Երջանկություն նորապսակներին

{Մ} Տասնութս լրացել ա, նշանվել եմ։ Նշանվելուց հետո լսեցինք, որ մարդս Ռուսաստանում թմրամիջոցներ ա օգտագործել, բերդում նստած ա եղել մի չորս տարի։ Ինքը ասեց՝ ես տենց եմ եղել, հիմա փոխվել եմ։ Պապայիս ասեց՝ ես բան չեմ անի, ուզում եք տվեք, չեք ուզում՝ մի տվեք։ Ու գնաց։ Մեր մոտ խումար բացիկ են ասում հարսի ոտ բացելը։ Հարսին նշանի ժամանակ պետք ա բերեն փեսայի տուն, ու որ բերում են, էդ պահին անպայման պետք ա կիսուրը մի հատ էլ ոսկեղեն նվիրի։ Խորթ մերս կողքս էր, ասեց՝ ես չեմ խառնվում։ Եթե համաձայնվեցիր, իրանք տանելու են քեզ էսօր իրանց տուն, մի հատ էլ մատանի դնեն։ Հետո արդեն նշան հետ տալը ուշ կլինի։
{Ա} Դժվար ա ասել՝ գոնե սկզբում դուրս եկել էր, թե չէ: Երևի` չէ։ Ես էնքան տարօրինակ մարդ եմ։ Երբ հարսանիքից եկել եմ տուն, ասել եմ՝ վայ մամա ջան, հիմա մի հատ նենց պրոցես ա, որ ես չգիտեմ՝ ոնց ա լինելու, ինչ ա լինելու, ու ես չեմ ուզում։ Չեմ գիտակցել, որ ամուսնացա ու վերջ: Հիմա կին եմ։
{Ա} Սիրելով չեմ ամուսնացել։ Որ ուսանող էի, մի տարի սովորեցի, ու որոշեցին տարկետում վերցնել, որովհետև ծնողներս չէին ուզում, որ ես մենակ վարձով ապրեմ կամ ընդհանրապես Երևանում վարձով ապրեմ ինչ-որ մեկի հետ։ Ասեցին՝ կգանք, հեռակա ինչ-որ մի բան կձևակերպենք, կտեղափոխենք ուսումդ զուտ նրա համար, որ մնալու տեղ չունեի։ Իսկ ես շատ էի սիրում էն, ինչ սովորում էի: Երբ որ հայտնվեց մեկը, ով Երևանում էր ապրում՝ ինձ հարմար էր: Ուսումն իմ համար կարևոր էր: Տենց եմ մտածել՝ չգիտակցելով։ Գիտեմ, որ շատ տարօրինակ որոշում ա, ու որ ընդամենը մի ամիս եմ ճանաչել, բայց երկու օր եմ տեսել, մեկ էլ հեռախոսով ենք խոսել․․․ Երրորդ անգամը, երբ մենք իրար տեսել ենք, մենք նշանվել ենք։ Երևի հինգ-վեցերորդ անգամը, երբ իրար հանդիպել ենք, դա մեր հարսանիքն էր արդեն։
{Մ} Դրանից առաջ լիքը ուզողներ եմ ունեցել: Ինքը որ եկավ, ինձ թվում էր՝ հույսս ինքն ա։
{Լ} Մինչև ամուսնանալը իմ համար հստակ սահմանափակում կար․ ես երբեք չեմ ամուսնանա Ռուսաստանից եկած տղամարդու հետ, ինչի՞։ Որովհետև ինքը կարա դրսում երեխա ունենա, երկրորդը՝ ինքը կարա ունենա վարակ և այլն, և երրորդը՝ կարա թմրամիջոց օգտագործի։ Նենց չի, որ ես չեմ իմացել, ես էդ ամեն ինչը շատ լավ իմացել եմ․․․ բայց եկավ էդ պահը․․. ու էդ պահին ես, փոխանակ էդ ամենն իմանալով հանդերձ, ասեմ՝ արի գնանք, երկուսս էլ հետազոտվենք, մի տեսակ ես որ իմ մարդուն տեսա, չպատկերացրեցի։
{Ն} Էդ օրն ամբողջ Հայաստանով ահավոր փոթորիկ էր, կայծակ։ Համոզեց մամայիս, որ ինձ տանի իրանց տուն, թե տանը հավաքված են, ուզում են հարսին տենան։ Մերս էլ ասում ա՝ նշանածն ա, որ տանի-բերի, նորմալ ա։ Տարավ: Ինադու սկսին սաղ խմել՝ իրանից սկսած, որ ինձ տուն տանող չլինի էլի, օյաղ մարդ չլինի։ Մինչև էդ չէի եղել իրանց տանը։ Եթե ըտեղից դուրս գայի, հաստատ հետ էի տալու նշանս, բայց ես ըտեղից դուրս չեկա։ Ես ու բարեկամի աղջիկը պետք ա իրար հետ քնեինք։ Դե տեղերը գցեցին, ասեց՝ դու պառկի, ես գալիս եմ։ Հանվա, պիժամա հագա, գլուխս մտցրել եմ յորղանի տակը, որ տաքանամ, նոր գլուխս հանեմ։ Զգացի, որ սենյակ մարդ մտավ, բայց դե չհանեցի գլուխս՝ տենամ ով ա։

