Նախկին Թոխմախան գյոլի մոտակայքում՝ Սարի թաղի ստորոտին, տեղավորված են երկու տեսակի աղի լճերը: Հոկտեմբերն այն ամիսն է, երբ լիճ են այցելում արդեն հավատարիմ այցելուներն ու Հայաստան ժամանած այն հյուրերը, որոնք այստեղ պարբերաբար հոդացավերի բուժման ընթացք են ստանում:

Երբ առաջին անգամ լիճ այցելեցի, ունեի ֆոտոպատմության համար աղի հետ կապված մի մեծ թեմա և այն կոնկրետացնելու հստակ նպատակ: Ֆրանսահայ հյուրերը շտապեցին ինձ բացատրել երկու լճերի տարբերությունը՝ մեկն ունի 13 տոկոսանոց աղայնություն, և այստեղ ավելի հեշտ է լողանալը, մյուսը՝ ավելի բարձր՝ 25 տոկոսանոց: Այդ օրը նաև ինձ տեղեկացրին, որ քարերի նկարազարդմամբ զբաղվել է Սարի թաղում ապրող ճարտարապետ Սեդրակը: Վերջում նաև ավելացրին, որ 25 տոկոսանոց աղի լճում հիմնականում մի մերկ կին է լողում:

Հաջորդ այցելության ժամանակ էլ ծանոթացա Հասմիկի հետ: Սկզբում նա հրաժարվեց լուսանկարվել՝ պնդելով, որ անիմաստ գործ եմ անում, քանի դեռ լճի հետ կապված նոր բան չունեմ ասելու և անելու: Քիչ անց փոշմանեց և ինձ հրավիրեց լճի մասին իր դատողությունները լսելու: Իրադարձությունները զարգացան այնպես, որ մեզ միացավ նաև լճի այցելուներից Դավիթը, որը Հասմիկի հետ լճի և աղի մասին սիրառատ զրույց սկսեց: Այնուհետև փոխանակվեցինք համարներով ու հրաժեշտ տվեցինք իրար այն հույսով, որ նորից կհանդիպենք լճում: Դավիթին այլևս չտեսանք:

Հաջորդ օրերին արդեն խճճվել էի երեք տարբեր թեմաների մեջ և պետք է հստակեցնեի, թե նրանցից որ մեկը գերիշխող կդառնար՝ լիճը՞, աղը՞, թե՞ Հասմիկը: Երկար վարանումներից հետո զանգեցի Հասմիկին, լսեցի նրա երկար դասախոսությունն աղի օգտակարության ու  վնասակարության վերաբերյալ, որը երբեմն ընդմիջվում էր Պլատոնից բերված մեջբերումներով, որից հետո էլ պայմանավորվեցինք հանդիպել իր ժամանակավոր տանը՝ լիճ այցելելու նպատակով:

Հասմիկի տանն էլ ծանոթացա իր ընկերոջ՝ Տիգրանի, շան՝ Ալեքսանդրի ու նրանց վաղեմի ընկեր՝ Գևորգի հետ, որը լիճ էր գալիս բուժման նպատակներով: Տիգրանը միանգամից խոստովանեց, որ ես կարող եմ լավագույն առիթը լինել ֆեյսբուքյան իր էջի լուսանկարները թարմացնելու համար:

Հետո նրանք վերցրին իրենց ամենավառ ու կարմիր լողազգեստները, ու բոլորով շտապեցինք լիճ:
Ժամը 14:00-ին արևն ուղիղ այն քարի վրա կլիներ, որը նկարազարդել էր Սեդրակը, և որտեղ աղային լոգանքից հետո պառկում էր Հասմիկը՝ վայելելու արևի ջերմությունը: Այդ օրն էլ պարզ դարձավ, որ տարբեր եղանակների և օրվա տարբեր ժամերի համար լիճ մտնելու, լճում մնալու և դուրս գալու համար Հասմիկն ուներ հստակ ժամանակացույց՝ հաշվարկված րոպեներով:

Հաջորդ այցելությունների ընթացքում Ալեքսանդրն ավելի էր մեծանում և խոշոր դառնում, Տիգրանն իր ֆեյսբուքյան էջի համար տարբեր ետնաշերտերով լուսանկարներն էր թարմացնում, իսկ Հասմիկի՝ 35 տարի լիճ այցելելու մանրամասները նոր դրվագներով էին բացահայտվում: Եվ ինչքան Հասմիկը մեծանում էր, այնքան լիճը փոքրանում էր, և ինչքան լիճն անալի էր դառնում, այնքան Հասմիկն էր աղի թվում: