Եվա. Առաջինը

Եվան առաջինն էր կանանց մեջ ու Ստեփանակերտի Ք. Իվանյանի անվան ռազմական վարժարանում: Երկու տարի առաջ վարժարանում առաջին ընդունելությունն էր աղջիկների համար: Եվա Ղազարյանը երեք ընդունվողներից մեկն էր:

12-րդ դասարանում Եվան միակն է: Կանաչ-բաց կանաչ-բաց դարչնագույն դաշտային հագուստի ֆոնին կանգնած է հպարտ` մի հատիկը, սև, տոնական շինելով, երկար մազերը ծոծրակին փունջ արած: Գլխարկը ճիշտ չափի է, շինելը երկար է թևքերի մասում ու մի քիչ էլ լայն:

«Պստիկ զինվորը», – մտածում եմ ես:

Ժպտում է սիրուն: Դասակի տղաների հպարտությունն է:

 


Եվա Ղազարյանի դիմանկարը: Երկու տարի առաջ Ստեփանակերտի Ք. Իվանյանի անվան ռազմական վարժարանը ընդունելություն կազմակերպեց աղջիկների համար: Եվան առաջին երեք ընդունվող աղջիկներից մեկն է:

Եվան վարժարանի կուրսեցիների հետ վերդառնում է ճաշարանից:

Երկրաչափության դասի ժամանակ:

Եվան՝ ռազմական պատրաստվածության դասի ժամանակ:

Հանգստի ժամին:

Աղջիկները գնում են դասի: Ստեփանակերտի Ք. Իվանյանի անվան ռազմական վարժարանը ներկայումս 11 աղջիկ սան ունի:

Ստեփանակերտի Ք. Իվանյանի անվան ռազմական վարժարանի մուտքը:

Ստեփանակերտի Ք. Իվանյանի անվան ռազմական վարժարանի ճաշարանում:

Աղջիկները սև, տոնական շինելներով:

Երեկոյան, տան ճանապարհին:

Եվայի եռագույն մազակալը:

 

«Վարժարան ընդունվելու մասին երկար չեմ մտածել: Հստակ գիտեի` ուզում եմ ռազմական իրավաբան դառնալ: Հետո պարզվեց, որ այդ գծով բարձրագույն ռազմական կրթություն դեռևս չեմ կարող ստանալ. Ո՛չ Հայաստանում, ո՛չ Ռուսաստանում այդ մասնագիտությամբ դեռ ընդունելություն չկա աղջիկների համար: Ստիպված եմ ՀՕՊ-ն ընտրել», – ասում է աղջիկը:

Դեռ նոր-նոր սափրվել սկսած տղաների հետ շարքով մտնում է ճաշարան, նստում սեղանի ծայրին: Դասընկերները գիտեն` Եվան սոխ չի ուտում: Աղցանի միջից հանում են սոխի մանր կտորներն ու հետո միայն փոխանցում ափսեն:

Հանգստի ժամին փոքրիկ սենյակում երկհարկանի մահճակալների արանքում ոչ զինվորական եռուզեռ է: Աղջիկներից մեկը մյուսի մազերն է հյուսում, երրորդը դասագրքերն է պատրաստում ստուգման, մեկ ուրիշն էլ հեռախոսով երգեր է միացնում:

 


Վարժարանում ուսման առաջադիմության հետ մեկտեղ կարևոր է ֆիզիկական պատրաստավածությունը: Եվան և մի քանի աղջիկներ մասնակցում են ձեռնամարտի պարապմունքներին:

Եվան հանգստի սենյակում: Եվա Ղազարյան 17 տ, երկու տարի առաջ Ստեփանակերտի Ք. Իվանյանի անվան ռազմական վարժարանը ընդունելություն կազմակերպեց աղջիկների համար: Եվան առաջին երեք ընդունվող աղջիկներից մեկն է:

Եվան՝ ռազմական պատրաստվածության դասի ժամանակ:

Եվան դասավորում է հաստ թղթապանակի մեջ խնամքով հավաքված պատվոգրերը. Մեկը լավ երգելու համար է, մյուսը` սպորտային ձեռքբերումների: Տոնական համազգեստով պառկել չեն ուզում, շուտ է ճմռթվում: Բայց հոգնածությունն իրենն անում է. Իրար կիպ կպած նստում են մահճակալներից մեկին ու սկսում երգել:

Եվան միակն է վարժարանի 11 աղջիկ սաներից, ում ընտանիքը դեմ չէր դստեր ընտրությանը: Հայրը, քեռիները… բոլորը զինվոր են: Սովորում է, որովհետև գիտի` այս պատերազմին քաղաքական, իրավական լուծում է պետք: Պատերազմով ապրելն արդեն անհնար է:

«Եվա, ինչի՞ համար ես սովորում. Պատերազմի՞», – հարցնում եմ ես:

