Նազիկ Արմենակյան և Փիրուզա Խալափյան
Լինելով պատերազմի սերունդ` բոլորս ունենք տրավմաների մեր բաժինը: Արցախյան պատերազմի մեր տրավմաները հիշողության մի անկյունում միշտ մեզ հետ են եւ երբեմն հիշեցնում են իրենց մասին: Տրավմայի ուսումնասիրության ցանկությունն էր, որ մեզ տարավ Սերբիա` Բելգրադ, որտեղ փորձեցինք հասկանալ՝ արդյոք այն հաղթահարվե՞լ է սերբական կոնֆլիկտից քսան տարի անց:
Մեր նպատակն ամենևին պատերազմին անդրադառնալը չէր: Ունենալով սեփական` Արցախյան պատերազմի հիշողությունները՝ գիտենք՝ ինչ է դա։ Նախագծում փորձել ենք մեր սահմաններից դուրս նայել, զննել ուրիշի ցավը կամ պատերազմ ապրածի մեզ ծանոթ ցավն՝ ուրիշ կողմից: Ներկայացնել ո՛չ թե պատերազմը, ո՛չ թե չլուծված հակամարտությունները, ճիշտ կամ սխալ կողմերը, այլ դրա հետևանքներն ու ազդեցությունները մարդկանց, քաղաքների ու երիտասարդ սերունդների վրա:
Նախագիծը բաղկացած է երեք պատումներից, և դրանցից յուրաքանչյուրը յուրովի բացահայտում է ժամանակի և տրավմայի հարաբերությունները:
Մինչ մարդիկ` անմիջական ականատեսները և քաղաքի կենտրոնում ռմբակոծությունից քրքրված շենքերը լուռ կրում են ժամանակի ծանր հարվածը, երիտասարդները փորձում են նայել առաջ: Երեք պատումները միասին փորձ են անում ստեղծել մեր տեսած և զգացած Բելգրադի հոգեբանական դիմանկարը քսան տարի անց:

Պատմական ակնարկ

Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության փլուզման հետեւանքով ծագած այս կոնֆլիկտը սկսվել է 1992-ից եւ շարունակվել մինչեւ 1995-ը։

ՎԵՐԱՊՐՈՂԻ ՏՐԱՎՄԱՆ.

Կարդալ ավելին →

Պատերազմ անցած այս մարդիկ փախել են ՝ թողնելով իրենց ողջ ստեղծածը, տունը, հարազատ միջավայրը։ Նրանցից շատերն այդ դժվարին ճանապարհին կորցրել են ոչ միայն իրենց ձեռք բերած նյութական բարիքները, այլեւ հոգեկան անդորրը, առողջությունը։ Բելգրադում հայտնված այս մարդկանցից շատերը մինչ օրս էլ չեն գտել հանգիստ ու նորմալ պայմաններ՝ կյանքը նորից սկսելու համար։ Շարունակում են անցյալի հետ կոնֆլիկտի մեջ լինել եւ ամեն անգամ հիշելով՝ կրկին տրավմայի են ենթարկվում։

«Մի ցավ կա ու միշտ կմնա, որ չի կարող բուժվել կամ մաքրվել։ Ավելի մեծ տրավմա չկա, քան երբ տեսնում ես, որ կինդ ընկնում է, ու թեւը փռթվել է։ Մենք վարագույրի մի կտորով ու ինչ-որ զգեստով կապեցինք թեւը։ Ռումբի բեկորները կպել էին նրան։ Ես տղամարդ եմ, ինձ համար ավելի հեշտ կլիներ այդ ցավը տանել։ Երբ տեսա, որ թեւը փռթվել է, առաջինը, որ մտածեցի, այն էր, որ թեւը կկտրեն։ Եթե կտրեն, ի՞նչ է անելու։ Մենք այն տանելու ենք այդպես մինչեւ մեր կյանքի վերջը։ Ոչ ոք չի կարող սա բուժել, ու մենք չենք էլ խնդրում մեկին բուժել այս վերքերը, որովհետեւ դրանք մերն են»։ Միլան Ռադիշեվիչ
«Հիմա նոր տուն ունեմ ու երջանիկ եմ։ Գոհ եմ։ Գոնե գիտեմ, որ սա իմն է։ Ես մի բնակարան ու մի մեծ տուն ունեի Սիսակում։ Մնացի առանց ոչնչի։ Մենք չկարողացանք տունը վաճառել ու փողն օգտագործել Սերբիայում մի բան գնելու համար։ Հիմա սա ունենք ու շնորհակալ ենք, մարդ պիտի խոնարհ լինի»։ Նեվենկա Ռադիշեվիչ, 69

ՔԱՂԱՔԻ ՏՐԱՎՄԱՆ.

Կարդալ ավելին →

Մարդու ձեռքով ստեղծված միջավայրի՝ մարդու կողմից ավերումը նույնպես հիշողություն ունի։ Բելգրադում մինչ օրս կանգուն է սերբական պետական հեռուստատեսության ռմբակոծված շենքը, որն ունի ազգային նշանակություն եւ ռմբակոծված մի քանի շենքերից մեկն է։ Պատերազմի ծանր հետքերն իր վրա կրող այս կառույցը տրավմայի օրինակ է եւ պատերազմի ու դրա հետեւանքների մասին հիշեցնող յուրօրինակ մի հուշարձան։
«Երբ մարդկանց պատմում եմ կատարվածը, չեմ կարողանում ամբողջովին պատկերել, թե ինչի էր նման։ Կարծես մի մեծ էքսկավատոր աշխատեր քեզնից 1 սմ հեռավորության վրա։ Ձայն չկար։ Ահավոր լռություն էր այդ պահին։ Կարծես ինչ-որ ուժ է քեզ հրում, ու դու անկարող ես պաշտպանվել։ Հանկարծ՝ լրիվ մթություն է տիրում։ Ինձնից երկու մետր այնկողմ մի լույս տեսա, որը չէր մարել։ Բայց հաջորդող հինգ րոպեներին այդպես էլ չկարողացա հասնել լույսին, քանի որ ահավոր փոշի կար, ու կոկորդս քերծվում էր փոշուց ու ռմբակոծության ծխից։ Առաջին զգացածս բանը շոկն էր։ Չգիտեի՝ կենդանի եմ, թե մեռած»։ Դռագան Տոշիչ, 48

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՏՐԱՎՄԱՆ․

Կարդալ ավելին →

Պատերազմից արդեն ավելի քան քսան տարի է անցել։ Երիտասարդ սերունդն արդեն պատերազմի հիշողության անմիջական կրողը չէ: Նրանց ընկալումն ու հիշողությունը ձևավորել են ծնողները, տատիկներն ու պապիկները՝ իրենց պատմությունները, իրենց տրավման փոխանցելով։ Երիտասարդներն անցյալը սերտել են նաեւ մեդիայից, դպրոցից, փողոցից։ Անշուշտ, քաղաքային միջավայրը եւս՝ իր ռմբակոծված կառույցներով, իր հետքը թողնում է։ Ի՞նչ են մտածում երիտասարդները կատարվածի եւ ապագայի մասին։ Ապրո՞ւմ են դրանով ու փորձում կառուցել ապագան, թե՞ ընդհակառակը՝ քանդել են ուզում կատարվածի ու ապագայի միջեւ կապերը:
«Ես ատելություն չունեմ մարդկանց հանդեպ, քանի որ չեմ կարող մեղադրել մի ամբողջ ազգի այն որոշման համար, որը կայացրել են որոշակի քաղաքական գործիչներ ու կոնկրետ մարդիկ այն ժամանակ։ Ես հավասար վերաբերմունք ունեմ բոլոր ազգերի նկատմամբ։ Բայց չեմ կարող ասել, որ ատելություն չկա մեր ազգի մեջ։ Այդ ատելությունը սկիզբ է առել դժվար ժամանակաշրջանում, նաեւ քանի որ դժվար է տարբերակել՝ ինչ է ազգը, ինչ է պետությունը, ու ինչ է անհատը։ Այս է պատճառը, որ չեմ մեղադրում այն մարդկանց, որոնք ատելություն ունեն։ Նրանք չեն ուզում Ամերիկա գնալ, չեն սիրում Արեւմուտքն ընդհանրապես։ Կարծում եմ, որ հաջորդ սերունդները չպետք է այս ոգով կրթվեն։ Մենք պետք է տարբերակենք քաղաքական գործիչներին ու մեղավորներին»։ Կատարինա Դռոբնյակովիչ, 23
Լուսանկարներ, վիդեո և հարցազրույցներ` Նազիկ Արմենակյան և Փիրուզա Խալափյան
Թարգմանություն Դիանա Միլոշեւիչ, Աննա Դավթյան
Տեքստի խմբագիր՝ Աննա Դավթյան
Վեբ ձևավորում` Կարինե Ղադյան

 

 


Նախագիծը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատվամիջոցների հզորացում Եվրոպայում և Եվրասիայում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ինտերնյուսի ֆինանսական աջակցությամբ։