Ամիսներ առաջ ինձ թվում էր, թե կյանքը կիսվել է «COVID-ից առաջ և հետո»-ի: Հիմա, կտրուկ շրջադարձով, կյանքը կրկին կիսվել է, դարձել` «պատերազմից առաջ և հետո»: Մնում է հուսալ, որ էլ չի լինի մեր կյանքը ժամանակի մեջ բաժանող ցավի  նոր «տարբերակ»։

Այս լուսանկարները և հարցազրույցներն արել եմ մինչև պատերազմը՝ COVID-19-ի առաջին ալիքի զարգացման ընթացքում: Այսօր, երբ հետադարձ հայացք եմ գցում այս հեռու, բայց և մոտիկ ամիսներին, կարդում եմ հարցազրույցները, լուսանկարներում նորից նայում եմ մարդկանց, որոնց տեսել եմ մեկ անգամ, մի քանի ժամով, նրանք ինձ հարազատներ են թվում, հեռու անցյալից, այնքան չգնահատված ժամանակներից։ 

– Փաստորեն, մենք երջանիկ էինք ապրում ու չգիտեինք այդ մասին,- քթի տակ մրմնջում է Լիլիկը` մեր շենքին կից կրպակի տիրուհին։

– Փաստորեն,- ուսերս թոթվելով պատասխանում եմ` ամեն անգամ հերթական մածունը գնելիս։

Հ.Գ. Առարկաները, որոնք պատկերված են ֆոտոշարքում դիմանկարներին զուգահեռ, այս մարդկանց համար հիվանդանոցում կամ տանը եղել են ամենակարևոր իրերը:

Աշոտ Մխիթարյան, 46 տ.
մասնագիտություն չունի, աշխատում է Երևանի երկաթգծի կայարանի շուկայում, տոպրակներ է վաճառում։

Անհանգստանում էի, որ կարող էի վարակած լինել մորս…

Ես էլ չէի հավատում, որ սենց բան կարող էր լինել, որ վիրուս կա, իսկ երբ հիվանդացա ու պառկեցի հիվանդանոցում, նոր համոզվեցի, որ իրոք կա այդ հիվանդությունը։ 

Հայկական դպրոց եմ գնացել (Նորքի խուլ ու համրերի դպրոցը, որտեղ աշխատում է մայրս)։ Կարդալ կարող եմ ռուսերեն ու քիչ, օրինակ, ընկերներիս հաղորդագրությունները միայն։Հիվանդանոցում ինձ համար ամենակարևոր իրը հեռախոսն էր, որով կապ էի պահում հարազատներիս ու ընկերներիս հետ՝ հիմնականում տեսազանգով։ Լսողություն չունեմ։ Բժիշկների հետ շփվում էի քրոջս օգնությամբ․ տեսազանգով կապվում էի քրոջս հետ, նա թարգմանում էր բժիշկների ասածն ինձ համար, և հակառակը։

Երբ հիվանդանոցում էի, ամենաշատը կարոտում էի տան իմ բազկաթոռը։ Իմ նստելու տեղը սա է։ Հենց աշխատանքից գալիս եմ, հաց եմ ուտում, շորերս փոխում, բերում եմ բազկաթոռը սենյակի կենտրոն ու նստում։ 

Տաթևիկ Թադևոսյան, 27 տ., մասնագիտությամբ իրավագետ եմ, բայց ինձ չեմ իդենտիֆիկացնում էդ մասնագիտության հետ, աշխատում եմ որպես ֆոնդհայթայթող կամ ծրագրերի համակարգող։

Ես ավելի ակտիվ եմ եղել, նույնիսկ հիշում եմ՝ մի ստատուս էի գրել էն մասին, թե ոնց էի փորձում տեսնել՝ թեյնիկը տա՞ք ա, թե՞ սառը։ Եռացել էր, բայց ես վստահ չէի, փորձում էի…Մատս դրեցի, որ ջերմաստիճանը ստուգեմ ու մոռացա հետ տանել, վառվեց։ Էպիկ քեյս էր էլի՝ ինչ աստիճանի կենտրոնացում չունեմ։ Դրանից հետո ավելի զգույշ էի ապրում։ Ընդհանրապես գործ չէի անում, որովհետև հասկացա, որ ինձ խաբում եմ գործ անելով․ նստում եմ, մի օր նայում եմ տեքստին, մի տող եմ ավելացնում, դաժան էր…

Ամեն դեպքում, էն միտքը, որ դու ինչ-որ հիվանդություն ունես, որը էդքան էլ ծանր չես տանում, սկզբում օքեյ ա, բայց դրանից հետո, որ դիմում ես բժիշկներին, որ իրանք քեզ ինչ-որ լուծում առաջարկեն, ու հասկանում ես, որ լուծում չունեն, հետո գուգլ սերչ ես անում, WHO-ի էջում ես նայում, էլի լուծում չկա, ու դու պետք ա ստիպված լսես քո օրգանիզմին, հասկանաս՝ ոնց ես քեզ զգում, ուշադիր հետևես՝ որ օրվա ինչ ուտելուց հետո ոնց ես զգում, կամ որ ժամին․․․ մի խոսքով, էդ հիվանդության չուսումնասիրված լինելու արդյունքում ես ստիպված եղա ավելի ուշադիր ինքս ինձ հետևել ու ճանաչել իմ մարմինը, ու էդ շատ հավես պահ էր։
Լիլիթ Թադևոսյան, 25 տ., մասնագիտությամբ ճարտարապետ, աշխատում եմ որպես ճարտարապետ։

Իմ դեպքում ավելի շատ հակառակն էր․ ես էս կարանտինի ու COVID-ով հիվանդանալու շրջանում սկսեցի ավելի շատ ճանաչել իմ ներքին էմոցիաները․․․ Սկսեցի ավելի հստակ հասկանալ, թե ինչ եմ ես ուզում անել էս կյանքում, երբ հիվանդ չլինեմ։ Մինչև էս միշտ ու անընդհատ վազքի մեջ եմ եղել, գործ, հետո պարտադրված փարթիներ, չգիտեմ էլ ինչ, բան ու․․․ Պարտադրված չէ, լավ, դե որ լինում ա, պետք ա գնաս, չէ՞։ Լինելով ինտրովերտ, այո, անընդհատ հաղթահարման մեջ ես ինչ-որ մի բանի։ Բայց երբ գալիս ա մի շրջան կյանքում, երբ դու ոչ մի բան ուղղակի չես կարող ֆիզիկապես անել, սկսում ես մտածել, ինքդ քեզ հետ շփվել ու հասկանալ…Դրանից հետո ամեն ինչ ավելի ուրիշ ձև ես ընկալում։ Հիշում եմ՝ մինչև COVID-ը մեր հարևանը մի քանի ամիս արդեն «ռեմոնտ» էր անում հենց մեր կողմի պատի վրա։ Ու ես ամեն անգամ, հենց ինքը սկսում էր գործ անել, վազելով փախչում էի մյուս կողմ։ Իսկ էս շրջանում՝ էն որ ասում ես՝ հաա, լաավ․․․

Էլի նույն թուլությունն էր, մի քիչ ջերմություն, հոգնածություն, կենտրոնացման կորուստ, դեբիլացում մի քիչ։ Որ հիմա հիշում եմ էդ երկու շաբաթը, ես ուղղակի զարթնում էի, ճիշտ ժամին հաց էի ուտում, որ դեղը խմեմ, հետո հաջորդ ճիշտ ժամին էի հաց ուտում, որ էդ դեղը խմեմ․․․ հա, դեղերի արանքը տենց հստակ կոնկրետ ժամեր պետք ա լիներ։ Ես նույնիսկ չեմ հասցրել ձանձրանալ, որովհետև մի տեսակ ոնց որ կյանքը դանդաղած լիներ։ Նույնիսկ ոչ գիրք եմ կարդացել, ոչ նորմալ․․․ նույնիսկ կինո չեմ չայել էդ ընթացքում։ Իմ մոտ իրականում վախեր եղավ էն բանից, որ ես էն քիչ մարդկանցից էի, որ ուներ սիմպտոմներից քովիդի՝ հոդացավեր, մոտս մի որոշ ժամանակ ահագին ուժեղ հոդացավեր կային, ու մարմնի տարբեր մասերում տարբեր ժամերի ցավեր էին լինում։ Ու մի քանի օր լավ ուժեղ էր, բժիշկներին զանգել, դիմելով, ոչ մեկ ոչ մի հստակ բան չէր ասում։ Հատկապես անտիբիոտիկների շրջանում էլ ավելի ուժեղացավ էդ ամեն ինչը, ու հիմա անտիբիոտիկների պաբոչնի էֆեկտները որ կարդում էի, մեջը գրած էր, որ կարա առաջանա հոդացավեր, որոնք երբեք չբուժվեն։ Գիտակցում էի, որ պաբոչնի էֆեկտները միշտ տենց վախենալու բաներ ա գրած լինում, բայց մեկ ա էլի, որ չէր անցնում, ահագին վախեցել էի։
Խերանյան Նունե, 52 տարեկան, ռուսաց լեզվի ուսուցչուհի

