Բոլորն ունեն անիվների կարիք, ոտքի համար շատ քիչ տեղ է մնացել: Աղմուկն ամենուր է: Առանց աղմուկի հաստատ էլ չի լինի ապրել: Բակերում հաճախ անգամ ոտք գցելու տեղ չկա, ամենուր մեքենաներ են, սնկի պես աճած ավտոտնակներ։

 


Երևանի քաղաքապետարանը դժվարանում է հստակեցնել ավտոտնակների պահանջարկը. շատ ընտանիքներ արդեն մի քանի ավտոմեքենա ունեն։

Քաղաքապետարանից վտահեցնում են՝ մայրաքաղաքի գլխավոր հատակագծի 2006-2020 թթ. իրականացման հիմնական միջոցառումների ծրագրի շրջանակում, վարչական շրջանների գոտևորման նախագծերի հիման վրա կատարված ուսումնասիրությունների արդյունքում` մշակում են շենքերի բակային հատվածներում տարերայնորեն ձևավորված, հիմնականում անկազմակերպ տեղադրված մետաղական կամ քարե ավտոտնակներով, ինչպես նաև տարբեր տեսակի խարխուլ շինություններով ծանրաբեռնված տարածքների մաքրման, տեղում ստորգետնյա ավտոկայանատեղեր, իսկ վերգետնյա հատվածներում հանգստի, ժամանցի, մանկական խաղահրապարակների կառուցման, կանաչապատման և բարեկարգման ծրագրեր:

 

 

Արտանետումները և հետևանքները

 

Էկոլոգ, Երեւանի՝ «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի համահեղինակ Մարտիրոս Ծառուկյանն ասում է՝ մեքենայասեր ենք, ու բնական է, որ արտանետումները շատ պիտի լինեն, բայց այն, ինչ կատարվում է հիմա Երևանում, արտասովոր երևույթ է, աննախադեպ։ Մինչեւ ԵԱՏՄ-ի շրջանակում մաքսային վճարների թանկացումը 2020-ին, բոլորն ուզում են մեքենա ձեռք բերել՝ իրենց կամ վաճառքի նպատակով։ Բայց Ծառուկյանը հույս է հայտնում, որ ներկրված մեքենաների մի մասը կլքի Հայաստանը, չնայած էկոլոգիական խնդիրը դրանով էապես չի լուծվի։

 

 

Քաղցկեղածին եւ զանազան այլ հիվանդությունների առաջացմանը նպաստող գործոններն ամենուր են՝ անվադողերի մաշվածությունից առաջացող փոշուց մինչեւ վառելիքի արտանետումներ։ Ծառուկյանը նկատում է նաեւ, որ, իհարկե, լավ է, որ Հայաստանն առաջատարներից է աշխարհում, որ բենզինից անցում է կատարում գազային վառելիքի, որի դեպքում վնասակար արտանետումների քանակն ավելի քիչ է, բայց նման թվով մեքենաների գործարկման պարագայում իրավիճակը մայրաքաղաքում լավատեսության տեղիք չի տալիս։

 

Գերեզմաններ արդեն կան՝ թեկուզև ոչ պաշտոնապես

 

 

Երեւանի վարչական տարածքում «մեքենաների գերեզմաններ»՝ ավտոմեքենաների ջարդոնի համար նախատեսված և պաշտոնապես հաստատված տարածք այս պահին գոյություն չունի: Այսուհանդերձ, քաղաքապետարանից հաստատում են` արդեն կան տարածքներ, որտեղ տարիների ընթացքում մեքենաների թափքերի կուտակումներ են գոյացել՝ Աջափնյակում՝ Սիլիկյան 13-րդ թաղամասի վերջնամաս, «Սպանդարյան» կայարանին հարող տարածք, Մալաթիա վարչական շրջանում՝ Րաֆու և Շերամի փողոցների խաչմերուկներին հարող տարածք, «Աստղիկ» Բ/Կ-ին հարող տարածք եւ այլն։ 

Մարտիրոս Ծառուկյանն ասում է, որ պետք չէ վախենալ, այնքան էլ վտանգավոր չեն, քանի որ դեն է նետվում միայն թիթեղը։ Մյուս մասերը, որոնք քիչ թե շատ արժեքավոր են ու նաեւ վտանգավոր, օրինակ՝ մարտկոցները, որոնք պարունակում են  ծանր մետաղներ եւ այլ նյութեր, վերավաճառելու նպատակով ապամոնտաժվում են:

 

 

 

 

Միջազգային ցուցանիշներ

 

 

 

Մեր երկրում շուրջ 3,5 միլիոն բնակչության պարագայում, էկոլոգ Ծառուկյանի՝ «Կանաչ քաղաք» ծրագրի շրջանակում կատարած հետազոտությունների համաձայն` արդեն իսկ գրանցված է ավելի քան 500 000 մեքենա:

 

 

Օրական ցուցանիշները եւս խիստ խոսուն են։ Եթե 2018-ի սեպտեմբերին օրական մաքսազերծվել է 184 մեքենա, ապա այս տարվա սեպտեմբերին արդեն՝ 645։ 

 

 

Երևանի քաղաքապետարանից ասում են` ամեն տարի շահագործման են հանձնում այլընտրանքային, ինչպես նաև շրջանցիկ նոր ճանապարհներ, որոնց գլխավոր նպատակը քաղաքի կենտրոնը տրանսպորտային հոսքերից բեռնաթափելն է: Քայլեր են ձեռնարկելու քաղաքային տրանսպորտի կարգավորման ուղղությամբ։ Բայց արդյո՞ք մեքենաների նման ներհոսքի պարագայում այս լուծումները գործող են…