2020-ի սկզբին հայտնված համամարդկային սարսափը` COVID-19-ը, պարալիզացրեց նաև մշակութային կյանքը: Տուժեցին արվեստի բոլոր և հատկապես այն ճյուղերը, որոնց գործունեությունը կազմակերպվում է խմբային աշխատանքով ու որոնք ներկայանում և հաշվետու են դահլիճում նստած հանդիսատեսին:

Չնայած իրավիճակի ստեղծած անհարմարություններին շատ կոլեկտիվներ կարճ ժամանակ անց դիմեցին այլընտրանքային միջոցների. ժամանակավորապես հրաժարվեցին երկարատև տարիների ընթացքում մշակված աշխատելաձևից, որպեսզի պահպանեն երկարատև ջանքերի շնորհիվ ձեռք բերած մասնագիտական որակները:

Որոշ մշակութային խմբեր անցան նկարահանման տարբերակին, ակտուալ դարձան մոնո ներկայացումները` հանդիսատեսի սահմանափակ քանակով: Ներկայացումները սկսեցին հարմարվել եղանակային պայմաններին և օրվա առավել հարմար ժամերին:

Մասիս քաղաքի երաժշտական դպրոցի դահլիճը հաճախ է հյուրընկալում Երևանից և հանրապետության տարբեր մարզերից համերգներով և ներկայացումներով այցելած խմբերի: Ամիսներ շարունակ դահլիճի լույսերը գրեթե չեն վառվել նման առիթով:
«Էլմար» շրջիկ թատերախումբը ներկայացումներով այցելում է Հայաստանի մարզեր` հաղորդակից դարձնելով բնակիչներին թատերական կյանքին: Նախորդ տարի 5-35 տարեկան դերասանների խումբը զրկվեց նման հնարավորությունից, սակայն նրանք փորձում էին հակահամաճարակային կանոնների պահպանման պայմաններում կազմակերպել փորձերը: Դերասաններին շատ դժվար է դիմակով ակտիվորեն շարժվել ու խոսել՝ միաժամանակ:
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնը հմտորեն օգտագործեց շենքի բակում գտնվող տարածքը` տեխնիկական նպատակներով տեղակայված սարքերը դարձնելով ներկայացման ատրիբուտ, ներառելով նաև ողջ շենքը, ներկայացումը հագեցնելով լուսային հրաշալի լուծումներով:
Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը, եղանակի տաքանալուն պես, իր փոքրիկ ունկնդիրներին հրավիրեց թատրոնի շենքին կից ընդարձակ ու հյուրընկալ պատշգամբ` վայելելու փոքրիկների համար երկար սպասված ներկայացումները:
Երգչախմբերը թերևս ամենախոցելի խմբերից էին այդ շրջանում, քանի որ գործ ունենք ձայնի, ակտիվ շնչառության հետ, իսկ սահմանափակումները լուրջ խոչընդոտ էին այդ բոլորն ապահովելու համար: «Հովեր» պետական կամերային երգչախումբը վերսկսեց փորձերը, երբ եղանակային պայմանները թույլ տվեցին դրանք կազմակերպելու բացօթյա միջավայրում, փոքր կազմերով` պահպանելով առնվազն 1.5 մ հեռավորությունը: Լինելով երաժիշտ և «Հովեր» երգչախմբի անդամ՝ ինքս կարող եմ փաստել, որ դժվար է հարմարվելը թելադրվող նոր պայմաններին, քանի որ երգչախմբային արվեստում կարևոր է միմյանց մոտ գտնվելը, կողքինիդ շնչառությունը, ձայնի ուժգնությունն ու բարձրությունը զգալը. դրանցով է կառուցվում անսամբլային ներդաշնակ հնչողությունը: Ապահովել բարձր մասնագիտական որակ` հաղթահարելով 1.5 մ հեռավորության ստեղծած խոչընդոտները, կրկնակի ներդրում և ջանք է պահանջում թե՛ լսողության, թե՛ ձայնի տեսակետից:
Կատարված աշխատանքի հաշվետվությունը մեզ համար դարձավ աուդիո և վիդեո ձայնագրությունը` նույնպես երգիչների սահմանափակ կազմով, որոնք հոլովակների տեսքով հրապարակվեցին առցանց հարթակներում: Այս ֆորմատը միակ լուծումն էր այդ ժամանակների համար, սակայն ցանկացած արտիստի համար կարևոր գործոն է հանդիսատեսի ներկայությունն ու մատուցված աշխատանքի արձագանքը դահլիճից:
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը թերևս ամենամեծն է Հայաստանում իր կոլեկտիվների և դրանց ներսում գործող արտիստների թվով. բալետ, նվագախումբ, երգչախումբ, մենակատարներ: Քովիդի առաջին դեպքի բացահայտումն ավելի քան մեկ ամիս փակ պահեց թատրոնի դռներն արտիստներից շատերի համար: Թատրոն գալիս էին հիմնականում օպերայի և բալետի մենակատարները, որոնց հետ իրականացվում էին վիդեո ձայնագրությունները, որոնք հետագայում հրապարակվում էին թատրոնի ֆեյսբուքյան էջում: Նախատեսված ծրագրերի և ֆինանսական առումով թատրոնը լուրջ կորուստներ է կրում. յուրաքանչյուր բեմադրություն ենթադրում է հսկայական, ծավալուն աշխատանք մեծ խմբերով, ինչն իրականացնելն ու հանդիսատեսին ներկայացնելը դարձել է անորոշ ժամանակով անհասանելի երազանք: Սակայն արտիստները մխիթարվում են նրանով, որ սա լավ հնարավորություն է իրենց համար` կատարելու համաշխարհային երաժշտական երկացանկից հատվածներ այնպիսի օպերաներից և բալետներից, որոնք ներառված չեն ազգային թատրոնի երկացանկում, քանի որ յուրաքանչյուր բեմադրություն բավականաչափ ժամանակատար է և լուրջ ներդրումներ է պահանջում:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ելքը գտավ լարային քառյակով և մենակատարներով առցանց համերգներ կազմակերպելով` հանդիսատեսին չզրկելով գոնե տնից դասական երաժշտություն վայելելու հաճույքից: Միայն ամիսներ անց հնարավոր դարձավ կազմակերպել միացյալ փորձ` կրկին սահամանափակ, բայց համեմատաբար ընդլայնված կազմով` պահպանելով հակահամաճարակային անվտանգության պահանջները:
Արամ Խաչատրյան համերգասրահը, որն ունկնդրի պակաս երբևէ չի ունեցել, երկար ժամանակ է, ինչ սահամանափակել է այցելուների ներկայությունը: Կորոնավիրուսային դադարը շենքի պատասխանատուներն օգտագործեցին բարձր առաստաղից իջեցված հսկա ջահերը մաքրելու համար:

Հրապարակումը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատվամիջոցների հզորացում Եվրոպայում և Եվրասիայում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ինտերնյուսի ֆինանսական աջակցությամբ։