Լուսանկարները՝ Նազիկ Արմենակյանի, Նելլի Շիշմանյանի, Փիրուզա Խալափյանի,Վաղինակ Ղազարյանի
Տեքստը՝ Անահիտ Հայրապետյանի

Ապրիլի տասնվեցին, առավոտյան 8:00-ին, Նիկոլ Փաշինյանը, պառկելով ավտոբուսի դիմաց, խաթարեց Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկի երթեւեկությունը։ Դրան հաջորդեցին տարբեր բանուկ փողոցների փակումն ու երթեւեկության խաթարումը՝ քաղաքացիական անհնազանդության գործողությունները։ Նիկոլ Փաշինյանը հազարավոր ցուցարարների աջակցությամբ շարժվեց Երեւանի մի շարք կենտրոնական փողոցներով, որոնք ցուցարարների տարբեր խմբեր արդեն փակել էին։

Քաղաքացիական անհնազանդություն դրսեւորելով՝ ցուցարարները դեմ են արտահայտվում Սերժ Սարգսյանի ու Հանրապետական կուսակցության պաշտոնավարմանը։ «Իմ Քայլը» շարժման մասնակիցներից յուրաքանչյուրը անում է իր քայլը։ Ոստիկանները մի քանի անգամ փորձեցին փակել Նիկոլ Փաշինյանի ու ցուցարարների ճանապարհը, ինչը նրանց չհաջողվեց։ Փաշինյանը, հորդորելով քաղաքացիներին զերծ մնալ ոստիկանների հետ բախումներից, նրանց վիրավորելուց, ուղղակի ձեռքերը վեր պարզած առաջ շարժվեց սատարողների հետ ու, ոստիկանական պատնեշը հաղթահարելով, շարժվեց առաջ։ Ցուցարարները եղան մի քանի Բուհ-երում՝ կոչեր անելով դադարեցնել դասերը ու միանալ իրենց։ «Եկեք հրապարակ եւ տեր կանգնեք ձեր հաղթանակին, եկեք հրապարակ եւ տեր կանգնեք ձեր իշխանությանը»,-անընդհատ կոչում է Փաշինյանը։