COVID -19 / Հայաստան

Ընդամենը մի քանի ամիս առաջ շատ քիչ բան գիտեինք նոր կորոնավիրուսային վարակի` այժմ արդեն աշխարհը ցնցած COVID 19-ի մասին։ Միջազգային նորություններում վիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակին ծանոթանալով՝ շատերս այն մեզնից հեռու էինք համարում։ Հիմա արդեն կարող ենք փաստել, որ անգամ մասնագետները չէին պատկերացնում այս նենգ հիվանդության բնույթն ու հետևանքները, թե ինչպես ենք բոլորս ապրելու վախի և զգոնության արանքում, ինչպես ենք վերակազմակերպելու մեր կյանքն ու առօրյան, վերագնահատելու մարդկանց ու այն, ինչ շրջապատում է մեզ։ Փոխելու ենք մեր սովորությունները, վարքը. ո՞վ կմտածեր….
Մարտի 1-ին Հայաստանում արձանագրվեց կորոնավիրուսային հիվանդության առաջին դեպքը, իսկ մինչև մարտի 14-ը վարակակիրների թիվը հասավ 18-ի։ Վիրուսի տարածումը կանխելու համար մարտի 16-ին հայտարարվեց արտակարգ դրություն, որը մի քանի անգամ երկարաձգվելով՝ գործում է մինչ օրս։ Շուրջ 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանում արդեն իսկ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության գրեթե 38 հազար դեպք, որից ավելի քան 700-ը՝ մահվան ելքով։
4Պլյուսի այս նախագիծըը մեր նոր իրականության տարբեր անկյուններից է, համավարակի հետ ապրող և դրա դեմ պայքարող մարդկանց մասին։ Բուժաշխատողներ, մշակույթի գործիչներ, արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկվածներ, վարակված ու բուժված մարդիկ․․․ համավարակի ավարտին սպասում են բոլորը։