Պատուհանի շրջան

{Լ} Գնացինք Ռուսաստան: Ամեն ինչ իդեալական էր, հրաշք: Մեկ էլ ներքին զգացողությունս ասում ա՝ սենց չի լինում, սենց չի կարա լինի, որ ամեն ինչ էսքան իդեալական լինի: Էսքան հոգատարություն, սեր, ջերմություն․․․
{Մ} Ասեմ՝ էն սկզբից շատ լավ էր, ես ինձ շատ լավ էի զգում: Իսկականից: Չէր խփում, չէր խմում, նեղություն չէի տեսնում, կիսուրս, սաղ ինձ սիրում-հարգում էին։
{Ն} Ես զգում էի, տեսնում էի, որ ինքը դեղ ա խմում, հարցնում էի՝ ի՞նչ դեղ ես խմում, ասում էր՝ վիտամիններ ա։
{Մ} Ինքը որ բերդում նստած ա եղել, էդ ժամանակ ասում ա՝ ինձնից անալիզ-բան վերցրել են, բայց իմ մոտ մաքուր ա եղել։ Թե իրա մոտ պատուհանի շրջան ա եղել, թե ինքը չի ունեցել, բերդից ա վարակվել, էդի չգիտի։

Աճառյան 2

{Ա} Երևանից չեմ։ Հա, ուսանող եղել եմ, բայց հասցեներ չգիտեմ։ «Աճառյան 2» ա գրած, դե զանգում եմ, տունը հարցնում եմ, ասում եմ՝ սենց հասցե են ինձ տվել, չգիտեմ՝ ուր եմ գնում, ինչ-որ լաբորատորիա կա՞, ինձ ասում ա՝ չէ ոնց որ, բայց կարող ա նոր ա բացվել։ Հասնում եմ էդտեղ, էն որ՝ անորոշություն էլի։ Էդ շենքն էլ մի հատ ամայի դաշտավայր ա, էն որ շների միջով ես քայլում, ասում եմ՝ ո՞ւր եմ եկել։ Կարդում եմ ու ասում եմ՝ հաստատ շփոթմունք ա, էս իմ հետ չի, խառնել են, երևի հերթական ինչ-որ անալիզ ա, պետք ա։ Գնում եմ, գնում ենք առանձին սենյակ, ու սկսում են հարցեր տալ։ Ուղղակի ես մտածում եմ՝ սխալ էր էդ ձևով, կարելի էր ասել, պետք չէր մենակ գնալ։ Ես քսան տարեկան եմ, էն որ քիչ թե շատ աշխարհից ինչ-որ բան հասկանում եմ, բայց էդ մի ուրիշ ճնշում ա, մանավանդ երբ որ դու հղի ես, էն էլ երեք ամսական, էն էլ․․․
{Լ} Գնացինք կենտրոն։ Ոնց որ գլխիս ջուր լցնեն՝ էս ո՞ւր ենք եկել, ես ի՞նչ գործ ունեմ ստեղ։ Մի տասը-տասնհինգ օր ես էդ վիճակում էի, ոնց որ չզգամ՝ ինչ ա կատարվում, համ էլ չհավատամ։ Լացում էի, տակնուվրա եղած վիճակ էր։ Բժիշկը, որը իմ դիագնոզը ասեց, որ ախտորոշվել ա, մի հատ թուղթ տվեց, որ ստորագրեմ, որ միտումնավոր ոչ ոքի չեմ վարակի․․․ Կարելի էր մի քիչ հետաձգել դա, ոչ թե միանգամից էդ թուղթը դեմ տալ։ Դուրս եմ եկել, ոնց եմ ողբում միջանցքում… Վայ, ես ո՞ւմ գնացի-հավասարվեցի, և էդ ներքին խարանը ահավոր էր։ Էն որ ավելի լավ ա մեռնեմ․․․
{Ն} Առաջին անգամ, որ լսեցի կարգավիճակիս մասին, որ ասեմ վատացա, ուշաթափվա․․․ Ես էդ պահին, ոնց ասեմ, հլը չէի հասկանում, չէի գիտակցում՝ ինքը ինչ ա իրանից ներկայացնում։ Հա, լսում ենք՝ հիվանդություններ կան, բայց չգիտենք։ Օրինակ, ես տուբերկուլյոզի մասին գիտեի, որ ասում էին՝ տուբ, տուբ, շատ էի լսել երեխա ժամանակվանից։ Բայց չգիտեի, որ էդ տուբերկուլյոզից մարդիկ մահանում են, որ վարակում են։ Հեռուստացույցով շատ-շատ եմ լսել՝ ՍՊԻԴ։ Ես չգիտեի, որ նույն ՄԻԱՎ-ն ա։
{Ա} Չհասկացա՝ ինքը գիտեր, թե չէ դրա մասին, որովհետև իմանալուց երեք օր հետո, երբ որ իմ անալիզների պատասխանը եկավ, որ ձեր մոտ դրական է, ուղղակի ինձ ասեց՝ դե հիմա ինչ եղել՝ եղել ա, բան չենք փոխի։ Ու չհասկացա՝ դա ինչ էր նշանակում՝ ինքը գիտեր, չգիտեր, որ ունի կարգավիճակ։ Կուզես՝ թող, գնա, կուզես՝ բաժանվի, երեխուն էլ, դե հղի ես՝ երեք ամսական, ոնց ուզում ես, քո ընտրելունն ա։
{Մ} Երկրորդ հղիության յոթերորդ ամսվա սկիզբն էր, մեր մոտից զանգում ա գինեկոլոգը՝ բա դու ու շատ մոտ, հարազատ մարդ կգաք, ձեզ բան ունեմ ասելու։ Հելանք ես ու կիսուրս գնացինք, կանչել ա կաբինետ, նստացրել ա՝ դուք ՄԻԱՎ-ի անալիզ եք հանձնել, ձեր մոտ դրական ա եկել։ Ու ծիծաղում եմ, էդ պահին որ ՄԻԱՎ-ը լսեցի, մենակ ծիծաղս էր գալիս։ Ես տենց ծիծաղելով ասեցի՝ տենց բան չկա, ի՞նչ եք ասում։ Ես որ Հանրապետականում պառկած էի, ոնց որ Աստված ինձ վերապատրաստեր։ Ես որ էդ բուկլետների հանդեպ կյանքում հետաքրքրություն չունեի, պառկած ժամանակ էդ բուկլետներով էնքան շատ էի հետաքրքրվում, ՄԻԱՎ-ի մասին էնքան բաներ էի կարդում։ Ու մտածում էի՝ էսքան ժամանակ սենց բաներ չի եղել, ինչի՞ ա ինձ հետաքրքրում։ Արդեն տեղեկություն ունեի ՄԻԱՎ-ի մասին։
Ասեցին՝ պետք ա գնաս Ավան՝ «Աճառյան 2», էնտեղ կենտրոնում անալիզ հանձնես։ Մարդս էլ Երևանում ա, իրա համար խմած ման ա գալիս էլի, խմում-ֆռֆռում ա։ Զանգեցի մարդուս, ասեցի՝ գիտե՞ս, ինձ սենց-սենց բան ա եկել՝ սպիդ։ Մարդս՝ ըտենց բան չի կարա լինի։ Գնացել ենք խորհրդատվության սենյակ, անալիզները հանձնել ենք, էդ աղջիկը բացատրում ա էլի՝ ՄԻԱՎ-ը սենց բան ա, վարակովի ա, սեռական ճանապարհով, մի խոսքով։ Երրորդ օրը լրացավ, ելանք-գնացինք պատասխանի։ Էդ աղջիկը ինձ մենակ կանչեց սենյակ, ասեց՝ ձեր մոտ երկրորդ անգամ դրական ա եկել։ Ու ես էլ վաբշե չեմ հիշում․․․ Հիշում եմ, որ աստիճաններն եմ հելնում լացելով, տենց հղի՝ քարշ եմ տալի վերև։ Որ ճիշտն ասեմ՝ ընդհանրապես չեմ հիշում՝ ոնց ա բժիշկը մեզ մոտեցել, սթրեսից չեմ հիշում։ Եկել ենք տուն, մարդս իրա գլուխն ա տալիս պատերին։ Աստված եմ կանչում, գոնե երեխեն չունենա էլի։ Բժիշկը հույս ա տալիս՝ լինում ա դեպքեր՝ չեն ունենում։ Ես էլ ահագին կերակրել եմ՝ տարի վեց ամիս, էլ որտեղի՞ց չլինի։ Ինքն էլ ունեցավ։

Սարսափ և հույս

{Մ} Մի չորս ամսական հղի էի, առաջին անգամ էդ ժամանակ խփեց, լավ խմած էր։ Դրանից հետո ինքը լավ էլ սկսեց խմել, լավ էլ ծեծում էր, ամբողջ գիշեր չէինք քնում, խմած վախտ չէր թողնում քնեմ։ Ու ինքը վաբշե չէր հիշում՝ ինչ ա կատարվել, ինքը ինչ ա արել։ Հետո որ առավոտը ասում էի՝ դու ինձ խփել ես, ասում էր՝ տենց բան չկա, ի՞նչ ես սարքում գլխիս, ասա՝ աչքդ ուրիշի վրա ա, հել գնա մի խոսքով։
{Ա} Ռեժիմով կրկնվող վեճերը, աղմուկը, արյունը, էդ ոստիկանները, որ լցվում էին տուն, գնում էին։ Վերջում ինձ ծեծում էր։ Իսկ էդ արյունը, չգիտեմ․․․ Ինքն էր իրան վնասում, ինքը վատ վիճակում էր։ Թմրանյութեր օգտագործել էր սկսել, մինչև էդ՝ ալկոհոլ։ Խաղում էր։ Այսինքն և՛ աշխատում էր, և՛ աշխատածը խաղատներում․․․ Խմում էր իր դեղերը, բայց վերջում արդեն մեկումեջ, խախտումներով շատ։
{Մ} Ինձ վաբշե չէր նայում, հիվանդանոց չէր գալիս, չէր սիրում ճամփա գնալ, երեխուն հիվանդանոց էի տանում, իրան չէր հետաքրքրում, իրա դեղն էր պրծնում, ես էի գնում, ստանում-բերում։ Դե որ անընդհատ գնաս-գաս Երևան, արդեն ասում են՝ խի՞ ա շատ գնում-գալիս, ման ա գալիս։ Գալիս էի, մարդս ասում էր՝ հը, քանի՞ հոգու հետ հանդիպար։ Ինքը ինձ անհիմն մեղադրում էր։ Խմում էր, կռիվ էր անում, խանդի տեսարաններ էր սարքում, ու գիտի, որ իրա պատճառով ա էս ամեն ինչը։ Փոխանակ ինքը ինձ հետևի, իրա երեխուն հետևի, կամ թեկուզ իրան, բայց չէր մտածում վաբշե։ Կիսուրս էլ ասում էր՝ դե գրիպ ա էլի, ո՞վ հիմա հիվանդ չի լինում, կանցնի, իրանք չէին հասկանում էդ հիվանդության լրջությունը։
{Ն} Դեպքեր են լինում, որ մարդիկ մնում են, չեն բաժանվում, որ կես մասը, որ վախացնում են, բռնի ուժով են պահում կողքին, որն էլ՝ ինքն ա ուզում։ Ես մտածում էի՝ լավ, եթե թողեցի, գնացի, դատի տվեցի իրան… Ինձ ասում էին՝ դու կարաս իրան դատի տաս, ասի ինչի՞ համար։ Ես որ դատի տամ իրան, իմ առողջությունը հետ կգա՞, իմ երեխեն կբուժվի՞։ Եթե իմանամ տենց մի փոքր շանս կա, ես կանեմ էդ բանը։ Բայց ասի՝ մի խառնվեք իմ ընտանիքի մեջ, ես չեմ ուզում բաժանվեմ, հիմա էս ա իմ կյանքը, պետք ա համակերպվեմ ու ապրեմ։
{Մ} Հետ եկանք գյուղ, արդեն դեղեր սկսեցի խմել՝ ամեն օր լացելով, գլուխս բարձին եմ դնում, միտս ա ընկնում երեխեն, ո՞նց պիտի լինի, ո՞նց մեծացնեմ, ո՞նց ամուսնացնեմ, սաղ վախտ մտածում էի՝ ի՞նչ պիտի լինի մեր վիճակը։ Կեսարյան հատումով առողջ ունեցա երկրորդ երեխուս։

Ամոթ

{Լ} Էդ պահին չես մտածում, որ ամուսնուդ մեղադրես, որ ինքը քեզ վարակել ա, էդ պահին մտածում ես՝ որ ուրիշները իմանան, ինչ կասեն, իմ մոտ կար էդ ստիգման՝ ներքին խարանը, սպանում ա քեզ, էն էլ ինչ ձև։
{Ն} Ամոթի զգացում ճիշտն ասած երբևէ չեմ ունեցել, որովհետև ճիշտ ա, մտածում են՝ եթե դու էդ հիվանդությունը ունես, ուրեմն դա մենակ ունենում են փողոցայինները, մարմնավաճառները, թմրամիջոց օգտագործողները։ Ես չունեի ամոթի զգացում, որովհետև հասկացող, գիտակից մարդը, կարդացած, ինֆորմացիա ունեցած մարդը կյանքում չի մտածի, որ էդ մենակ փողոցայինները կարան ունենան։ Որովհետև ընդհանրապես հիվանդությունը ոչ հարցնում ա հարուստ, ոչ հարցնում ա աղքատ։ Ես ինքս գիտեմ՝ ես էդ մարդը չեմ եղել, հետո իմացողներն էլ գիտեին, որ իմ ամուսինը մինչև էդ հիվանդ ա եղել, ես՝ չէ։
{Ա} Մյուսներն են ամոթը, ես չեմ։ Եթե դու մենակ մտածում ես քո մասին, ամոթ չկա։ Ամոթը հենց էն ա, երբ որ դու մտածում ես ուրիշի, բոլորի մասին։ Ամոթը ազգային բաներից ա՝ մեր մեջ նստած։ Ու շատ հաճախ ամոթի զգացողությունը մեզ դնում ա փակուղի, փակում ա բաներ, որ ուրիշ մարդ քո փոխարեն, որ դու էդ պահին մտածեցիր՝ ամոթ ա, կաներ քայլ, կունենար առաջընթաց կյանքում, կհասներ իր նպատակներին, երազանքներին, իսկ ես ասեցի՝ ամոթ ա ու հետ կանգնեցի։
Մշակութային ա։ Իմ պարագայում մտածում եմ․․. Ես ինքս ինձ չեմ հավատա, էս էն իրավիճակն ա, որ դու ինքդ քո հետ չես կարող աշխատես, սովորաբար ասում են, որ մարդ իրա հետ պիտի աշխատի։ Երևի մեկը պիտի օգնի, որ ես դուրս գամ։ Ինչ-որ մեկը ինձ պիտի օգնի, չգիտեմ։ Բայց չեմ էլ թողնում, որ ինձ օգնեն, որովհետև էդ ամոթն ա ինձ խանգարում։ Ինձ պետք ա ազատվել ամոթից, էդ միևնույն ժամանակ ինձ խանգարում ա, որ ազատվեմ։ Ամոթը խորն ա ու շատ շերտեր ունի։
{Լ} Իրականում մենք շատ-շատ ենք բարդացնում ամեն ինչը, էդ մի քիչ երևի մեր ազգային մենթալիտետից էլ ա գալիս։ Մենք շատ ենք սիրում ուրիշների կյանքով ապրել։ Օրինակ, եթե իմ հարևաններից ինչ-որ մեկը իմանա, որ մենք ՄԻԱՎ ունենք, օ՜, դա կլինի աշխարհի վերջը։ Էդ նրանից ա, որ մարդիկ միշտ սիրում են մտնել ուրիշի շատ նեղ անձնականի մեջ, սիրում են մեղավորություն փնտրել՝ դու մեղավո՞ր ես, թե՞ մեղավոր չես, դու ինչ-որ մի բան արե՞լ ես, որ վարակվել ես, թե՞ ուղղակի զոհ ես․․․

