Երեւանի փողոցներն արդեն իսկ հեղեղված էին տասնյակ հազարավոր ցուցարարներով։

Լուսանկարը © Նելլի Շիշմանյան / 4Plus

Շուրջ մեկ ժամ անց հայտնի դարձավ եւ հաստատվեց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին տեղեկությունը։ Բառացիորեն մեկ րոպեում Հանրապետության հրապարակում սկսվեց հաղթական ցնծության եւ շքահանդեսի վերածված տոնը։ «Հաղթանակ, հաղթանակ» վանկարկումներով մարդիկ միմյանց սկսեցին շնորհավորել հրաժարականի առթիվ եւ պարել հենց այնտեղ, որտեղ կանգնած էին։ Շամպայն, բարձր երաժշտություն, ազդանշաններ եւ մեքենաների վրա պարող երիտասարդներ Երեւանի փողոցներում․ այսպիսի տոնախմբություն եւ ցնծություն Հայաստանն իր պատմության մեջ տեսնում է առաջին անգամ։

Լուսանկարը © Նելլի Շիշմանյան / 4Plus

Երեկոյան հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր այս հաղթանակով ժողովուրդը մեծագույն տուրք է մատուցել 2008 թ․-ի մարտի 1-ի զոհերին։ Նա հրավիրեց նաեւ ապրիլի 24-ին միասին Հանրապետության Հրապարակից երթով շարժվել դեպի Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։ Գիշերվա ընթացքում շարժման օրերին կալանավորված և ձերբակալված բոլոր քաղաքացիներն ազատ արձակվեցին։

 

Տեքստը՝ Կ․ Գրիգորյան