«Ադաթ ա էլի, հի՜ն պապական ադաթ ա, միշտ էլ էղել ա։ Մատաղ հա էլ անում ենք, առիթ միշտ էլ կա՝ ծնունդ ա, կնունք ա, հարսանիք ա, բանակի քեֆ ա, հիվանդություն ա, փորձանք ա, բան ա:

Մարդ կա՝ սրբին խնդրանք ունի, մատաղ ա անում: Հիմնականում, աքլոր, գառ, ցուլիկ են մորթում, էդ արդեն, մարդ ա իրա հնարավորությանն ա նայում:
Մատաղի գին հասկացողություն չկա, ինչ տան, տան, մատաղի վրա բազառ չեն անում: 20 կիլոյանոց գառի համար կարող ա հանեն հիսուն ա, վաթսուն ա, յոթանասուն հազար տան, եթե մարդու սրտովն անցելա:

Արոտավայր Կապուտանում:
Կապուտանցի հովիվ Ապրեսը:

Կենդանուն բերում են, մարդ կա՝ երեք, մարդ կա՝ յոթ կռուգ պտտում են սրբի շուրջը, ով ոնց գիտի: Աղն էլ, վախտ կա օրհնած են բերում, վախտ էլ կա՝ սրբի բոլորը պտտում են, օրհնվում ա, էլի․․.Ըլնումա, աղը դնում են ներսը՝ հիսուսի նկարի տակ, հետո արդեն տանում լցնում են կենդանու բերանը: Էդ աղը կենդանին պտի ուտի, որ մատաղն ընդունելի լինի, տենց ա: Կենդանու ականջը որ կտրում են, էդ արունով խաչ են անում ճակատներին: Մեծ ա, փոքր ա, սաղ էլ մասնակցում են:
Մորթի վախտ երեխա կա՝ կայնում, նայում ա, մեծ էլ կա՝ սիրտը չի տանում: Հենա վաթսուներկու տարեկան ա, հլը սկի հավ մորթած չկա»:

«Հա, չեմ կարա մորթեմ, ձեռներս դողում ա: Մի օր քաղաք շուկայի մոտն էինք, էրկու տղա մատաղի աքլոր բերին, ասին՝ ախպե՛ր, գյուղի տղա ես, էս երկու աքլորը մորթի, էթանք: Ասի՝ ես չեմ կարա մորթեմ, ախպե՛ր ջան, իմ պես տղա ես, արի ես քեզ փողը տամ դու մորթի, ասեց՝ ես էլ չեմ կարա. բա լավ, ի՞նչ անենք: Ըտեղ կինս հետս էր, ասեց՝ հլը դանակ բերեք վերևից… Իմ արև, երկուսն էլ մորթեց, ասեց՝ վերցրեք, գնացեք»:

Մորթից առաջ ցուլիկին եկեղեցու շուրջ երեք պտույտ են տալիս, Կապուտան գյուղ:

«Իմ տղեն հեն ա, հավ մորթելը զոքանչիցս ա սովորել: Իմ հերը հաշվապահ մարդ, սաղ կյանք գրիչը ձեռն էր:

Մեր տան մորթն էլ մինչև ամուսնանալը ախպերս էր անում, գյուղում ինչքան մատաղի առիթ կար, իրան էին կանչում, ես ձեռ չէի տալիս, խիղճս տանջում էր: Որ առանձնացավ, մեկ, էրկու արդեն ես էլ սկսեցի անել: Առաջին անգամ, որ անասուն մորթեցի, փչացրի միսը, հետո արդեն սորվա: Էտ էլ ա արհեստ, էտ էլ ա բաշարելու բան, գիտես, ամեն մարդ կարա՞ անի:

Ձախից աջ`
Ցուլիկի դիմադրությունը մորթից առաջ:
Մատաղ՝ բանակից անփորձանք վերադարձի համար:
«Ընդունելի լինի», տղամարդիկ խմում են:
Փոքրիկ Անահիտը մատաղի արարողության վայրում:
Գյուղի տղամարդիկ հավաքվել են ցուլիկի մորթի, Կապուտան գյուղ:
Շեֆը եկեղեցու դռների մեջ:
Մորթից հետո:

2008 թվին, տղես որ բանակից էկավ, 250 կիլոյանոց ցուլիկ մորթեցինք: Դպրոցի դահլիճում ազատ տեղ չկար, սաղ գյուղն եկավ: Առաջ հետաքրքիր էր, դհոլի, զուռնի ձենից սաղ գյուղը հավաքվում էր, ալուր էին մաղում, հաց էին թխում… Ալյուր մաղողին, հաց թխողին նվեր էին տալիս, երեխեքին կանֆետ էին բաժանում, 7 օր, 7 գիշեր քեֆ էր: Վախտ ա եղել՝ երեք հարյուր հոգի սեղան ա նստել: Առաջ կանչովի չէր, տենց բան չկար, ով ուզում, գալիս էր: Հիմա կանչովի ա դառել, օբեկտում են անում, աթոռը՝ 5000, 6-ին եկար, 12-ին ասում են՝ հելե՛ք, գացեք տներով:

Ճիշտ ա, էն վախտ ամեն ինչ մեր ձեռով էինք անում-դնում, լավ էր, բայց տանջանքն էլ էր շատ, էդքան դիր, վեկալ, աման-չաման լվա. մեր, հարս, աղջիկ շատ էին տանջվում: Մի յանից դժվար էր, բայց մի յանից էլ հետաքրքիր էր շատ: Հիմա հեշտացել ա սաղ, գնում պատրաստի վայելում ես: Ադաթ ա, բայց դե փոխվումա էլի: Բա ինչ, եթե ձև կա հեշտ, ընչի՞ տանջվես, ջայնամ ըլնի, նույն բանն ա, ա՛յ ախպեր:

Էս էրկաթին քամագս սառավ, էթանք ընդեղ նստենք: Ո՞ւր ա, էսօր քո բախտից գոնե մի հատ աքլոր բերեն, մատաղ անեն, նկարես»: