Վերապրողի տրավման

2019-ին մոտ 270 ընտանիք Բոսնիա-Հերցեգովինայից եւ Խորվաթիայից, ովքեր այժմ Բելգրադի քաղաքացիներ են, ստացան նոր բնակարաններ եւ տեղավորվեցին Կամենդինի (թաղամաս Բելգրադում) Զեմուն շրջանում։ Բնակարանները կառուցվել էին Շրջանային բնակարանաշինական ծրագրի շրջանակում՝ OSCE-ի եւ UNHCR-ի աջակցությամբ։
Տեղի զգացողությունը միշտ հետաքրքիր շերտեր ունի իր մեջ, այն կարող է պատմությունների շարք պատմել: Ամենափոքրիկ դետալների, իրերի ընտրությունն ու դասավորությունը կարող է հետաքրքիր զուգահեռներ տանել մարդկանց կյանքի, տրամադրությունների, վերաբերմունքի, բնավորության, սովորությունների հետ:
Միջանցքներում զգացվում էր մեկ այլ մշակույթ, քան մերն է, որը այնքան տարբեր էր եւ, միեւնույն ժամանակ, հարազատ:

Չնայած հիմա ունեն սպիտակ, մաքուր բնակարաններ, ու թվում է, թե ծանր անցյալը պիտի որ փոքր-ինչ հանգիստ թողներ, բայց նրանց հետ զրույցից հասկացանք, որ հազիվ թե այդ սպիտակ միջանցքները մաքրեն նրանց ապրումներն ու հիշողությունները։
Մարդիկ, ովքեր հայտնվել են այս բնակավայրում և վերջապես ունեն մշտական բնակության հասցե, այլևս փախստական չեն: Սպիտակ միջանցքներում իրար կողքի տեղավորված միանման դռների ետևում բնակվող յուրաքանչյուր ընտանիք ունի փախուստի իր պատմությունը: «Դա եղել է»՝ ասում են բոլորը։ Ականատեսների սթրեսն ու տրավմաները տարիների ընթացքում մեղմացել են, բայց չեն անհետացել: Այսօր նրանց կյանքը չի ներկայացնում այն, ինչ եղել է, այլ պարզապես անցյալն առկա է և ինքնին գոյատևում է նրանց հետ նոր ներկայում:

«Իմ ամենամեծ տրավման այն է, որ ես թողեցի ամեն ինչ, հիվանդացա այստեղ եւ կորցրի ամուսնուս։ Փառք աստծու, երկու երեխա ունեմ։ Լավ են։ Մտածում եմ, թե ինչպես փախանք, երբ նրանք ինքնաթիռներից ռմբակոծում էին մեզ վերեւից: Երբ որեւէ մեկը չունես, վախենում ես։ Վախը շատ մեծ էր։ Գիշեր չկա, որ պառկեմ, ու ամեն ինչ նորից հետ չգա աչքիս առաջ»։ Ստեվանիյա Ջուրիչ, 72
«Մարդիկ կային այստեղ, որ հարցնում էին՝ ինչո՞ւ ենք ընդհանրապես եկել։ Բայց կային նաեւ լավ մարդիկ, որ մեզ լավ էին վերաբերվում։ Մենք ոչ մեկի հետ խնդիր չունեինք։ Երբ Սերբիան ռմբակոծվեց, մարդիկ այստեղ տեսան, թե ինչ ցավալի էր դա եղել մեզ համար այնտեղ (Խորվաթիայում) ու սկսեցին մեզ ավելի կարեկցել։ Ի վերջո, ընդունեցին մեզ»։ Ստեվանիյա Ջուրիչ, 72