Հիվանդանոցում պառկած ժամանակ կարոտում էի իմ մահճակալը, որովհետև սարսափելի անհարմար էր հիվանդանոցի անկողինը։ Այսինքն, ես ուժեղ մեջքի ցավեր ունեի։ Ողնաշարի խնդիր ունեմ, ու դրա հետ միասին անսովոր ցավ էր։ Երևի ողնաշարի խնդիրն իր հերթին ու թոքերի բորբոքումը․․․ Ահավոր ցավում էր, ու ես չէի կարողանում պառկել։ 

Չեմ կարող ասել՝ հիվանդանոցում ո՞րն էր ամենակարևոր իրն ինձ համար, գուցե ջուրը, որովհետը մեզ անընդհատ հորդորում էին՝ հեղուկ խմել։ Ուրիշ ոչ մի բան չէի կարողանում խմել։ Առաջին տաս օրը ջուրը դառն էր։ Որ հայտնվեցինք հիվանդանոցում ես ու մայրս, միակ մտահոգությունս իմ տան կենդանիներն էին։ Ունենք երկու շուն, որոնք մնացին ամուսնուս հույսին։ Շատ տխրել էին իմ շունիկները, երկու աղջիկ են․ մեկի անունը Արչի ա, մյուսինը՝ Խվոսծիկ։ Ցեղական չեն, դրսից եմ բերել երկուսին էլ, իրենց կյանքերը փրկել եմ, մեկը տասնչորս տարեկան ա, մյուսը՝ տասնմեկ։ Երբ մորս մոտ տեստը բացասական եղավ հիվանդանոցում, ավելի շատ ուրախացա, որ իմ շներն անտեր չեն մնա։ Էդ դարդ էր ինձ համար, իրականում դարդ էր՝ ո՞նց պետք ա իրենք տասնչորս օր ամուսնուս հետ մնան փակ տան մեջ։ Էդ խնդիր ա, ով կենդանի ունի, կհասկանա ինձ։

Ինձ շտապօգնության մեքենայով տարան, բոլորը պաշտպանիչ հանդերձանքով էին։ Այդ զգացողությունը, գիտեք․․․ Ես ամաչում էի, ճիշտն ասած, որովհետև երեկոյան էր, դե, գիտեք, կենտրոնական փողոցի վրա ենք ապրում։ Փողոցում աշխույժ էր, մերոնք բոլորը հավաքվել էին ներքևում, տղաս, եղբայրս, ամուսինս։ Մեքենան եկավ շտապօգնության, իրենք էդ հանդերձանքով, մենք իրերով իջանք ներքև։ Քանի որ դա մայիսի վերջն էր, դեռ էդ տագնապը շատ էր երևի, ու որ տանում էին, ոնց որ «в никуда»՝ անորոշություն, այ էդպիսի զգացողություն էր…

Անորոշությունից էի վախենում, այ էդ էր, այ էդ զգացմունքը ինձ մոտ կար։ Ես ասեցի, մանավանդ հինգերորդ, վեցերորդ օրը, որ տաքությունս չէր իջնում, այ էդ զգացողությունը ես հիշում եմ, որ մոտս խուճապ էր, որ անգամ․․․ միայն եղբորս ցույց տվեցի։ Առավոտյան զանգեց՝ ո՞նց ես, ի՞նչ ես, ու լացս եկավ, մի անգամ ա եղել, լացել եմ։ Այս սենց իմ մոտ ոնց որ քար ընկավ, փաստորեն «պերելոմ» գնաց էլի, իմ հիվանդության մեջ ինչ-որ կտրուկ գնաց դեպի․․․ փաստորեն, բժիշկներն էլ հանգստացան, որ արդեն իմ մոտ գնում ա դեպի լավը։ Դե լուռ էի, լուռ էի, բայց հոգուս խորքում սենց ծանրություն կար։ Ծանրություն կար, անընդհատ սենց մտածում էի՝ բա ո՞ր․․․ բա որ անկապ տեղը գնամ մեռնեմ, իրոք այ տենց զգացողություն կար, մտածում էի՝ զա շտո՞
Մարինե Գասպարյան, 38 տարեկան, լրագրող

Մեկ սենյականոց տարածք էր, որտեղ կար մահճակալ, հեռուստացույց, տաքացուցիչ ու մի հատ փոքրիկ պահարան, որտեղ կարելի էր իմ ունեցած իրերը տեղադրել. այդքանից էր բաղկացած այդ սենյակը։ Ուներ երկու դուռ, այդ դռների արանքից լույսեր էին ճառագում։ Ներսում ես անջատել էի լույսերը, բայց դրսի լույսերը, արհեստական լուսավորությունը թափանցում էին ներս эхо-ի պես։ Դե, լույսերին չի համապատասխանում «эхо» բառը, բայց эхо-ի պես ճառագայթում էր, ու այդ լույսերի մեջ ես լսում էի խոսակցությունները կողքի սենյակներից։ Այնքան բարակ պատեր ունեին այդ մոդուլները, որ ես և՛ աջ կողմից, և՛ ձախ կողմից լսում էի խոսակցությունները։ Այդ խոսակցություններն էլ эхо-ի պես արձագանքում էին իմ ուղեղում։ Մեկը պատմում էր իր թոքաբորբի մասին, մյուսը՝ որ փակ տարածությունից վախենում է, որ ֆոբիա ունի ու բժիշկներին խնդրում է, որ իրեն տանեն… Ես լսում էի առջևից և հետևից քայլող բժիշկների ոտնաձայները, ոչ միայն ոտնաձայները, այլ նաև տեսնում էի քայլելու ընթացքում լույսի խաղը, ոնց էր կտրվում լույսը, անընդհատ կտրվում էր, անընդհատ թփթփոցները։ Այդ ամենն ինձ համար ոնց որ ֆիլմային լիներ, շոկային սպասում էր։ Ես քնում էի հինգ րոպե, հետո արթնանում էի, հետո քնում էի հինգ րոպե, հետո արթնանում էի, էլի էի քնում… Լսում էի խոսակցություններ, լսում էի ոտնաձայներ, լսում էի բժիշկների հրահանգները տարբեր վարակվածներին, ու այդ գիշերվա մեջ ես մոտավորապես հաշվեցի, թե քանի հոգու ուր տարան։ Բժիշկները գալիս, ասում էին՝ ձեզ մոտ դրական է, պետք է տանենք, այդ էմոցիոնալ իրավիճակը մարդկանց․․․ Մինչև իմ թեստի պատասխանը կգար, ես արդեն շնչեցի, ապրեցի, արդեն զգացի, թե մարդիկ ոնց են զգում դրական պատասխանից հետո, չնայած՝ հարյուր տոկոսով վստահ էի, որ ինձ մոտ դրական է գալու։

Ինձ համար ամենակարևոր ու անհրաժեշտ իրը մազակալս էր, և ինչու դա դարձավ շատ անհրաժեշտ ու խիստ պայման, որովհետև 43 օր տնից հեռու մնացի, բայց 37 օր ես մնացի հիվանդանոցում, իսկ էդ ընթացքում բնականաբար աղջիկը, որը մազերի հարդարման, խնամքի տածման տարբեր եղանակներ է կիրառում․․․ Եվ վերցրեցի բլուզներիցս մեկը ու նայեցի բլուզին ու մտածեցի, որ հաստատ ես չեմ ափսոսի, կյանքում կորուստ չեմ ունենա, եթե էդ բլուզը ես ձևափոխեմ ու ոչ թե որպես բլուզ կրեմ, այլ իրա վզային հատվածը դարձնեմ մազակալ։ Եվ դարձրեցի մազակալ, վզի հատվածը քանդեցի, հարմարացրեցի, դարձրեցի մազակալ, այսինքն մազերիս երկարացրած էդ հատվածը, որ խիստ տարբերվում էր ու ոչ խնամված տեսք էր տալիս ինձ, ես ծածկեցի էդ մազակալով։ Եվ դա հայտնի մազակալ էր, բոլորը սիրում էին էդ մազակալս։
Արսեն Հարությունյան, 23 տարեկան, Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանող, «Նորք» իֆեկցիոն հիվանդանոցի կամավոր բուժակ
Երկրորդ անգամ վարակվելս հուլիսի քսանչորսին էր։ Մոտս երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ էր, քովիդ-բնորոշ։ Երևի մի 15-20 տոկոսի կարգի էր թոքաբորբը։ Անտանելի չէր, բայց թոքաբորբը տարածման հակում ունի։ Եվ տարածումը պիտի կանխես, արդեն տարածված մասում փորձես տանել դեպի ներծծում։

Մի դեպք հիմա կհիշեմ, որ հոգեկան խնդիրներով մարդ ունեինք, մի պալատում այլ պացիենտի հետ էր գտնվում զուտ այն պատճառով, որ այլ բաժանմունքում տեղ չկար։ Էդ մարդու պահվածքը և՛ մեր հանդեպ, և՛ իր պալատի մյուս մարդու հանդեպ, որը էլի ֆիզիկական խնդիրներով էր, խնամքի կարիք ուներ… Էն հիվանդն էր, որ առաջին պահից չէի հասկանում՝ ո՞նց հետը շփվեմ։ Սկզբունք որդեգրեցի հետն աշխատելուց, եթե հարգելով, հասկանալով, փոխհամաձայնությամբ չես կարողանում աշխատել, պետք ա արդեն գործեր վախը։ Ինքը էն պացիենտն ա եղել, որի հետ վախեցնելով եմ աշխատել, այլ տարբերակ չկար…

Մահացավ… Մահվանից առաջ հիվանդանոցի աշխատողներից շատերին էր վիրավորել։ Չեմ կարող, որպես էդպիսին, հոգեկան հիվանդությունը բնորոշել, բայց հաստատ խնդիրներ ուներ մեծ… Մահվանից առաջ, էդ պահին, աղջիկներից մեկն իրեն օգնություն ցույց տալիս ա լինում, ասում ա՝ Աստված ջան, կներես, ես սրանց սաղին վիրավորել եմ, ես իրանց խփել եմ… Էդ լինում ա մահից երևի վայրկյաններ առաջ… Կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ իր մահը զգում է…

Չէ, առհասարակ մենակությունից միշտ փորձել եմ խուսափել։ Այ, պատուհանի վիդը եթե չլիներ, կարող ա շատ բան ավելի վատ անցներ։ Ու էդ պատուհանից բացվող տեսարանը, որ երևում էր ամբողջ քաղաքը, երևում էր մեծ, բաց տեսարան, որ մեր քաղաքում հաստատ շատ քիչ տեղերից կարաս տեսնես։ Այ էդ Նորքի մայրամուտն ամեն ինչ արժեր։ Եթե տեսնեինք էնտեղ ինձ, ես ոչ թե իմ անկողնու վրա էի պառկում, այլ պատուհանները ոնց որ առաստաղից մինչև հատակ գնում էր, միշտ հատակում բաց, լուսամուտի կողքը բարձս դնում էի, ու պառկում էի գետնին՝ լուսամուտի կողքին։ Զուտ էդ տեսարանի համար ու դրսի կյանքը տեսնելու համար։

Հրապարակումը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատվամիջոցների հզորացում Եվրոպայում և Եվրասիայում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ինտերնյուսի ֆինանսական աջակցությամբ։