Սկզբում չհասկացա՝ էդ ինչ ձայն էր, որովհետեւ բանակում չեմ ծառայել ու անգամ ինքնաձիգի ձայն լսած չկայի։  Հիշում եմ, որ համակարգչի պայուսակը դրել եմ գլխիս ու սկսել եմ փնտրել ապաստարանը (մեզ ասել էին՝ շենքի երկու կողմում կա ապաստարան)։ Էդ ընթացքում ընկնում է երկրորդը․․․ Երկրորդ հրթիռն է ընկնում։ Երրորդ հրթիռն ընկնում է այն ժամանակ, երբ ուզում եմ բացել ապաստարան տանող դուռը․․․ Ըստ երևույթին հենց այդ պահին է ալիքը շպրտում ինձ․ ես դա չեմ զգացել, բայց փաստորեն վիրավորում այդ ժամանակ եմ ստացել․․․


Ասում եմ՝ լավ, չկա ապաստարան, ուրեմն չկա․․․ Արագ մտնում եմ կողքի սենյակի աշխատանքային սեղանի տակ։ Օպերատորիս ահաբեկված ձայնն եմ լսում (երևի մի երեք անգամ ձայն է տվել)։ Ասում է՝ «կենդանի՞ ես», ասում եմ՝ «հա՛»։ Ասում է՝ «դե՛ արի, միկրոֆոնը միացրու, կամերան էլ ես եմ միացնում, ու սկսում ենք նկարել»․․․ Միանգամից անցնում ենք վավերագրությանը, լսում ենք չորրորդ հրթիռի ընկնելը, որն արդեն բավականին հեռու էր։ Չորս հրթիռով բարեբախտաբար այդ պահին սահմանափակվեց․․․ Հրթիռներից մեկի ընկնելու պահը ֆիքսում ենք, ահաբեկված ձայներն էլ․․․

․․․ Երբ իջա ապաստարան (դե էնտեղ ավելի հով է, չէ՞․․․ սառն է․ նկուղ է ի վերջո), ինչ-որ  ջերմություն զգացի, ձեռքս տարա մեջքիս, հանեցի ու տեսա արյունը։ Ասում եմ՝ լավ, երևի էդ աշխատանքային սեղանի համակարգիչն է ընկել, քերծվածք եմ ստացել։ Խորը շունչ եմ քաշում, ձեռքս ավելի վերեւ տանում ու զգում բացվածքը․․․ Վիրավորում էի ստացել։


Մեր մեքենայի հետևի ապակին փշրվել էր, բայց խոդի ընկավ։ Վիրավորներից մեկին դրեցինք մեքենայում․ ես՝ առջևում նստած, ինքը ու երկու ուղեկցողները՝ հետեւում, որ հասնենք մոտակա բժշկական կենտրոն, որտեղ համ ինձ, համ էդ տղային օգնություն ցույց կտային․․․ (էդտեղ լրագրողի մասնագիտությունը գնում է երկրորդ պլան, առաջ է գալիս օգնություն ցույց տալը)։


… Կանտուզիա կար, ձախ ականջիս նյարդը տուժել էր այնքան, որ լսողությունս հասել էր 10 տոկոսի, ու, եթե առաջիկա օրերին ինտենսիվ բուժում չսկսվեր, էդպես էլ կմնար․․․ Բարեբախտաբար հնարավոր եղավ վերականգնել լսողությանս 80-90 տոկոսը։ Ամիսներ անց ներքին օրգանների հետ կապված ինչ-որ խնդիր առաջացավ․ մոտ մեկ ամիս առաջ նորից վիրահատություն տարա ․․․

Մի կին էր մեզ ուղեկցում ապաստարաններով, ում 2 որդին էլ ճակատում էին։ Ուսուցչուհի էր։ Մի միտք ասաց, որ դաջվեց ուղեղիս մեջ։ Ասում է․ «Եթե մեր տղաների զանգը չենք ստանում, հագնում ենք նրանց տաք շորերը (արդեն ցուրտ էր, հոկտեմբեր ամիսն էր), “нюхаем и ждем” (հոտոտում ենք ու սպասում)։ Էդ ռեպորտաժը կա․․․ Փառք աստծո, էդ կնոջ որդիները վերադարձան․․․

Ամենասարսափելին հոգեկան ապրումներն են, որ ոչ մի պահ չեն թողնում․․․ Վախը, սթրեսը․․․ Ցանկացած փոքր թխկոցից վեր եմ թռչում։ Տարօրինակը գիտե՞ք՝ որն ա․ ես առաջին երեք շաբաթը․․․ (երևի մի ամիս նույնիսկ) ․․․ ոչ մի բանից չեմ վախեցել, չեմ էլ մտածել՝ ինչի միջով եմ անցնում։ Հետո սրվեց․․․ Երևի նրանից էր, որ մարտի դաշտում կորցրի շատ հարազատ ընկերոջս, հետո՝ երկրորդ ընկերոջս, հետո՝ երրորդ ընկերոջս ․․․ Հետո՝ քեռուս տղային ․․․ (մեկ ամսվա ծառայող էր ընդամենը)․․․ Սա ամենածանրն էր։


Ֆիզիկական առումով պատերազմը առողջությանս մի հատված վերցրեց։ Հիմա ուզում եմ հիշել՝ մտավոր ինչ վերցրեց․․․ Տվե՛ց, ոչ թե վերցրեց․․․ Շատ բան տվեց․ հասկացա, որ էնտեղ կարող էր կյանքիս վերջին վայրկյանը լինել, և, եթե առաջ դեռ մտածելու տեղ կար անելու-չանելու մասին, հիմա մտածում եմ՝ եթե ձախ կողմի փոխարեն աջ կողմին լիներ հարվածը, եթե չլինեի, հետո՞․․․ Շատ բաներ չէի արել դեռ, արդյոք չէի՞ փոշմանելու ․․․


Տվեց ․․․ Տվեց էն, որ շատ այլ պրիզմայով եմ նայում կյանքին՝ ավելի համարձակ պրիզմայով։

․․․ Բայց պատերազմը առողջությանս մի հատված վերցրեց։ Վերցրեց ընկերներիս․․․ Քեռուս տղային․․․ Մաքուր թուղթ՝ ոչ մի բիծ չկար իր կյանքում․․․ Նույնիսկ աղջկա ձեռք չէր բռնել։ Իր մահը ծանր տարա։


Չեմ էլ մտածում՝ ոնց պիտի հաղթահարեմ․ էս միջավայրում դա անհնար է։ Մթնոլորտը, որ ատելությամբ է ներծծված, էլ ինչպե՞ս հաղթահարես, ինչպե՞ս հանդարտ ապրես։ Ենթադրենք, հոգեբանն ինձ հետ աշխատեց, ես մտնում եմ տրանսպորտ, ու մեկը իմ բեյջից հասկանում է՝ լրագրող եմ, ասում է․  «այ, ամբողջը դուք եք մեղավոր»․․․ Ու չգիտի՝ ով եմ։


․․․ Օրգանիզմը հիշողություն ունի ․․․ Վիրավորումը ժամը 13։30 ա եղել։ Ամեն օր էդ ժամերին ուժեղ գլխացավ էր սկսվում, խշշոց ու սրտխառնոց։ Անցնում էր էդ ժամը, դա էլ էր անցնում, մնում էր մենակ խշշոցը ․․․ Վատ էի էլի էդ ժամերին, ոնց որ անընդհատ ուզեի հետ տալ ինչ-որ բան․․․ Զգացողություններ, պատկերներ էին գալիս-գնում, բայց դա էլ մի ամսից անցավ։ Հիմա ամիսը մեկ-երկու անգամ ա լինում, էլի նույն ժամին։


․․․ Հոգեբանորեն շատ եմ ընկճված․ երազներ եմ տեսնում՝ իբրև պատերազմի դաշտում ենք, բայց էլի ողջ եմ մնում ․․․ Հետաքրքիր ա։