Ջուրիչների ընտանիքը առաջինն էր, որ նկարում էինք: Խոսակցության կեսին, երբ արդեն տան ավագը` Ստեվանիյա Ջուրիչը հուզվում էր՝ պատմելով, թե ինչ կատարվեց իր և իր ընտանիքի հետ 90-ականների սկզբին, ես նրան հարցրի՝ արդյոք հիշո՞ւմ է անցյալ կյանքից առօրեական դրվագներ, օրինակ, իրենց գյուղը, բնապատկերները կամ խոհանոցի վարագույրները… Հարցն ավելի հուզեց Ստեվանիյային: Նա ասաց, որ, ցավոք, չարչանքներից բացի՝ ոչինչ չի հիշում…
«Իմ ամենամեծ տրավման այն էր, որ առևանգեցին իմ աղջկան։ Դրանից հետո նա քնած տեղից վեր էր թռչում մի ամիս շարունակ։ Անկողնուց թռչում էր ու կանգնում պատի դիմաց՝ նայելով ինձ ու գոռալով՝ մամ, մա՜մ։ Ես գիրկս էի առնում նրան, նա հառաչում էր։ Բժշկի տարանք։ Նա օրեր շարունակ քայլում ու տնքում էր։ Դա է մեծագույն ցավը, որ մնացել է»։ Դռագիշա Դաբիչ, 65
«Մտքերս չեն գնում դեպի այդ ժամանակները։ Ես վարորդ եմ ու երբեմն, երբ մենակ եմ, ինչ-որ բան հետ է գալիս հիշողությանս մեջ»։ Ստեվո Գունդելյ, 51
«Ամուսնացել եմ Խորվաթիայում։ Ես աշխատում էի այնտեղ, ու մենք այնտեղ ապրեցինք 18 տարի։ 1991-ին փախանք Սիսակ քաղաքից։ Եկանք ամուսնուս ընտանիքի մոտ ու այնտեղ մնացինք, մինչեւ Փոթորիկ գործողությունը սկսվեց։ Ես վազեցի մեր ծեր հարեւանին փրկելու։ Ռումբ գցեցին վերեւից, որ ինձ կպավ։ Հիվանդանոցում էի Բոսնիայում՝ ընտանիքիցս կտրված։ Չգիտեի՝ որտեղ են ամուսինս ու աղջիկս, նրանք էլ չգիտեին՝ որտեղ եմ ես։ Բանյիցա հիվանդանոցում էի երկու ամիս։ Նրանք Բելգրադ էին եկել փախստական մի շարասյան հետ։ Բանյիցայում մի աղջիկ կար, որ ոտքն էր կոցրել։ Նրա ընկերը ինձ տեսել էր Պրիյեդորում ու ինձ ճանաչեց հիվանդանոցում։ Նրան խնդրեցի, որ զանգի քրոջս՝ Բոսնիա, որ նա տեղեկացնի ամուսնուս, ու նա գտնի ինձ»։
«Մենք թողեցինք ամեն ինչ։ Ոսկի ու մնացած ամեն ինչը։ Նույնիսկ պայուսակս չվերցրի, որի մեջ փաստաթղթերն էին։ Ամեն ինչ մնաց, որովհետեւ մտածում էինք, որ հետ ենք գնալու»։
«Երբ ես փախա Բելգրադ, նույնիսկ այն ժամանակ էի տառապում։ Վախենում էի աղջկաս համար։ Գիտեք, որոշակի տարիքում կարեւոր է երեխայի համար լավ կյանք ունենալ, եւ ես չգիտեի, թե ինչ էր լինելու աղջկաս հետ, ու ինչ էին լինելու նրա հնարավորությունները»։ Նեվենկա Ռադիշեվիչ, 69
«Մի ցավ կա ու միշտ կմնա, որ չի կարող բուժվել կամ մաքրվել։ Ավելի մեծ տրավմա չկա, քան երբ տեսնում ես, որ կինդ ընկնում է, ու թեւը փռթվել է։ Մենք վարագույրի մի կտորով ու ինչ-որ զգեստով կապեցինք թեւը։ Ռումբի բեկորները կպել էին նրան։ Ես տղամարդ եմ, ինձ համար ավելի հեշտ կլիներ այդ ցավը տանել։ Երբ տեսա, որ թեւը փռթվել է, առաջինը, որ մտածեցի, այն էր, որ թեւը կկտրեն։ Եթե կտրեն, ի՞նչ է անելու։ Մենք այն տանելու ենք այդպես մինչեւ մեր կյանքի վերջը։ Ոչ ոք չի կարող սա բուժել, ու մենք չենք էլ խնդրում մեկին բուժել այս վերքերը, որովհետեւ դրանք մերն են»։ Միլան Ռադիշեվիչ
«Հիմա նոր տուն ունեմ ու երջանիկ եմ։ Գոհ եմ։ Գոնե գիտեմ, որ սա իմն է։ Ես մի բնակարան ու մի մեծ տուն ունեի Սիսակում։ Մնացի առանց ոչնչի։ Մենք չկարողացանք տունը վաճառել ու փողն օգտագործել Սերբիայում մի բան գնելու համար։ Հիմա սա ունենք ու շնորհակալ ենք, մարդ պիտի խոնարհ լինի»։ Նեվենկա Ռադիշեվիչ, 69