«Ես խաղաղություն չեմ տեսել: Մենք սահմանի վրա ենք. մի օր լավ, մի օր վատ… Մեզ համար  «առաջին աստիճանի մարտական պատրաստության» ռեժիմը երբեք չի դադարում: Դա էլ մեր կյանքն է, ի՞նչ կարող ենք անել: Թիկունքում էլ ուժեղ ու խելացի մարդիկ են պետք, որոշում կայացնողներ, ցուցումներ տվող: Թիկունքը պետք է պինդ լինի»,- ասում է նա:

«Պատրաստ լինելու… ու հույսով, որ սովորածս պետք չի գա գործնականում: Ես պատերազմ չեմ ուզում, բայց քաղաքական, իրավական հարթության վրա այս հարցը չի լուծվում արդեն 23 տարի: Այս պատերազմն ինձանից մեծ է», – ասում է Եվան ու նորից ժպտում. Դռան ապակուց այն կողմ հոր ուրվագիծն է: Այսօր իրենց տանը հրադադար է` մինչև առավոտյան ժամը 6:00-ն, երբ պատերազմը հորը նորից դիրքեր կտանի, իրեն` ռազմական վարժարան` խաղաղության համար սովորելու:

 Կուկլա բաբո. Կռիվը հաղթած, կյանք տանուլ տված

Շուշիում Եվգենիա Առստամյանին բոլորը գիտեն: Սպիտակ, ալեխառն, կարճ մազերի ու կնճիռների տակ քաղաքի ամենասիրուն կինն է ապրում. Բաբոն, որին դեռ Կուկլա են ասում:

Մեծ, ընդարձակ տան մաքրությունն ապշեցնում է: Թվում է` հյուրերի է սպասել: Մի սենյակում փայտի վառարանն է, մյուսում` հեռուստացույցը: Հեռուստացույցի կողքին` փոքրիկ սեղանին, երկու լուսանկար է` մեկի վրա ինքն է 16 տարեկանում, անշպար ու սիրուն:

 


Եվգենիան` լվացք փռելիս:

Եվգենիան շրթներկ է քսում: Շուշիում Եվգենիա Առստամյանին բոլորը գիտեն: Բաբոն, որին դեռ Կուկլա են ասում:

Եվգենիայի լուսանկարները:

Եվգենիան իր խոհանոցում: Շուշիում Եվգենիային բոլորը գիտեն Կուկլա Բաբո անունով: Արցախյան պատերազմի մասնակից, դիպուկահար:

Եվգենիան ցույց է տալիս իր գերեզմանաքարը: Ամուսնու տապանաքարի կողքին նա արդեն մի քանի տարի է, ինչ տեղադրել է իրենը:

Եվգենիան՝ երիտասարդ տարիների լուսանկարի հետ:

Եվգենիան խոսում է մեծ տղայի հետ, ով ապրում է Սանկտ Պետերբուրգում:

Եվգենիայի փոքր որդու` Արմենի ննջասենյակը: Պաշտոնական վարկածով նրա որդին խեղդվել է գազի արտահոսքից, 2015-ին:

Եվգենիան` որդու լուսանկարը ձեռքին: Պաշտոնական վարկածով` որդին խեղդվել է գազի արտահոսքից, 2015-ին:

 

«Արմենս է: Փոքրս: Հաստ ոսկոր տղա է. Աչքերի գույնը տես` ի~նչ սիրուն է: Երկու տարի առաջ մահացավ»,- ասում է բաբոն` ցույց տալով մյուս լուսանկարը: Որդին ժպտում է, ավելի լայն, քան սովորաբար ժպտում են տապանաքարի նկարների մեջ:

«Բաբո, քեզ շատ էին սիրահարվո՞ւմ», – հարցին պատասխանում է.

«Չէ, ռիսկ չէին անում: Շատ կոպիտ էի: Սիրած տղա ունեի… ես էլ անսեր ամուսնացա, ինքն էլ: Մեր ճակատագիրն էր, ի՞նչ արած», – պատմում է կինը:

Անսեր ամուսնությունից տիկին Եվգենիան երեք որդի ունեցավ: Երկրորդ զավակի ծնունդից հետո ամուսինը թողեց ընտանիքն ու գնաց արտասահման. Վերադարձավ միայն 10 տարի անց: Երրորդ որդին ծնվեց ընտանիքը փրկելու համար:

«Այն ժամանակ դեմոկրատիա չկար: Իմ ամուսինն էր, իմ «խազեինը»: Արմենս ծնվեց եղբայրներից 11 տարի հետո: Մայրս արդեն չկար, օգնող չունեի: Ես աշխատում էի, երեխաներս` մեծանում, իրենք իրենցով: Մեծ տղերքս պատերազմի հաշմանդամ են. Երկուսն էլ մարտական վիրավորում ստացած: Մեկը Լենինգրադ գնաց ու հետ չեկավ, մյուսը մինչև հիմա ծառայության մեջ է: Մեր ամուսնու մահից հետո ես ու Արմենս իրար հետ մնացինք: Ինչ տեսնում ես էս տանը, Արմենիս արածն է: Չվայելեց», – ասում է բաբոն` չոր լաթով մաքրելով լվացքի մեքենայի փոքրիկ դռնակը: Այդպես է անում ամեն լվացքից հետո, Արմենն է նվիրել, հանկարծ չփչանա:

1988 թվականից իրենից անկախ մասնակցեց պատերազմին. Նամակներ ու հաղորդագրություններ էր  տեղափոխում. Ռուս զինվորականները չէին համարձակվում խուզարկել նրան: 1992 թ.-ին երկու որդիներն արդեն կամավորագրվել էին` 13-14 տարեկանում, չորս եղբայրները՝ ևս:


Եվգենիայի շքանշանները. Արիության մեդալը` Հայրենիքի պաշտպանության, ցուցաբերած անձնական խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական, քաղաքացիական պարտքը կատարելու համար։

 


Տեսարան Եվգենիայի բնակարանից:

1992-ին` արցախյան պատերազմի ժամանակ, կազմավորվեց 12 հոգանոց ջոկատ` բոլորը կանայք: Եվգենիան դիպուկահար էր: 1993-ի օգոստոսին հին Կուբաթլույի մոտ գործողության ժամանակ Եվգենիան վիրավորվել է` վնասվածքներ ստանալով ծնկներից մինչև կուրծքը:

 

«1992-ին կազմավորվեց մեր ջոկատը: 12 հոգի էինք` բոլորս կին: Ջոկատում ընդամենը մի СВД (Դրագունովի դիպուկահար հրացան) ունեինք, մյուսներս ավտոմատով էինք կռվում: Ես դիպուկահար էի: 1993-ի օգոստոսի 23-24-ի հին Կուբաթլույի մոտ գործողության էինք. Այդ օրը աղջիկներից մի զոհ ունեցանք, երկու վիրավոր. Մեկը ես էի», – պատմում է կինը ու բարձրացնում շորի փեշը: Ծնկներից վերև անխնամ արված կարկատաններ են` մինչև կուրծքը:

«Երեք օր գործողության էինք, երեք օր` տանը: Գալիս էի տուն, ուտելու բան պատրաստում, լվացք անում: Երեխեքս իրենք իրենցով մեծացան… Կռվի ժամանակ էլ գիշերները աչք չէի փակում: Լինում էր` վիրավորներին գրկում էի, սեղմում ինձ, որ հարմար լինի, վերքերը չցավեն. Ամբողջ գիշեր նստած էի անցկացնում: Ի՞նչ անեի: Երկու զինվոր էլ ես ունեի կռվում»:

Պատերազմը տիկին Եվգենիայից խլեց ամեն ինչ` երկու եղբայրնեի կյանքը, զավակների չտեսած մանկությունը, իր ջահելությունն ու սիրունությունը: Տվեց` երկու բեկոր` ճերմակ մարմնի մեջ, երկու թիկնակ` թևերի տակ ու մի մեդալ` արիության համար.


Լուսանկարները՝ Նազիկ Արմենակյանի
Տեքստը՝ Սոնա Մարտիրոսյանի


ԼՂ հակամարտությունը Հարավային Կովկասի ամենաերկարատև պատերազմն է՝ հարաբերական խաղաղության ու էսկալացիայի փոփոխվող փուլերով՝ ներառելով ոչ միայն Արցախ-ադրբեջանական սահմանը, այլև՝ Հայաստանի Հանրապետության վարչական տարածքը: 1994 թվականից ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում ընթացող բանակցությունները որևէ շոշափելի օգուտ չեն տվել երկու երկրների հասարակություններին. հրադադարի հաստատման մասին համաձայնագիրը, ըստ էության, հակամարտության կարգավորմանն ուղղված միակ իրավական ակտն է՝ վերջին 23 տարիների ընթացքում: Սա պատերազմ է, որն արդեն ժառանգվել է երեք սերնդի:

1988-1994  թթ.-ին Արցախյան պատերազմին մասնակցել է 200 կին, որոնցից 42-ը զոհվել են մարտի դաշտում: Արցախյան պատերազմի երկրորդ, ամենաթեժ փուլին՝ 2016 թ.-ի ապրիլյան քառօրյային, կանանց մասնակցության վերաբերյալ հստակ տեղեկություններ չկան: Սակայն կան այլ տվյալներ. ապրիլյան թեժացումից հետո ռազմական կրթության դիմող աղջիկների թիվն աճել է գրեթե կրկնապատիկ, իսկ ՀՀ Զինված ուժերում ծառայում է ավելի, քան 2000 կին: