«Շուշին ընկավ»․ հայի համար անպատկերացնելի ու անհավատալի արտահայտություն․․․ Վահագնը եւ իր ընտանիքը եւս չէին հավատում, որ նման բան տեղի կունենա․ կարծում էին՝ այս պատերազմը նախորդի նման չորս օրից ավելի չի տեւի․․․ Նոյեմբերի 9-ին հայտարարվեց, որ Շուշի քաղաքն այլեւս մեր վերահսկողության տակ չէ։ Պատերազմն ավարտվեց․․․
Վահագն Եսայանի՝ 6 հոգուց բաղկացած ընտանիքը շուրջ 2 տարի է՝ բնակվում է Գյումրիում: Բնակարանները հերթով փոխվում են՝ մեկ վարձի թանկացման, մեկ վաճառքի, մեկ այլ պատճառով․․․ Փորձում են հարմարվել նոր քաղաքին, փոփոխվող բնակարաններին, կեցության ձեւին, 6 ափսեների անկանոնությանն ու տարբերությանը, ժամանակավոր աշխատանքին ու հոգսերին։ Բարդ է, որովհետեւ միջավայրն ու առօրյան, որին սովոր էին, այլեւս չկա։
Ընտանեկան լուսանկար՝ Վահագնի և Լուսինեի մայրերի հետ:
Լուսինեն ճաշի սեղանն էր գցում:
Կեսօրի թեյի սեղան՝ մրգերով և քաղցրեղենով:
Լուսինեն պատմում է, որ Արցախում մարդիկ կարող են
օրվա ընթացքում երեքից չորս անգամ թեյ խմել:

«Դժվարություններ շատ ունենք հիմա․ փորձում ենք հաղթահարել․․․ Բայց անորոշությունը հաղթահարելը հեշտ չէ։ Հուսով ենք՝ Աստծո նախախնամությամբ ամեն ինչ կկարգավորվի»․ ձեռագիր նամակում գրում է Վահագնը։

Տիկին Լիրան ընտանիքի ավագն է՝ Լուսինեի մայրը, որ ողջ կյանք պատերազմից պատերազմ անցնելու ընթացքում Շուշին լքելու միտք երբեւէ չի ունեցել․ «Առաջին պատերազմի ժամանակ եղբայրներս գնացին․ փոքրը կորցրեց ձեռքը, քրոջս տղան զոհվեց․․․ Բայց հաղթանակը մխիթարություն էր, որոշ չափով սփոփում էր վերքերը։ Ապրիլյանի ժամանակ Շուշիից դուրս չեկանք․ աղոթում էինք՝ շուտ վերջանա։ 44-օրյա պատերազմն ամենասարսափելին էր․․․ Չկարողացանք փրկել մեր հայրենիքը»։

Վահագնը և որդին՝ Նվերը, պարզապես զվարճանում են: Նվերը փորձում է ակրոբատիկ շարժումներ անել:
Ավագ դստեր՝ Մարիամի դիմանկարը: Նա պատմում էր Արցախ կատարած իրենց վերջին այցի մասին:
Ընտանիքի երեխաներն ամենից շուտ են հարմարվել նոր քաղաքին․ դպրոցահասակները՝ Մարիամն ու Նվերը, ընկերներ են ձեռք բերել, Գյումրին սիրել են, նոր ուսուցիչներին էլ․․․ Ընտանիքի կրտսերը՝ չորսամյա Հայկը, հատուկ խնամքի կարիք ունի․ պատերազմից առաջ խոսել դեռ չէր կարողանում, պատերազմից հետո՝ սթրեսն ավելացավ։
Արցախ վերադառնալու հարցին պատասխան չունեն․ Տիկին Լիրան եւս լռում է․․․ Շուշիի՝ իրենց փոքր բնակարանում միշտ են երազել մեծ, լուսավոր տուն կառուցելու մասին։ Երազանքը նույնն է մնացել, բայց նյութական դարձնելը՝ ավելի բարդ, քիչ հավատալի։ Հայաստանից գնալու տեղ չունեն․ պիտի այստեղ փորձեն հաղթահարել անորոշությունն ու նոր միջավայրի տարբերությունները։ Եթե մի օր մեծ, լուսավոր տուն կառուցելու միտքը հնարավոր դառնա, վայրը հստակ է՝ Շուշին․․․
Պատշգամբում խաղացող Նվերի դիմանկարը:
Մարիամի տիկնկիկը՝ Շուշիից բերված իրերից մեկը:
Ընտանիքը՝ զբոսայգու ճանապարհին: