Ռուս-ուկրաինական պատերազմն սկսվելուց հետո՝ 2022-ի մարտին, Վադիմը՝ կնոջ եւ 3 երեխաների հետ Սանկտ Պետերբուրգից տեղափոխվել է Երեւան եւ փորձել արագ նախաձեռնել մի բան, որը թույլ կտար գոյատեւել եւ խուսափել մտահոգություններից․․․ Արամի փողոցում տեղակայված հին շինություններից մեկը դարձել է Վադիմի մտահղացման իրականացման նոր, արդեն երեւանյան տարածքը։

Վադիմ, գործարար, Սանկտ Պետերբուրգ։
«Երբ տեսա տարածքը, մտածեցի՝ տեր Աստված, սա մարդկանց իրական շփման ու հանդիպման վայրը կարող է լինել։ Նախ ներքին հատվածը եւ բակը վարձակալեցինք․ չէինք ուզում հենց սկզբից մեծ գումար ներդնել ինտերիերի վերանորոգման համար, որոշել էինք հյուրերի հետ միասին զարգացնել ընթացքը, կահավորել ներսը, հետո արդեն բացումն անել։ Հայտարարեցինք այս մասին, ասացինք, որ աջակցել է պետք, եւ փոխօգնության շնորհիվ սկսեցինք վերանորոգումը։ Շարժիչ ուժը նախեւառաջ կուտակած փորձս էր եւ դե ստեղծագործելու ցանկությունը․․․ Սկսեցինք ցուցահանդեսներ, համերգներ, stand up-եր, talk-եր եւ այլ իրադարձություններ կազմակերպել՝ ծրագրելով այդ ամենը հենց հյուրերի հետ․․․ Հետագայում վարձակալեցինք նաեւ երկրորդ եւ երրորդ հարկերը։ Հիմա այդ տարածքներում աշխատում են մարդիկ, ովքեր ինչ-որ բան են ստեղծում՝ կերամիստներ, երաժիշտներ․․․ Այնպես որ, կարելի է բարձրանալ վերեւ, մասնակցել խեցեգործության դասընթացի կամ էլ դաջվածք անել»։
Վադիմի՝ «Տուֆ» անունով սրճարանը սովորական տեղից տարբեր է․ այն բազմաբեւեռ ու բազմաֆունկցիոնալ միջավայր է, ուր, ըստ Հայաստան ներգաղթածների, կարելի է զգալ ինչպես տանը։

«Տուֆ»-ը համերգներ է կազմակերպում սկսնակ խմբերի համար, առաջնություններ, հումորային եւ այլ թեմատիկ երեկոներ, նախաձեռնում հանդիպումներ,  որտեղ կիսվում են Հայաստանում ունեցած փորձառություններով եւ հաջողված բիզնեսի իրականացման օրինակներով։ Տարածքում գործում է ձայնագրման ստուդիա, աշխատանքը կազմակերպելու համար հարմարավետ գողտրիկ անկյուններ են առանձնացված, կա նաեւ կիթառի խանութ․․․ Կարճ ասած՝ եռուզեռ է։

«Տուֆ»-ը նաեւ ռուսական ենթամշակույթը այլ մշակութային տարածքում ներկայացնելու փորձի հարթակն է, որտեղ յուրաքանչյուրն ազատ է սեփական ստեղծագործական փնտրտուքի մասին կիսվել մյուսների հետ։

«Մեր սրճարանի անունը հայկական քարի անվանումն ստացավ պատահական կերպով․․․ Նստարաններ էինք պատրաստում տարածքի համար ու շինանյութի հետ որոշեցինք քար օգտագործել․․․ Հայտարարություններում հաճախ էինք հանդիպում հայկական քարի՝ տուֆի վաճառքի հղումներ։ Այդպիսի մի հայտարարությունում կարդացի հետեւյալը․ «Վաճառվում է հայկական քար՝ տուֆ․․․ Այ, այ, այ․․․ Տուֆ-տուֆ-տուֆ»։ Արտահայտությունն այնպես «նստեց» մեր գլխում, որ տարածքն անվանեցինք «Տուֆ», կարգախոսի համար էլ կիրառեցինք «Տուֆ-տուֆ-տուֆ»-ը․․․ Կարծում եմ՝ հայկական կոնտեքստում է, երաժշտական ռիթմ է հիշեցնում, նաեւ թեթեւ է, զվարճալի»։

Վադիմը կիսատ է թողել բարձրագույն կրթությունը, Սանկտ Պետերբուրգում զբաղվել է կիթառների վաճառքով, նվագել է սիրում, տարբեր գործերից գլուխ է հանում վարպետի պես։

«Ինձ դժվար էր ընդունել այն, ինչ տեղի ունեցավ փետրվարին․․․ Այս կոնֆլիկտը չի տեղավորվում գլխումս․ համընդհանուր ու անձնական ցավ է։ Հայաստանն ընտրեցինք տեխնիկական պատճառով․ արտերկիր մեկնելու անձնագիր չունեի․ միակ ուղղությունն այս էր։ Մտածում էի՝ կգանք, կանաչ կլինի, տաք, բայց խիստ ցուրտ ու մոխրագույն ձմեռ էր Երեւանում․․․ Այստեղ գալու առաջին իսկ պահից հասկանալի էր, որ գոյատեւման հարց պիտի լուծեինք, զբաղվեինք ինչ-որ բանով, որպեսզի մտահոգությունների մեջ չսուզվեինք․․․  Սա մղեց տարածք փնտրելուն, որը հիմա գործում է»։

«Տուֆ»-ը կարելի է դիտարկել որպես ռուս ժամանակակիցների մշակութային հաղորդակցության տարածք Հայաստանում՝ հաշվի առնելով, որ այն տեւական ժամանակ հետո իր հետ համադրական փոփոխությունների մշակույթ է բերելու։

«Հայաստանն ինձ գրավեց իր գույներով՝ սեպիայի երանգներով ու ջերմ ընդունելությամբ։ Շատ եմ գնահատում այստեղի մարդկային կապերը, փոխազդեցությունները, առաջադեմ երիտասարդությանը։ Երկարաժամկետ շփման արդյունքում ավելի խորը կհասկանամ հայերին, բայց, մեկ է, մարդկային հարաբերությունները բաց են․ մի բան, որ կորած է Մոսկվայում, այլ մեծ քաղաքներում․․․ Չունեմ զգացողությունը, թե ինձ ինչ-որ բան պակասում է․․․ Թեեւ Հայաստանում պատերազմը նոր է ավարտվել, եւ դեռ սրացումներ լինում են, բայց, անկախ ամեն ինչից, կարեւոր է, որ ագրեսոր երկրում չես․․․ Այն մարդկանց կողքին ես, ովքեր պաշտպանվում են․․․ Այդպես չես ասոցացնում քեզ այն տեղի հետ, որը պատերազմողի բացասական կերպով է հանդես գալիս։

Շատ ճամփորդելու պատճառով կոնկրետ աշխարհագրական տարածքի հետ կապվածություն չունեմ․ կապվածությունս մարդկանց հետ է առհասարակ։ Բարեբախտաբար, ընտանիքիս անդամներն ինձ հետ են»։

Աջից ձախ` Յուլիա, իլյուստրատոր, Սանկտ Պետերբուրգ: Գրիշա, աշխատում է ՏՈՒՖ-ում, երաժիշտ, Վոլոգդա: Կսենիա, երաժիշտ, բեկ վոկալիստ "Գոգոլեմ" խմբում, Սանկտ Պետերբուրգ: Վսեվոլոդ, կոմպոզիտոր, "Գոգոլեմ" խմբի մեներգիչ, Սանկտ Պետերբուրգ: Լիզա, ճարտարապետ – դիզայներ, Սանկտ Պետերբուրգ: Արսենի, երաժիշտ, Մոսկվա: Յուլիա, մենեջեր, աշխատում է ՏՈՒՖ-ում, Դոնի Ռոստով: Սվյատոսլավ, ծրագրավորող, Սանկտ Պետերբուրգ:
«Ռուսաստանն ինձ սովորեցրել է պլաններ չկազմել, լողալ հոսանքի ուղղությամբ, իսկ, եթե այն փոփոխվում է, երբեմն՝ հարմարվել։ Իմ սկզբունքն է՝ ապրել-ապրել-ապրել եւ չարիք չգործել․․․ «Տուֆ»-ն էլ է այդպիսի սկզբունքով՝ գործող կոնցեպտ՝ կոնցեպտի բացակայությամբ․ մեզ մոտ տեղի է ունենում այն ամենը, ինչը թույլ է տալիս մարդկանց փոխանակվել լավ փորձով, էներգիայով, հմտությամբ․․․

Իմ հայրենակիցներին, ովքեր այստեղ են, մաղթում եմ՝ «барев дзес» (добро вам)»։
Վադիմ, գործարար, Սանկտ Պետերբուրգ։