2022 թ․-ի դեկտեմբերի 12-ին Արցախն ընկավ շրջափակման մեջ։ Լաչինի միջանցքը, որը Արցախը կապում էր Հայաստանին և իր նշանակության համար ստացել էր «Կյանքի ճանապարհ» անվանումը, փակվել էր անհեթեթ պատճառաբանությամբ։ 


2022-ի Նոր Տարին վերջինն էր, որն արցախցիները պետք է դիմավորեին իրենց տանը։ Չնայած արցախցիների և ամբողջ հայության համառ ջանքերին, վիճակը գնալով վատանում էր։ Առաջանում էր սննդի, դեղորայքի և առաջնային անհրաժեշտության այլ պարագաների պակաս, ինչը տանում էր աղետի։ Մարդիկ սովորել էին գոյատևել շրջափակման պայմաններում, ու այն դարձել էր կյանքի մաս։ Շատերը լիահույս էին, որ սահմանը ուր որ է կբացվի։ 


Շրջափակումը տևեց 282 օր՝ մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը, իսկ հետո՝ մեկօրյա պատերազմ, ինչից հետո միայն սահմանը բացվեց, ու մարդիկ հարկադրաբար լքեցին իրենց տները։ Մոտ 100,000 մարդ տեղահանվեց։ Սեպտեմբերի 30-ին Արցախն ամբողջությամբ դատարկվեց։

***

Երևան, սեպտեմբերի 19

 

– Էս հետևի դուռն էլ բա՛ց, – գոռաց մի տղամարդ ավտոբուսի վարորդին։
Մի քանի կին, դեռ ներս չմտած, հայացքով ազատ նստարաններն էին փնտրում։ Բարձրացանք։ Ոմանք մնացին կանգնած: Ավտոբուսը շարժվեց։ Կողքիս կինը, հեռախոսի ձայնն անջատած, լուրերն էր նայում։ Արցախում նորից կռիվ էր սկսվել։ Մյուս կողմից կանգնած աղջկա ականջակալներից երաժշտություն էր լսվում, որը տհաճ էր մյուսներին։
Ձեռքս տարա գրպանս ու հիշեցի, որ ականջակալներս տանն եմ թողել։ Ներսում լուռ էր։ Մարդիկ իրար չէին նայում՝ ձևացնելով, որ անտեղյակ են եղածից։ Վարորդն անջատել էր ռադիոն, որը սովորաբար միացրած էր լինում։ Ավտոբուսի կառավարման վահանակի վրա փակցրած Մարիամ Աստվածածնի սրբապատկերը շարժիչի դրդռոցից թրթռում էր, բայց չէր ընկնում։ Վարորդը տեսավ ոստիկանի մեքենան ու կապեց ամրագոտին՝ առանց ավելորդ շտապողականության։ Ոստիկանը նկատեց ու անցավ։ Մոտեցանք եկեղեցուն, վարորդը խաչակնքվեց։
Ավտոբուսը կտրուկ արգելակեց, հայելուց կախված խաչը խփվեց պարբրիսին (դիմապակուն)։

***​

Կոռնիձոր, սեպտեմբերի 27

 

Կոռնիձորում երկար խցանում էր։ Մեքենաների շարքը ձգվում էր մինչև մոտակա սարի ստորոտը, հետոն չէր երևում։ Օդը կեղտոտ էր։ Ավազախառն քամին խփում էր դեմքիս։ Տեղի կանայք, ձեռքերը խաչած, նայում էին իրենց գյուղի երբեմնի դատարկ ճանապարհին։ 07-ի միջից մի տղամարդ, ձեռքը ճակատին, սառած աչքերով ուղիղ ինձ էր նայում: Նայում ու չէր տեսնում։ Խցիկս բարձրացրի, որ նկարեմ, պահեցի երկու – երեք վայրկյան ու իջացրի։ Կողքովս երեք տղամարդ անցան. մեկը տարեց, մյուսները երիտասարդ։ Չոր բարևեցին, որ նկատեմ ու տեղ տամ։ Շարքով անցան։
– Գռնո՛,- գոռացի վերջինի հետևից։
– Գռնոն չի, իրա փոքր ախպերն ա՝ Դավոն, – զարմացած պատասխանեց։
– Չհիշեցի՞ր ինձ, ախպե՛րս: Քարվաճառից, Խչոն եմ։
– Վայ, ախպե՛րս, – ասեց Դավոն, մոտեցավ ու գրկեց անզուսպ կարոտով, հայացքը ներքև, էնպես, որ արցունքները չնկատեմ։ Ինձ չէր կարոտել, կարոտել էր Քարվաճառը, անցյալը ու իրան՝ անցյալում։
– Բա, Գռնոն ու՞ր ա։
– Հենա, հոսպիտալն ա Գռնոն, սնարյադը ընգել ա, լոխ ոտը ասկոլկեքի մեջ պառկած ա։
– Տեղ ու՞նեք գնալու։
– Հա, մի բան կանենք, կներես, ախպերս, գնանք մի կտոր բան ուտենք, քանի օր ա հաց չենք կերել։
Դավոն մեր չաստի վարորդներից էր, սաղ պոստերն ու սարերը հինգը մատի պես գիտեր։ Հեռվից Ուռալը, որ տեսնում էինք, քշելու ձևից արդեն գիտեինք, որ Դավոն ա, էկել ա պոստ մեզ հաց բերի ու կարող ա՝ արաղ։

– Ինձ չնկարե՛ս, – ասաց կապիտան Ասերյանը, որը հենվել էր մեքենային ու նայում էր Լաչինի կողմ։
– Ինչի՞, – հարցրեցի ես:
– Զինվորական եմ, պիտի հետ գնամ ծառայությանս, չեմ ուզի ֆեյսբուքներում ինձ տենան։
Էս անելու բան չէր. սաղ կյանքներս տվեցինք էս հողին ու հիմա սենց․․․ Մենք ենք մեղավոր. մեր կողքը ով էլ լիներ, մեր վճակը էս էր լինելու։

***​

Գորիս, սեպտեմբերի 28


– Տղա՛ ջան, Գորիսի մշակույթի տուն ո՞նց հասնենք, – հարցրեց մի կին մեքենայի միջից։
– Սենց ուղիղ, հետո աջ, – պատասխանեցի։ – Որ գնաք, կտեսնեք. լիքը մարդ կա։
– Մերսի։ Քշի՛, Ժորիկ։

Գորիսի մշակույթի տունը ժամանակավորապես դարձել էր արցախցիներին օգնություն տրամադրելու, հաշվառելու և ուղղորդելու հավաքատեղի։
Մշակույթի տան մոտ՝ քարին, մի տղամարդ էր նստած։ Անունը չեմ հիշում։
– Որտեղի՞ց ես, հարցրեցի։
– Մարտունուց։
– Ո՞ւր ես գնում։
– Տղուս մոտ՝ Աշխաբադ։ Ստեղ էլ մարդ չունեմ։ 88 թվին Սումգայիթից ընտանիքով փախանք Մարտունի, հետո Ստեփանակերտ, հիմա էլ՝ սենց։ Ամեն անգամ ընտանիքիցս մի հոգի պակասում ա։ Գնամ, ինչ մնացել ա ապրելու, գոնե էտ հանգիստ ապրեմ։
Վիրավորներին տեղափոխող ուղղաթիռն անցավ քաղաքի վրայով։
– Տենաս կփրկվե՞ն, – ասաց մարտունեցին՝ ծխածոտը գետնին հանգցնելով։

***​

Արտաշատ, հոկտեմբերի 2

 

Արցախից Արտաշատ մեքենայով հասնելու համար անհրաժեշտ է երեք – չորս ժամ, բայց ճանապարհը ձգվել էր երեք – չորս օր։ Արտաշատի մարզադպրոցը առաջին հանգրվանն էր տասնյակ ընտանիքների համար։ Հրաչ պապն իր ընտանիքի հետ երկու օր առաջ էր հասել։
– Ու՞ր կուզես տեղափոխվել, – հարցրեցի Հրաչին։
– Կարևոր չի ուր, մի նենց տեղ, որ էնտեղ էլ մեռնեմ։
Հրաչը քարի պես անշարժ էր, քարից էլ անշարժ։ Միայն Սիլվային՝ թոռնուհուն, տեսնելուց գրկում, սեղմում, նայում էր աչքերի մեջ ու նորից սեղմում այնպես, որ Սիլվան կորում էր պապիկի գրկում։
Մարզադահլիճը լի էր երեխաներով, նրանց ձայներով, ծիծաղով, լացով, կռվով։ Աղմուկը ստիպում էր ապրել։

– Արտաշատը շա՞տ հեռու ա Հայաստանից, – հարցրեց Էրիկը, ով իր հետ ոչինչ չէր վերցրել բացի երաժշտական բարձրախոսից, որը դարձրել էր դպրոցի ժամանցի կարևոր մասը։
– Դէ, Արտաշատը հենց Հայաստանի մեջ ա, – պատասխանեցի։
– Նկատի ունեմ Երևանը, էլի։ Հայաստան, Երևան նույն բանը չի՞։
– Հա, դէ հա, նույնն ա, բա ինչ։ Մի 25 – 30 կիլոմետր։
– Հեռու ա, ավելի լավ ա ստեղ մնամ, չնայած ստեղ ոչ մեկ չունեմ։ Ութ տարեկանում ընտանիքով Սումգայիթից փախանք Հաթերք, հետո Ստեփանակերտ, hիմա էլ Արտաշատ։ Մերոնցից էլ ոչ մեկ չկա, էլ չեմ ուզում փախնեմ, ուզում եմ հանգիստ ապրեմ, ուզում եմ երգեմ։

– Կապո ՜ւյտ, կապո ՜ւյտ են քո աչքերը, արևի պես շողշողում, գարուն սիրտս քո սիրուց ջերմանու՜մ է, ջերմանու՜մ։

– Էրի՛կ, ճաշը սառեց։ – Ձայն տվեց Էլենը, որը կամավորագրվել էր արցախցիներին օգնելու համար։ – Արի գնանք, հետո կշարունակես։

– Որտե՞ղ տուն նայեմ քո համար, ձյա՛ձ Վալոդ։ – Հարցրեց Վազգենը, որը ևս կամավոր էր ու փորձում էր արցախցիների մշտական բնակության համար տուն գտնել։
– Դէ, ես Հայաստանը լավ չգիտեմ, տղա՛ ջնա։ Նայի, որ սահման չլինի։ Ու ցուրտ չլինի։ Մնացածը կարևոր չի։

– Էրեխե՜ք, Սպայդերմե՜նը, – բացականչելով դուրս թռավ Ալիսան, իր նոր վարդագույն զգեստով՝ մուլտհերոսներին հանդիպելու ակնկալիքով։
Դպրոցի բակում նրանց էին սպասում միաեղջյուրն ու Սարդ մարդը։ Երեխաները շրջան կազմեցին ու սկսեցին պտտվել մուլտհերոսների շուրջը։ Երաժշտությունը լսվում էր հեռվից ու կանչում մյուսներին։ Շրջանը գնալով մեծացավ։
– Ի՛նձ էլ տեղ տվե՛ք, – բղավելով մոտեցավ Տիգրանը ու միացավ ընկերներին։
Մուլտհերոսները միջանցքով վազեցին սենյակ, որն արդեն լցվել էր պղպջակներով։ Երեխաները հասան նրանց ու իրար հետ թռչկոտելով՝ սկսեցին պայթեցնել պղպջակները։
Միջանցքի մթության միջով մոտենում էին ծնողները՝ հետևելու երեխաների խաղին։ Նրանց թվում էր Հրաչ պապը: Նա ժպտում էր։

***​

Լորուտ, նոյեմբերի 12


Սարերի արանքում Լորուտը դանդաղ էր արթնանում։ Լոռվա այս գյուղում լուսաբացը խաղաղ էր։ Լուռ մթության մեջ, հեռվում լսվում էին կովերի կճղակների ձայները։ Խիտ աստղերն անհետացան երկնքում, ու ծխնելույզներից բարձրացող ծուխը նշան տվեց, որ գյուղն արթնանում է։ Ծուխն առաջինը Զոյա տատենց տնից բարձրացավ։ Նա իր երկու որդիների՝ Սևակի ու Սեյրանի հետ, Արցախից նոր էր տեղափոխվել Լոռի։
– Էս ժենգյալով հացից կե՛ր, – ասաց Զոյան։ – Ճիշտ ա մեր Ասկերանի սաղ կանաչեղենը չգտա, բայց էլի լավն ա։ Ընդեղ տասնչորս տեսակ կանաչի էինք դնում։ Ստեղ յոթը գտա։ – Ավելացրեց ու ժպիտը երեսին սառած՝ նստեց վառարանի մոտ։ Երկար լուռ մնաց, հետո բարձր արտաշնչեց։

Վառարանին դրած թեյնիկը սուլեց։ Զոյան մի կողմ դրեց այն ու շարունակեց։
– Մեր գյուղի դպրոցում քսանութ տարի հավաքարար եմ աշխատել, չնայած հաշվապահի կրթություն ունեմ։ Ուզո՞ւմ ես մեր դպրոցի նկարները ցույց տամ։ – Ասաց Զոյան ու չսպասելով պատասխանի՝ գնաց նկարների հետևից։
– Էս Սևակս ա, նոր-նոր մի տարեկան ա դարձել ստեղ։ Էս մեր դպրոցի առաջին զանգնա ա, էրեխեքին գրքեր ենք բաժանում։ Ստեղ մենք ենք՝ ընտանիքով։ Էս էլ ախպորս հարսանիքն ա։ Է՜հ Ժամանակն արագ ա անցնում։ Ո՜վ կմտածեր…

– Գյուղի ժողովուրդը մեզ շատ ա օգնում։ Ով ինչով կարա։ Էրկու հատ խոզ են տվել, որ պահենք։ Ոչխար էլ են տալու։ Հենա Սևակս գյուղի ոչխարները տարել ա սար արածացնելու։ Հեսա արդեն հետ կգա։ Սեյրանի ձեռից էլ ամեն ինչ գալիս ա։ Հարևանը էսօր մատաղ ա անելու, կանչել են, որ մորթն ինքը անի։ Նոր ա ամուսնացել։ Կինը հիվանդանոցում ա։ Ուր որ ա պետք ա ծննդաբերի։ Զույգ են ունենալու։


Նյութը ստեղծվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Նյութի բովանդակության համար պատասխանատու է միայն «ԵՄ-ն անկախ լրատվամիջոցների համար» ծրագրի շահառու 4Պլյուս վավերագրական լուսանկարչության կենտրոնը, և արտահայտված տեսակետները կարող են չհամընկել Եվրոպական միության տեսակետների հետ։