ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ

Հասարակությունը խոչընդոտ է, որը պետք է հաղթահարես, եթե երիտասարդ ես։ Ավագ սերունդը ավելի կարևորում է ավանդույթները, քան մարդու ցանկությունը։ Առօրյան, որը հաճախ անհամատեղելի է մեր ավանդույթների հետ, նրանց համար անընդունելի է, քանի որ փոփոխական է, ու նրանք դրա մեջ վտանգ են տեսնում։ Իսկ ես եւ ինձ շրջապատող երիտասարդները տեսնում ենք սեփական ուղին ընտրելու, սեփական ցանկությունը իրականացնելու հնարավորություն։ Ավանդույթը բացարձակ ճմշարտության մոդել է «կյանք տեսած» մարդու համար, կարծես կյանքը ինչ-որ մեխանիկական գործողության ձեռնարկ է, որին կուրորեն պետք է հետևենք։ Եվ ուրիշ բացատրություն չկա. «որովհետև տենց ճիշտ է»՝ ասում են։

 

 

 

 

ՎԱԽԵՐ

Իրենք այդպես են ապրել, ու այդպես լավ է եղել՝ ըստ իրենց, հետևաբար, մենք էլ այդպես պետք է շարունակենք, որ լավ լինի։ Եթե նույն ձևով չես ապրում, դա արդեն հարցականի տակ է դնում իրենց կյանքի փորձը, ու ավագ սերունդը սկսում է կասկածել՝ միգուցե ապրելու այլ ձևե՞ր կան, ու իրենք ինչ-որ բան բա՞ց են թողել։ Ոչ ոք չի ուզում իր ապրելու ձևը կասկածի տակ դնել։ Սակայն մի բան է լինել ավանդապաշտ ու կրել այդ մշակութային արժեքները, և լրիվ այլ բան է պարտադրել դա այլ մարդկանց՝ երիտասարդներին։ Բռնության ձև է։

 

 

 

 

ԿՆՈՋ ԽՆԴԻՐ

Ցանկացած բան, որ ճնշում ու խեղաթյուրում է անհատականության բնականոն ձևավորումը, ինձ համար անընդունելի է։ Ու հատուկ ճնշում կա, եթե կին ես։ Ես դա զգում եմ, քանի որ 19 տարեկան եմ, երիտասարդ կին եմ, դեռ ապրում եմ ընտանիքիս հետ ու սովորում եմ։ Այսինքն, համ ինչ-որ առումով չափահաս ու ինքնուրույն ես, համ էլ ավելի մեծ վերահսկողության տակ ես, որ հանկարծ «ուղուց չշեղվես»։ Օրինակ՝ իմ և տատիկիս հարաբերությունները հաճախ կառուցվում են այդ «սխալ կամ ճիշտ» քայլերն անելու պատկերացումների շուրջ։ Կա մեծ պատասխանատվության զգացում, քանի որ ակնկալիքն այն է, որ կինը չի կարող ինքնուրույն ճանապարհ կերտել ու ինքն իր ճակատագիրը որոշել։ Նրան անպայման պետք է ինչ-որ բանից պաշտպանել, հեռու պահել, մաքուր պահել և այլն, և այլն։ Ասես մանկամիտ մի էակ լինես, որն անընդունակ է ինքնուրույն որոշումներ կայացնել կամ նույնիսկ դրա իրավունքն ունենալ։ Իսկ երբ, այնուամենայնիվ, փորձում ես, դա միշտ բախման է բերում։

 

 

 

ՍԵՐ

Նշանդրեքի ժամանակ, երբ տատիկս պապիկիս տեսել է, փախել է։ Դուրը չի եկել։ Հետագայում համարում էր, որ շատ երջանիկ է եղել, ու դա ինքնին դարձել է փիլիսոփայություն՝ամուսնանալուց հետո կսիրես՝ ասում է։ Սոցիալական այդ պայմանագիրը վեր է դասվում ցանկացած զգացմունքից, որովհետև ծառայում է հասարակության պահանջներին ու բարոյականության պատկերացումներին։ Ու նույնիսկ եթե ամուսնությունը բռնի է, ներվում է, որովհետև կարևոր է դառնում ինչ-որ կաղապարի վերարտադրումը, այլ ոչ թե անհատների ցանկությունները։ Բայց բռնությունը չի կարող բարոյական լինել ոչ մի դեպքում։

 

 

 

ՀԱՂՈՐԴԱԿՑՈւՄ

Առաջ փորձում էի խոսել։ Բայց հիմա հաճախ լռում եմ, խուսափում եմ պահանջներս, կարծիքներս, մտքերս, առավել ևս՝ ցանկություններս բարձրաձայնելուց, քանի որ գիտեմ, որ մեծահասակների մոտ դա տարակուսանք կամ վրդովմունք է առաջացնելու։ Լռության պատնեշը դառնում է հաղորդակցման հիմնական ձևաչափը, ու չգիտեմ՝ արդյոք արվեստը ունա՞կ է դա փոխել, թե՞ ոչ։

 

 

 

ՊԱՏՆԵՇ

Երիտասարդները Հայաստանում երկու քարի արանքում են։ Մի կողմից, կա մտքերն ու ցանկությունները իրագործելու հնարավորությունների սահմանափակում (ֆինանսական կամ սոցիալական պատճառներից ելնելով), մյուս կողմից էլ, ուղղակի ճնշվում, զսպվում է անհատական կայացման գործընթացը։ Արդյունքում, բոլորս էլ շատ դանդաղ ենք առաջ գնում։