Կան կառույցներ, որ ժամանակի տևական միջամտության ու լքվածության պայմաններում անգամ պահպանվել են։ Ժամանակն այդպիսի տարածքներում թեկուզ արտաքին փոփոխություն չի բերել, բայց ժամանակաշրջանն իրեն հատուկ կերպով նշանավորել և փոխել է գործառույթները, քայքայել ներքին մակերեսները` թողնելով միայն հիշողության պատկերներ։

«Ստալինկաներին» հատուկ բարձր առաստաղներով ու կամարներով, կարմիր տուֆի սյունաշարերով եռահարկ շենքը Թումանյան քաղաքի նախկին դպրոցն է, որ 1984-ին վերածվեց տեքստիլի գործարանի։ Դժբախտաբար, բայց նաև հեշտությամբ երբեմնի կրթարանը փոխակերպվեց զանգվածային արտադրության միջավայրի, որտեղ իրականացվում էր արտադրության ամբողջական ցիկլը՝ թելերի ներկումից ու հյուսումից մինչև հագուստի մոդելավորում և պատրաստում։

ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1990-ականներին, գործարանը փակվեց։ Հաջորդող մի քանի տարիներին վաճառում էին կարված հագուստի մնացորդները, մինչև որ վերջնականապես դադարեց գործել։

2022-ին գործարանի շենքը կրկին վերաիմաստավորվեց․ «Թումանյան» հիմնադրամը՝ «Մեջլիս» ինստիտուտի հետ համատեղ, տեքստիլի նախկին կոմբինատի շենքի գործառնության համար մշակեց «Ապաստան» նախագիծը, որը ենթադրում էր արվեստի նստավայր ստեղծելու գաղափարի իրականացումը․․․

2022-ի մայիսից գործարանն ապաստան դարձավ Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան գաղթած արվեստագետների համար, և «Ապաստանը» կիրառվեց որպես «Աբաստան»։

Աբաստանի պատմության հետքերով բացահայտեցի Լոռու մարզի գողտրիկ քաղաքը՝ Թումանյանը և վերափոխված գործարանը։ Ի տարբերություն հետխորհրդային «լքված» գործարաններում հայտնվելուս հատուկ փորձառություններին՝ այս մեկն ամբողջությամբ տարբեր էր։

Երբեմնի գործարանի դեռ կանգուն շենքի ու անցյալի ստվերների մեջ ստեղծված համայնքի ներսում էի։ Որքա՜ն տարօրինակ է, որ նախկինի խստորեն գծագրված միջավայրում որոշ ժամանակ անց օդում ոչ թե սպասված խունացած, քայքայված, այլ նոր հոտ ես զգում․ կյանքի հոտը։ Փտած ու քայքայված մակերեսները զարմանալիորեն բարձր տրամադրություն էին փոխանցում․ պատերին նոր պատկերներ էին, ամենուր նկարիչների հետքեր։ Սենյակներից մեկում դասակարգված քայքայվող ժանյակների ու կտորների ծալքերը սկսել էին ենթարկվել ներկային․ միաժամանակ և՛ անցյալը, և՛ հիման այս ահռելի շենքի տարածքում համատեղ կյանքի մեջ են, երբեմնի աշխատասենյակները՝ արդեն ննջասենյակներ․․․

Նախկին արդյունաբերական քաղաքի կենտրոնում «ստեղծագործ» գործարանը օդում մի շարք հարցեր է պտտում:

Թումանյան քաղաքը կընդունի՞ գործարանի ստեղծարար միջավայրը․․․ Աբաստանը կկարողանա՞ շարժել «կանգնած» հաստոցների հավերժական ցիկլը, կդառնա՞ թումանյանցիների համար սովորելու, տեսնելու տեղը․․․

ԼԻԶԱ

անիմացիայի ռեժիսոր, ինքնուս քանդակագործ

Ֆաբրիկա առաջին անգամ եկել եմ ընկերուհուս հարսանիքի առիթով, մայիսին։ Շուրջս պատերազմ էր, մահ, ողջ օրը հեռախոսից դուրս չէի գալիս, իսկ այստեղ սիրո խտացված իրադարձություն էր։ Տարբեր երկրներից մարդիկ էին հավաքել հարսանիքին․․․ Եվ ես պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ հենց այստեղ պարեցի փաստորեն։

Օգոստոսին տեղափոխվեցի Աբաստան։

Տևական ժամանակ երազում էի գյուղում ապրել, սեփական արհեստանոց ունենալ ու աշխատել երեխաների հետ։ Եվ սա եղավ։ Սկսեցի տարբեր բաներ փորձարկել, որ դժվար թե քաղաքում անեի․․․ Չգիտեմ՝ ինչ-որ գեղեցիկ հեքիաթ է։ Իմ բախտն ուղղակի բերել է։

(Լիզան հիմա կավի հետ է աշխատում, Թումանյանի երեխաներին սովորեցնում է կավագործություն)։

«Ես չգիտեմ՝ ես եմ ընտրել այս տեղը, թե ինքը՝ ինձ, բայց ինչ-որ պահից զգացել եմ, որ արմատներ եմ գցում ու միաձուլվում այս կառույցին»։

Մորս ընկերուհին կավի թրծման վառարան նվիրեց, բերեցի այստեղ։ Ֆաբրիկայում մեծ տարածք ունեմ աշխատելու համար։ Մի քիչ լեզվական արգելքներ կան, բայց երեխաների հետ աշխատում ենք, անգամ բրոշներ ենք ստեղծել միասին ու վաճառքից գոյացած հասույթը ուղղել «Վիվա» ֆոնդին (Մշակույթի տան նկարչական բաժնի երեխաներն են հիմնականում գալիս դասերին):

Թումանյանը սեր է․․․ Մի քանի օրով գնացել էի Երևան, ու վերադարձիս ճանապարհին հասկացա, որ «տուն եմ գնում»։ Ինձ համար «տունն» ուրիշ ձև է ընկալվում, արագ է ձևակերպվում․ կարևորը արվեստով զբաղվեմ, ընկերներ ունենամ, ուտելիք ու դե քնելու տեղ․․․ Այստեղից գնալ չեմ ուզում՝ հատկապես, որ ստիպողաբար չեմ ենթարկվել միգրացիայի։

Ճիշտ է՝ հայերեն չգիտեմ, ու հստակ չեմ կարող ասել՝ ինչ են մտածում մեր մասին թումանյանցիները, բայց երբեմն հասնում են այնպիսի խոսակցություններ, որ մենք այլմոլորակայիններով փակվել ենք ֆաբրիկայում․․․ Այլ մոտեցումներ ու կարծիքներ էլ կան իհարկե․ մի օր արհեստանոց մի մեծահասակ տղամարդ մտավ, ով փաստորեն նախկինում այստեղ է աշխատել։ Եվրոպայից էր եկել ու զարմացած էր, որ իր երբեմնի աշխատասենյակում հիմա ես ինչ-որ բան եմ քանդակում։ Ուրախ էր, որ տարածքը վերածնվել է։

Աբաստանում շատ ենք խոսում ինտեգրման մասին, բայց դրա համար հաստատ ժամանակ է պետք։ Գուցե իսկապես տարօրինակ է, որ ես գնում եմ խանութ, վերադառնում ֆաբրիկա և, վերջ, դռները փակում եմ։ Պետք է կամաց-կամաց բացել դռները ու մարդկանց ցույց տալ՝ ինչ ենք անում․․․ Միանգամից չի լինի, բարդ է, բայց հնարավոր։

Ես հավատում եմ, որ Աբաստանը կարող է մշակութային մեծ կենտրոն դառնալ և շատ այցելուներ ունենալ։ Այս հավատն է ինձ պահում այստեղ։

ԱՐՍԵՆԻ

նկարիչ, երաժիշտ, ռեժիսոր, պոետ, գրող, կոմպոզիտոր․․․

«Աբաստանը էմոցիոնալ ներդրումների օբյեկտ է։ Իհարկե ռմբապաստարան չէ, բայց տեղ է, որտեղ կարող ես թաքնվել համայնքի ներսում»։

Կյանքիս մեծ մասն անցկացրել եմ «իմ գլխում» ու դեռ այնտեղ եմ, բայց նաև մի մեծ մասն էլ Չելյաբինսկում։ Հայաստան եկել եմ մարտին, Աբաստան՝ մայիսին։

Միշտ քաղաքական պինդ դիրքորոշումներ եմ ունեցել․․․ Մեկ ող դիմացից է կոտրված, երկուսը՝ մեջքից, քանի որ ցույցերի ակտիվ մասնակից էի․․․ Միգրացիան անհամաձայնությունս էր այն ամենին, ինչ կատարվում է Ռուսաստանում։

Հայաստանն ինչ-որ չափով բացել է աչքերս, բայց դեռ չգիտեմ՝ իմ տունն ուր է։

Այստեղ մարդկանց եմ բացահայտել, անծանոթի նկատմամբ ցուցաբերած բարությունից զարմացել։ «Ցավդ տանեմ» հասարակ արտահայտությունը, որ անծանոթ մարդուն են ասում, իրական է, որովհետև ինձ օգնողները հենց իրենք՝ անծանոթներն էին, որ ասել են այդ բառերը ու արել։

Տխրում եմ, որ Հայաստանը սեղմված է երկու երկրների միջև, իսկ ես օգնել չեմ կարող։ Այդպես ամենուրեք է․․․ Եթե միայն նկարիչները օգնել կարողանային․․․

 

Չգիտեմ՝ ինչ կլինի ֆաբրիկայի հետ, բայց այստեղ եղել են հրաշալի նկարիչներ, և նրանց հետքերն ամենուրեք են։ Ֆաբրիկան կենդանացել է, ինչ-որ ձևով շնչում է։ Կարծես վերածնված նորածին է, որ դեռ չի հասկանում՝ ինչ է կատարվում, բայց շնչում է․․․ Կտուրն է կաթում, բայց ում կտուրը չի կաթում․․․

ԱՆՅԱ

2022 հունիսից համակարգում է Աբաստանի ծրագրերը

Ես գիտեմ, որ թումանյանցիներին շատ է հետաքրքրում, թե ով ենք, ինչ ենք անում։ Երբեմն մեծ իրադարձություններ ենք նախաձեռնում, բացում ֆաբրիկայի դռները, կավագործության դասեր կազմակերպում երեխաների համար, ժամանակ առ ժամանակ էլ դիսկոտեկներ, որին միանում է տեղի երիտասարդությունը։ Մի խոսքով կապը կա թումանյանցու հետ՝ շփվում ենք, տներ ենք վարձում, տաքսի նստում, դասավանդում, բայց ժամանակ է պետք, որ իրար հասկանանք, ավելի լավ կազմակերպվենք, համագործակցենք։

Անիրական է թվում Թումանյանը։ Ես նման գեղեցիկ տեղ դեռ չէի տեսել․․․ Եվ ապահով մարդկային միջավայր է․ իհարկե քեզ լրիվ տանը չես զգում, բայց կա ուրախությունը, որ դու հյուր ես ու քեզ չեն վռնդում, ավելին՝ քո ներկայությունը հաճելի է։ Այս պայմաններում հնարավոր է ինչ-որ բան ստեղծել, ապրել ու նաև օգնել ինչպես կարող ես։

Թումանյանում և առհասարակ Հայաստանում ես բացառիկ ջերմություն եմ զգում մարդկանցից․․․ Եվ չնայած մարդն այստեղ էլ է պատերազմից անընդհատ տանջվում, բայց չի կորցնում հիմնական հատկանիշները՝ բարությունը, ստեղծարարությունը, հյուրընկալությունը․․․

Ֆաբրիկայի տարածքը որպես կենդանի օրգանիզմ ենք պատկերացրել հենց սկզբից՝ ինչպիսի դեր են խաղում այստեղ ներսի մարդիկ ու ինչպես են մարդիկ իրենց զգում այստեղ։ Կարևոր հարց էր՝ կընդունի մեզ ֆաբրիկան, թե դուրս կշպրտի․․․ Մարդկանց ներդրած սերն ու ուժը, վերականգնելու ընթացքը օգնեցին, որ ֆաբրիկան կենդանանա․․․ Փաստորեն նաև ընդունի մեզ․․․

Հատկապես ամռանը այդ զգացողությունը ակնհայտ երևաց․ ֆաբրիկայի ներսում գեղեցիկ լուսավորություն էր։ Այնպիսի տպավորություն էր, որ մթնոլորտը մածուցիկ ու խիտ դոնդողի է նման։ Ֆաբրիկայով քայլելիս կարծես դոնդողի միջով քայլեիր։ Այս էմոցիոնալ զգացողությունը շատերն էին կիսում ինձ հետ։

ԵԳՐ

դերասան, կինոյի նկարիչ-բեմադրող (7 տարի է՝ զբաղվում է անիմացիայով)

Երբեք չէի եղել Հայաստանում։ Այնպիսի զգացում է, որ մանկություն եմ ընկել։

Երբ գալիս էի, անընդհատ սարերին էի նայում․ ներսիս տեսնողը զարմացած էր։ Գործարանը տեսել էի լուսանկարով, ֆասադը՝ մնացել էր մեջս։

(Առաջին օրն է Թումանյանում, Աբաստանում)։

Միֆական քաղաք է երևում։ Ուսումնասիրելու, հետազոտելու շատ տեղ ունի։

Այնպիսի տպավորություն է, որ ընկել եմ պոստապոկալիպտիկ մի համայնք․․․

Այստեղ ձմեռել եմ ուզում․․․ Մարտահրավեր է։

ԼԻԶԱ

գրքերի իլյուստրատոր, հագուստի մոդելավորող

Ես, ընկերներս ու քույրերս մասնակցում էինք ցույցերին․․․ Կողմ չէինք պատերազմին։ Շուտով սկսեցին ձերբակալությունները, նույնիսկ տուն էին գալիս։ Ռուսաստանում ապրելը գնալով անապահով էր դառնում։

Դեռ մարտին էի ուզում Հայաստան գալ, բայց մեկ ամիս շարունակ դեպրեսիայի մեջ էի։ Հունիսին հավաքեցի ներկերս, կտորներս, վերցրի կարի մեքենաս ու առանց հետադարձ տոմս գնելու եկա Հայաստան։ Քույրս արդեն պատմել էր Աբաստանի մասին․․․ Միանգամից այստեղ եկա։

․․․ Չէի հավատում, որ գործարանում հնարավոր է ապրել, բայց շուտով սեփական սենյակ ունեցա։

Ֆաբրիկան ոնց որ քնած գեղեցկուհի լիներ․․․ Մաքրելու ընթացքում ինչ ասես չէինք գտնում՝ կոճակներ, փոքրիկ դետալներ, որոնք դեռ 30 տարի առաջ հագուստին էին ամրացնում։ Մտովի պատկերացնում էի՝ ինչպես են աշխատել, ինչպես են ընդմիջումներին սուրճ խմել այդ կանայք․․․

Մի օր խոհանոցում մեծ արև նկարեցի, ու հասկացա, որ կա լույս նույնիսկ ամենամութ ժամանակներում։ Սկսեցի բոլորի համար մի բան մտածել, և որովհետև բոլորն էին կարոտում իրենց տունը, սկսեցի տան մասին նախագիծ անել։ Հարցնում էի՝ «ի՞նչ է քեզ համար տունը» ու գրում էի պատասխաններ, հետո այդ պատասխանների հիման վրա հագուստի էսքիզներ էի անում։ Իրենց պատասխանների շնորհիվ ինքս էլ հանգստացա այն մտքից, թե երբ պիտի տուն վերադառնամ․․․ Հասկացա, որ տուն քո ներսում է։

Հիմա աշխատում եմ նաև Թումանյանի սրճարանում։ Տեղացիները շատ չեն գալիս սրճարան․ գերադասում են սուրճն իրենց տանը խմել, բայց իրենց պատրաստած մուրաբայով ու թխվածքով կիսվում են․․․

Մի օր շուտ փակեցի սրճարանը (աշխատում է մինչ երեկոյան 10։00-ը), քայլում էի կենտրոնական փողոցով, ու լույս չկար, մի կին մոտեցավ ու հարցրեց՝ ինչի չեմ աշխատում։ Հարցնում էր, որովհետև քանի դեռ սրճարանն աշխատում է, կենտրոնական փողոցի լույսերը չեն անջատում․․․

Այստեղ դեռ իրար հասկանալու շատ տեղ ունենք։ Գուցե լավագույնը, որ կարող ենք անել, երեխաների համար աշխատարաններ ստեղծելն է․․․ Տեսնենք։ Մենք փոքր մի կամուրջ ենք, որ հայտնվել է այստեղ․․․