Քաղաքի տրավման

Առաջին օրը Բելգրադը հանելուկային էր, տարբեր տրամադրություններ էր փոխանցում: Քաղաքային խցանումների ու աղմուկների արանքում երևում էին մի քիչ անհասկանալի, մի քիչ մոխրագույն շենքերը: Քաղաքի կենտրոնում թարգմանչի հետ մեր շրջայցը կանգ առավ Ազգային հեռուստատեսության շենքի պատմական ավերակների մոտ: Ցնցող էր շենքի բզկտված դեմքը ու նրա լռության մեջ պտտվող հարյուրավոր աղավնիների ստվերները:
Երկար միջանցքներից հետո բացվեց երկաթյա դուռը, որը տանում էր դեպի հեռուստատեսության ռմբակոծված հատվածը, որտեղ մի ժամանակ եռուզեռ էր, և մարդիկ ապահովում էին ամենօրյա հեռուստատեսային եթերները:
Չնայած շենքի դիմային հատվածը լիովին բաց էր քաղաքի առջև, ներսում օդը ծանր էր: Տարիների ընթացքում շենքն աղավնիների բնակավայր էր դարձել, նրանց հետքերն ամենուրեք էին` պատերին, գետնին: Փետուրների, ծերտի ու սատկած աղավնիների շերտը կարծես փակում, քողարկում էր կատարվածը: Բայց շենքը շշուկով պատմում էր «եղածը»՝ կարծես վերարտադրելով ձայներ, տեսարաններ, ծուխ, հրդեհ…
Ռմբակոծության գիշերվա մասին իր հիշողությունները մեզ հետ կիսեց Դռագան Տոշիչը,48, ով աշխատել և մինչ այժմ էլ աշխատում է Ազգային հեռուստատեսությունում: Ներկայումս` որպես սպորտային ծրագրերի խմբագիր:
Օդի ու ժամանակի ծանրությունը նստում էր ուսերիդ: Այնպիսի զգացողություն էր, որ այն, ինչ լուսանկարում ենք, գոյություն չունի: Այն ոչ անցյալում է և ոչ էլ, մանավանդ, ներկայում: Շենքը անժամանակ տարածք էր, որի ներկայությունն ու բացակայությունը միասին հիշեցնում էին տրավմայի մասին:

«Շենքը ռմբակոծելուց չորս օր առաջ իրավիճակն այսպիսին էր։ Ես գիշերային հերթի էր։ Այն ժամանակվա լուրերի ծրագրի ղեկավարը զեկույց էր ստացել, որ մեզ ռմբակոծելու են այդ երեկո, այնպես որ մենք լքեցինք շենքը։ Որոշ ժամանակ անց վերադարձանք, բայց չգնացինք մեր աշխատանքային տեղերը։ Հաջորդ օրը՝ ռմբակոծումից երեք օր առաջ, RTS-ի ղեկավարը կարգադրեց շենքում հրահանգ փակցնել, որ մենք գործից անմիջապես կազատվենք, եթե լքենք շենքը»։
«Ես դեմոկրատ եմ եղել ամբողջ կյանքում։ Լեգալիստ եմ։ Ես ինձ չէի կարողանում բացատրել, թե ինչպես կարող է հեռուստատեսությունը լեգիտիմ թիրախ լինել։ CNN-ի եւ այլ մեդիա ընկերությունների գործընկերներից ոմանք ասացին մեզ, որ իրենց այդ օրը նկարահանումների չեն ուղարկել։ Դա նշան էր։ Շուրջս գտնվողների հետ խոսելով, իսկ այդ օրը գրասենյակում մոտ տասը հոգի էինք, ոչ ոք չէր հավատում, որ դա կարող է լինել»։
«Դա եղավ ապրիլի 23-ին. Ես գիշերային հերթի էի, որ տեւեց մինչեւ առավոտվա ժամը 7-ը։ Լուրեր էինք թողարկում ժամը մեկ։ Ես ռեժիսորի օգնական էի եւ աշխատում էի ծրագրի վրա։ Ամեն ինչ նորմալ էր։ Ոչինչ չկար, որ հուշեր, որ այն, ինչ լինելու է մի վայրկյանից, իսկապես լինելու է»։
«Երբ մարդկանց պատմում եմ կատարվածը, չեմ կարողանում ամբողջովին պատկերել, թե ինչի էր նման։ Կարծես մի մեծ էքսկավատոր աշխատեր քեզնից 1 սմ հեռավորության վրա։ Ձայն չկար։ Ահավոր լռություն էր այդ պահին։ Կարծես ինչ-որ ուժ է քեզ հրում, ու դու անկարող ես պաշտպանվել։ Հանկարծ՝ լրիվ մթություն է տիրում։ Ինձնից երկու մետր այնկողմ մի լույս տեսա, որը չէր մարել։ Բայց հաջորդող հինգ րոպեներին այդպես էլ չկարողացա հասնել լույսին, քանի որ ահավոր փոշի կար, ու կոկորդս քերծվում էր փոշուց ու ռմբակոծության ծխից։ Առաջին զգացածս բանը շոկն էր։ Չգիտեի՝ կենդանի եմ, թե մեռած»։
«Միայն մի հարց է մնում. ինչո՞ւ ես կենդանի մնացի, մինչդեռ մյուսները՝ ոչ։ Միայն դա»։»
«Հիշում եմ այն տեսարանը, երբ շրջվեցի գործընկերոջս կողմը։ Շենքի պատը մի ամբողջ մետր հաստություն ունի։ Ու պատի մեջ անցք էր բացվել։ Գործընկերս կանգնած է դրա մոտ։ Հետեւում ոչինչ չկա։ Հետեւում պետք է լինի շենքի մնացած մասը, բայց շենքը քանդվել է։ Այլեւս գոյություն չունի։ Ու միակ բանը, որ կարելի է տեսնել Սբ. Մարկոս եկեղեցին է։ Վախեցնող տեսարան է. գործընկերս բռնել է շենքից ցցված մի մետաղյա ամրանից, իսկ հետեւում Սբ. Մարկոս եկեղեցին է»։
«Երեք րոպեից ուշքս տեղը եկավ։ Իներցիայով թեքվեցի դեպի այնտեղ, որտեղից եկել էր այդ ամբողջը։ Փոշին մի փոքր նստել էր։ Տեսա մի ավելի տարիքով գործընկերոջ իմ հետեւում, որ ավելի մոտ էր ռմբակոծության տեղին։ Պայթյունից յոթ մետր էի հեռու, իսկ նա երկու մետր ավելի մոտ էր դրան։ Ռումբի ալիքը նրան գետին էր տապալել։ Նա վեր կացավ ու սկսեց գայթել։ Հենց նայեցի, գոռացի, որ կանգնի, նա կանգ առավ, ու մենք տեսանք, որ կանգնած էր քանդված շենքի բառացիորեն եզրին։ Կարող էր ցած ընկած լինել»։
«Հետո ես արեցի ուզածս՝ փրկեցի ներսում եղած գործընկերներիս։ Առաջին բանը, որ եկավ վրաս, ջղայնությունն էր։ Դա միակ զգացողությունն է, որ հիշում եմ։ Հաջորդը եկավ 20 րոպե հետո։ Տխրությունն էր»։
«Մի ամիս հետո հետ գործի գնացի, ասես բան չէր եղել։ Շատ եմ սիրում գործս։ Դինամիկ է։ Միշտ սպորտով եմ զբաղվել ու հետո գործ ունեցա սպորտի բաժնում։ Շատ մարզիկների եմ հանդիպել՝ տեղական ու արտասահմանյան։ Այդ ամենը ձայնագրելու ու հաղորդակցվելու միջոցով։ Հրաշալի մի աշխարհ է։ Մի հաղորդման ժամանակ 50 մարդ է աշխատում։ Ես շրջապատված եմ մարդկանցով ու շատ եմ սիրում աշխատել նրանց հետ։ Որովհետեւ դա իմ սերն է։ Ինչ էլ լինի, չես կարող խուսափել սիրուց»։
«Առաջին տարում ես չէի կարողանում քնել մինչեւ առավոտվա 5-ը։ Նույնիսկ հիմա կեղտոտ ձեռքերս կարող են անհանգստություն պատճառել ինձ։ Գնացել եմ հոգեբանի, հոգեբույժի։ Այդպիսի բանի միջով անցնելու համար շատ սովորական հետեւանք է դա։ Տրանկվիլիզատորներ նշանակեցին։ Երբեք չխմեցի։ Կյանքում ամեն ինչի հետ պետք է յոլա գնալ։ Եվ այսպիսի բաների, եւ գեղեցիկ բաների։ Դա է կյանքը։ Դա է բնությունը։ Պետք է կյանքդ ապրես հնարավորինս գեղեցիկ։ Սրանից եւ մի քանի այլ ողբերգություններից հետո, որ եղել են հետս, ես դեռ մտածում եմ, որ կյանքը գեղեցիկ է, եւ ուզում եմ ապրել այն՝ որպես այդպիսին»։