ՄԻԱՎ – միֆ

{Ա} Կապ չունի՝ ընտանիքում մենակ ես կարգավիճակ ունեմ, բայց էդ խարանը կարա փռվի բոլորի վրա, էդ սև քողը բոլորի վրա են գցում։
{Լ} Եթե նավակը բաց ծով ա դուրս գալիս, եթե թույլ տեղ ա ունենում, հենց էդտեղից ա, չէ՞, ջուրը քաշում, խորտակում, ՄԻԱՎ-ն էլ ա տենց։ Էն մարդը, ով թույլ տեղ ունի, դա կլինի հոգեբանական, թե ֆիզիկական առողջությունը, ինքը անմիջապես հենց էդտեղ ա խփում։ Կախված նրանից, թե իրա կողքը ովքեր են կանգնած։
{Ն} Լսել էի, որ մարդիկ վերքոտ են լինում, վախենալու են լինում, նիհար են լինում, մի այլ ձևի արտահայտվում ա իրանց վրա էդ հիվանդությունը։ Բայց հետո արդեն իմացա, որ իրա միակ բուժումն էն ա, որ պետք ա դեղ խմես սաղ կյանքիդ ընթացքում, բայց կանոնավոր։ Եթե օրը խմում ես մի անգամ, խմում ես սահմանված ժամին՝ ոչ էս կողմ, ոչ էն կողմ, որ չդառնաս դեղակայուն, որ հետո ստիպված չլինեն դեղերդ փոխեն։ Ինքը փուլեր ունի, կարող ա էնքան խախտումներ անես, որ էլ չազդի, բայց ասեց՝ միակ լավ բանն էն ա, որ պետք ա մենակ դեղդ ժամանակին խմես, նորմալ սնվես ու կապրես․․․ Ոչ մեկ չի իմանալու, ոչ քո դեմքից ա երևալու, ոչ մի ձև չի արտահայտվելու, որ դու ունես էդ հիվանդությունը։
{Լ} Եթե համեմատելու լինենք մարդուն ու փղին, մարդը իրան փղի առաջ ինչքան անզոր ա զգում, իրա համար ՄԻԱՎ-ը այ էդ փիղն ա, որը ծածկել ա իրա արևը, չի թողնում, որ արևը դեպի իրան գա, որը ամեն վայրկյան կարա իրան տրորի, որից կախված ա իրա․․․ Այսինքն էդ փիղը մի հատ գժվեց՝ վերջ։ Երբ որ առաջին փուլը անցավ, փիղը տեսա ու սկսեցի ուսումնասիրել իրա ոտը, հետո պոչը, հետո գլուխը, հետո սենց պատկերը եկավ ամբողջացավ, ինքը սկսեց փոքրանալ։ Ես արդեն հասկացա՝ ինչի հետ գործ ունեմ։ Ես հասկացա, որ էն միֆերը, որ ինձ կերակրել են տարիներով հեռուստատեսությունը, ինտերնետը կամ էն բուկլետները, որ վախենալու նկարներով պաստառներ, բաներ․․․ Ես հասկացա, որ իրականում էդ ամեն ինչը միֆ ա, չկա էն վախենալու պատկերը, ինչ որ միգուցե եղել ա երեսուն տարի առաջ, երբ դեղեր չեն եղել։ Երբ էդ փիղը սկսեց փոքրանալ-փոքրանալ, ոնց ուզեմ, կկառավարեմ։ Ինքը ինձ էլ ոչ մի բան չի կարա անի, էնքան ժամանակ, քանի դեռ ես գիտակցության եմ, քանի դեռ կախված ա ինձնից դեղեր խմելը։ Էս վիճակում ինքը ամեն ձևով կախված ա ինձնից։
Հեռուստատեսության, բուկլետների հետևանքով առաջացած ստիգման թուլացնելու համար մարդիկ պիտի խոսեն։ Պետք ա ՄԻԱՎ վարակը․․․չասոցացվի ոչ ﬔկի, ոչ ﬕ խմբի հետ:
«Կարմիր Սև Սպիտակ»-ը շարունակական նախագծի մի մասն է, որի թեման արդեն մի քանի տարի ուսումնասիրում եմ: Ֆոտոպատումի մեջ ընդգրկված են չորս կանայք՝ իրենց անձնական փորձառությունը կիսող պատմություններով:
Ըստ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի կողմից տրամադրած տեղեկատվության՝ 2021 թ. մարտի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 4217 դեպք, որոնցից 30,6%-ը (1292 դեպք) իգական սեռի ներկայացուցիչների մոտ: Վարակի փոխանցման հիմնական ուղին հետերոսեքսուալ ճանապարհն է, և ՄԻԱՎ-ով ապրող կանանց 93,7%-ը վարակը ձեռք են բերել իրենց ամուսիններից: Դեպքերից ամենաշատը` 350, գրանցվել է 20-29տ կանանց մոտ: