ԲՆԱԿԱՐԱՆ_№35_COV_19_2020

Համավարակի առաջին ալիքի օրագրից

Անքնություն
Հաճախակի տագնապներ
Կիսատություն
Անհիմն վախեր
Ինքնամեկուսացում
Չարություն
Ինքնամերժում
Փխրունություն
Տանը փակված այս ամիսների ընթացքում սկսեցի կարճ ու երկար, կարեւոր եւ ոչ այնքան, նշումներ անել նոթատետրիս, մտքիս ու հուշերիս մեջ։ Այս գրառումները ոչնչով չէին օգնում, բայց դրանց միջոցով ինչ-որ չափով դուրս էի հանում այն, ինչ մնում էր լուսանկարածիս, զգացածիս ու շնչած-չշնչածիս տակ, դիմակների ու խեղդվող մաշկիս արանքում՝ քարացած օդի մեջ, փորձում էի ազատվել անտեսանելիից, որն արտացոլվում էր երեխաներիս աչքերում, շիկացած ուղեղիս ծալքերում, դրսի փոշին բնակարանի ներսում հավաքած իրերի վրա։
«Ո՞ւր է վերջին կետն այս անտեսանելի պատերազմի ու պարզ առավոտը օդ շնչելու… 2020-ի գարունն անցկացրինք տանը: Բնակարանի պատերը եւ առաստաղը պետք է որ ապահովության զգացողություն հաղորդեն մեզ, բայց արի ու տես, որ ներքին փխրունությունը գլուխ էր բարձրացրել ու հազար անգամ ավել խոցելի դարձրել մեզ»:
ՄԱՐՏ, 2020

Երեւանյան մեր բնակարանը մեկն է այն շատերից, որտեղ ճշգրիտ պահպանում են կանոնները:

Տանից դուրս ենք գալիս միայն սնունդ գնելու համար:

Օդ շնչում ենք պատուհանից: Մեքենաներով բեռնված փողոցների խաչմերուկում գտնվող բնակարանում պարզ է` ինչ օդ կլինի, ու այդ ժամանակ է, որ հազար երնեկ ես տալիս գյուղում ապրողին:
ՄԱՐՏ, 2020

Սոցիալական կամ ֆիզիկական հեռավորություն ենք պահպանում: Այնքան ենք պահպանել, որ թվում է՝ միշտ է այդպես եղել, դե, իհարկե, այդպես է ճիշտ, հայերս սիրում ենք «անիմաստ» գրկախառնվել:

Ախտահանում ենք ձեռքերը, այնքան, որ ախտահանիչի հոտը փոխարինել է մեր անձնականին ու մի տեսակ հարազատ է դարձել:

Դիմակ ենք կրում: Ա՛յ, դա կանոններից թերեւս ամենասարսափելին է, որի համար միայն պատրաստ եմ դուրս չգալ տանից, եթե համաճարակից առաջ երազ տեսնեի՝ փողոցում մարդիկ դիմակներով, վեր կթռչեի սարսափած:
COVID-19-ը դարձավ նոր իրականություն՝ իր նոր կանոններով: Տան անդամներից ամեն մեկն իր ձեւով հասկացավ, վերապրեց, ըմբոստացավ, անվանակոչեց այն, եւ չնայած մեզանից ոչ ոք այդպես էլ չհիվանդացավ, ունեցած ապրումներն արդեն հերիք են, որ այն միշտ մեզ հիշեցնի 2020 մղձավանջ տարվա մասին, երբ կամաց-կամաց մոռացանք ուրախ, երջանիկ, անհոգ հոգսաշատ օր ապրելու մասին:
Ինչեւէ… լուսանկարները եւ նոթերը վերանայելիս՝ ամեն անգամ վերադառնում եմ կարծես հին, բայց դեռ շարունակվող մղձավանջ, որը տարածվում է գիտակցությանս վրա ու հիշեցնում, որ ինքը դեռ անցյալ չէ…

Հրապարակումը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատվամիջոցների հզորացում Եվրոպայում և Եվրասիայում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ինտերնյուսի ֆինանսական աջակցությամբ։


Ֆոտոնախագիծը/լուսանկարների շարքը ստեղծվել է Հարավային Կովկասի կին լուսանկարիչների համար՝ “Մուլտիմեդիա լաբ փրոդաքշն” դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, 2020 թվականի մայիս֊հոկտեմբեր ամիսների ընթացքում։ Նախագծի ղեկավարներ` Գրեգուար Էլոյ/Տանդանս Ֆլու։ Ծրագիրը ֆինանսավորվել է Զարգացման և համագործակցության շվեյցարական գործակալության կողմից։