Գյուղապետարանի շենքի բակում գունավոր լույսեր են կախված։ Երեկոյան լույսերը վառվում են, շենքի ներսից, բաց պատուհանի միջով, երաժշտությունը հորդում է դուրս, որտեղ տարբեր նստարաններին խումբ-խումբ նստած են Չինարի գյուղի երեխաներն ու գյուղում իրենց ամառային արձակուրդներն անցկացնողները։ Մի մասը գնդակ է խաղում, մի մասն ուղղակի հետեւում է անցուդարձին։ Երեկոյան ճամբարը երեխաների սիրելի վայրերից մեկն է. այն կտրում է բոլորին իրենց առօրյայից ու բերում գյուղապետարանի բակ։
Բոլորն ասում են՝ ամռան ամիսներին ավելի շատ «դաչնիկ» կա գյուղում, քան գյուղացի։
Հայ-ադրբեջանական սահմանից 1,5 կմ հեռավորության վրա գտնվող Չինարին աշխուժացել է ամռան ամիսներին։
Բակերից շատերում երեխաների աղմուկ է ու աշխուժություն, ոմանք մի քանի ամսով են այստեղ, ոմանք՝ մի քանի օրով։ Եկել են Աբովյանից, Չարենցավանից, Ռուսաստանի Դաշնության մի շարք քաղաքներից, Եվրոպայից։ Երեխաների մի մասն ավելի հեշտ խոսում է բարբառով։
Թե’ մեծերը, թե’ փոքրերը երջանիկ են այստեղ. ամռանը, ով որտեղ էլ լինի, գալիս է Չինարի, ընտանիքները մեծանում են, անցուդարձը՝ շատանում, իսկ ձմռան ամիսներին տներից շատերի դռները փակվում են, տարեցներն էլ մնում են մենակ։ Թվում է՝ վտանգ չկա։ Սակայն հերիք է հիշել, որ ամեն քայլափոխդ կարող են հետեւել դիմացի սարի ադրբեջանական հենակետից, եւ անվտանգության զգացողությունը վերանում է։
67-ամյա մանկավարժ Զարուհի Սաֆոյանն ասում է, որ կրակոցների ժամանակ ամեն ինչ մոռացվում է, երեխաներն էլ ականջները սրած սպասում են` մտածելով, թե ոնց պիտի պաշտպանվեն։
Չինարիի տները հիմնականում ապաստարաններ ունեն։ Տան նկուղային հարկում համեստ կահավորված սենյակն է ցույց տալիս ուսուցչուհի Ծովինար Մարտիրոսյանը։ Սենյակը փոքրիկ պատուհան ունի։ Երբ վտանգը մեծ է, պատսպարվում են մեկ այլ սենյակում, որն արդեն պատուհան չունի, այն իրականում նախատեսված է գինի պատրաստելու համար։
65-ամյա մանկավարժ Գյոզալ Հովակիմյանն ապրում է ամուսնու հետ։ Նրա տունը եւս լցվել է որդիների, հարսների ու երեխաների աշխույժ իրարանցումով։
«Որ երեխաները գալիս են, տասը տարով ջահելանում եմ, գնալուց հետո վերադառնում ենք մեր նախկին կյանքին։ Էդ երկու ամիսը երկու օրվա նման անցնում է, շատ արագ»,- ասում է Գյոզալը։
Գյուղում անասնապահությամբ զբաղվողները շատ չեն, քանի որ արոտավայրերը մոտ են սահմանին։ Գյուղացի կանայք, սակայն, առավոտ կանուխ, անտեսելով վտանգը, շտապում են մոտակա անտառից մոշ ու անտառային այլ բարիքներ հավաքելու։
Հրապարակումը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատվամիջոցների հզորացում Եվրոպայում և Եվրասիայում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ինտերնյուսի ֆինանսական աջակցությամբ։