Արփի

Դրսում սովորելը երկար տարիներ երազանք էր ինձ համար։ Երազանքս իրականություն դարձավ, և ոչ թե մեկ, այլ երկու անգամ։ Բայց հիմա, արդեն մեկ տարի Երևանում լինելով, մտածում եմ՝ որքան լավ կլիներ, եթե ինչ-որ մեկը ինձ ասեր, թե ոնց ա կյանքը փոխվում, երբ «տուն» ես գտնում ավելի քան մեկ տարածքում։ Երբ աշխարհի մի այլ կետում մտերիմ ընկերների խումբ, հիշողություններ ու տան զգացողություն ունես թողած, գլխումդ անընդհատ մի հարց ա պտտվում՝ արդյո՞ք պետք ա էստեղ լինեի հիմա, բաց չե՞մ թողնում մի ուրիշ կյանք, որ զուգահեռ իրականությունում կարող էր գոյություն ունենալ, եթե չվերադառնայի։

Թբիլիսին ինձ ազատություն տվեց, Տոսկանան՝ ինքնաճանաչողություն, բայց Հայաստան վերադառնալուց հետո չեմ կարողանում ազատվել էն մտքից, որ հետ եմ եկել նույն կետին, որտեղից սկսել էի, ու էստեղ մնալով առաջ շարժվելու ճանապարհը չգիտեմ։

Երբ Վրաստանից հետ եկա, մոտ 10 օր ճամպրուկներս գետնին էին, չէի կարողանում բացել, իրերս հանել, տեղավորել։ Երբ Իտալիայից հետ եկա, ամիսներով չէի կարողանում աշխատել, միայն ուզում էի քնել։ Հիմա, ես եմ՝ իմ հին խնդիրների առաջ կանգնած ու մի քանի տարի Հայաստանից դուրս ապրած կյանքն ու հիշողությունները, որոնք թվում ա, թե երբեք էլ չեն եղել։

Երևան վերադառնալուց մի քանի ամիս անց հասկացա, որ ինձ պես շատ մարդիկ կան շուրջս՝ մշտապես մոլորված տարբեր աշխարհների մեջ, ինչ-որ մի տեղ մեջտեղում, մշտական ֆոնային կարոտով ու հարցով՝ իսկ ի՞նչ, եթե հետ չգայի։

Հասմիկ

Երբ նոր էի հետ եկել, ամեն անգամ, երբ սոցիալական ցանցերում Անգլիայից ինչ-որ տեսանյութ էի տեսնում, սկսում էի լացել: Ինչ-որ պահի ես ինքս ինձ ստիպեցի ոչինչ չնայել, ու եթե Լոնդոնից ինչ-որ ֆոտո կամ վիդեո էր աչքովս ընկնում, արագ սքրոլ էի անում, որ չտեսնեմ:

Մոտս տպավորություն էր, թե էնտեղի իմ կյանքը կիսատ եմ թողել․․․

Ես ընդամենը մի օրում որոշեցի հետ գալ Հայաստան, իսկ դրանից ընդամենը մի շաբաթ առաջ տխրում էի, հենց պատկերացնում էի, որ ինչ-որ պահի, երբ ուսումս ավարտվի, պետք ա թողնեմ Լոնդոնը։ Ես չգիտեի, որ քովիդի պատճառով կորոշեմ հետ գալ։ Լոնդոնին նորմալ հաջող չեմ արել, որովհետև պատրաստվում էի հետ գնալ:

Լոնդոնում քեզ երբեք օտար չես զգա: Մարդիկ կարող են լինել էն, ինչ ուզում են: Բայց էստեղ, եթե ես ուզում եմ լինել նենց, ոնց կամ, ինքնարտահայտվել նենց, ոնց ուզում եմ՝ ոճս, մտքերս, միշտ ինչ-որ մարդիկ կլինեն, որ տարօրինակ կնայեն:

Անի

Թիֆլիս տեղափոխվելը ամենաճիշտ բանն էր, որ կարար լիներ իմ հետ կյանքիս հենց էդ փուլում, որովհետև ինձ պետք էր էդ ժամանակ ինքս ինձ հասկանալ, ինքս իմ հետ մենակ մնալ, բոլորից հեռու լինել, ինձ պետք էր հասկանալ ինչ ա կոմունալ վճարելը, վերջիվերջո, կենցաղային ամենապրիմիտիվ հարցերը լուծելը, որոնցից ես միշտ կիլոմետրերով հեռու եմ եղել։

Ի՞նչն եմ կարոտում․․․ Կոստա Խետագուրովա 6-րդ շենքը, 34 բնակարանը, տունս, սենյակս, մեր «բալկոնչիկ» ամեն առավոտ եկող աղունիկին, հյուրասենյակից բացվող տեսարանը՝ Թիֆլիսի ծուռտիկ տներով, մեր տան տիրոջը՝ Ստասիկին, մեր տան վառած մակարոններն ու գրեչկան․․․

Մտածում եմ՝ իմ կյանքը էդքան սիրուն էր էնտեղ, որովհետև իմ ընկերներն էին էնտեղ։ Հիմա շատ քիչ մարդիկ են մնացել, ու վախենում եմ, որ եթե գնամ ու նույնը չլինի, ես շատ ավելի ծանր կտանեմ։

Հետ գալուց առաջ մի ամսից ավել տրամադրվում էի․․․ամենադաժան պահը բանալիների հանձնումն էր։ Պիտի «բրիլոկից» հանեի բանալին. տանտերը դիմացս կանգնած էր, ես լացում էի, ձեռքերս էլ դողում էին։

Մարիամ

Երբ հետ եկա, մարդիկ հարցնում էին` «ինչի՞ հետ եկար», հետո սկսեցին հարցնել` «ինչի՞ չմնացիր էնտեղ» կամ «ինչի՞ չես հետ գնում քո Նորվեգիան», ու երբեմն շատ կոպիտ կերպով էին սա ասում:

Շատ արագ նկատեցի, որ էնտեղ ավելի քիչ էի տագնապում: Ինձ ինչ-որ փոքր բաներ սկսեցին դուր գալ էնտեղի կյանքում, որոնք Երևանում կամ Թբիլիսիում ինձ դուր չէին գալիս։ Ինձ դուր էր գալիս պատուհանից բացվող տեսարանը, իմ սենյակը, եղանակը, մարդիկ, սուպերմարկետների աշխատակիցները, որոնք կոպիտ չէին, ոնց էստեղ. ավտոբուսներն էին դուրս գալիս, նորվեգերենը, որն ինձ շատ հանգստացնում էր:

Բոլոր էն զգացմունքները, հույզերը, հիշողություններն ու պատմությունները, որոնք մարդիկ սովորաբար ունենում են իրենց քաղաքում, ես էդ ամենը ունեցել եմ Նորվեգիայում:

Գալուցս հետո մի տարի բույսի պես էի ապրում։ Տանից դուրս չէի գալիս համարյա։ Փորձում էի հասկանալ՝ ոնց լինել: Ես ինձ շատ վատ էի զգում, բայց տանը պետք ա ցույց տայի, որ լավ եմ:

Ես ինձ մեղավոր ու պատասխանատու եմ զգում Հայաստանի հանդեպ։ Ինձ թվում ա ուզում եմ «փրկել» Հայաստանը․ շատ վատ ա հնչում՝ հաշվի առնելով քաղաքական ենթատեքստը, բայց տենց ա։ Էս տարածքը կարևոր ա ինձ համար, ու շատ դժվար ա, երբ ինչ-որ տեղ քեզ համար կարևոր ա, բայց դու քեզ էնտեղ լավ չես զգում, մերժված ես զգում:

Հայաստանում ամեն ինչ «ավարտի» մասին ա. եթե ինչ-որ բան չի ավարտվել, ապա էդ նախադասության մեջ կա «դեռ» բառը։ Դա ա իմ զգացածն էստեղ: