Դժվար եմ թեմա ընտրում լուսանկարելու համար, երկար մտածում եմ, ուսումնասիրում: Որպես լուսանկարիչ` հաճախ եմ դիտարկում կանանց, հանրային կյանքում նրանց փոփոխվող դերերը: Դա ինձ հետաքրքիր է:
Օրինակ` կանայք քաղաքականության մեջ: Հայաստանում հնարավո՞ր է: Մենք այդ երևույթը համարում ենք արտառոց, բացառիկ մի բա՞ն: Որովհետև կանանց համար Հայաստանում դժվա՞ր է:
Հուլիսին երևանյան մի սրճարանում Լենա Նազարյանի հետ մեր զրույցը սկսվեց այս հարցից, որ երևի ամենահաճախն է տրվում նրան լրագրողների կողմից:
Քաղաքացիական նախաձեռնություններում ակտիվիստից մինչև Ազգային ժողովի պատգամավոր դարձած Լենան ասում է, որ դա անտրամաբանական բան չէ, ուզում է, որ «կինը քաղաքականության մեջ» ընկալվի շատ սովորական մի բան: Կանանց իրավահավասարության խնդիր Հայաստանում չկա, կա ռեսուրսների հավասարության խնդիր: Իր դիտարկմամբ` կա չորս կարևոր ռեսուրս, որոնք անհրաժեշտ են հանրային գործունեություն ծավալելու համար` ժամանակ, գումար, հանրային աջակցություն և էներգիա:

Լենա Նազարյանը Ազգային ժողովի միջանցքում: «Ամենասկզբից որ գնացի ԱԺ, որոշեցի ծանոթանալ վարչական աշխատողների հետ: Երբ բարևեցի, հարցրին, թե ում օգնականն եմ: Նույնիսկ ԱԺ-ի ներսում չգիտեին, թե ով եմ: Մի տարի պատգամավորական գործունեությամբ զբաղվելուս ժամանակ, ես ինձ մերժված էի զգում ներսում: Երբ փոխվեց իրավիճակը, ինձ համար էլ իրավիճակը փոխվեց: Հանկարծ մարդկանց վերաբերմունքը փոխվեց: Աժ-ի միջանցքներում քայլելիս զգում եմ, որ ինձ նկատում են»:

Ազգային ժողովում Լենա Նազարյանի նախկին աշխատասենյակը: ֆոտոպատմության ընթացքում Լենան ԱԺ պատգամավորից ընտրվեց «Ելք» խմբակցության ղեկավար:
Լենայի աշխատասենյակը: Գրատախտակին հիմնական խնդիրներն են, որոնց շուրջ Լենան ձևավորում է իր օրակարգը:
Լենան կարդում է վարչապետի ելույթը:

Լենան ելույթ է ունենում TEDx Երևանի բեմում. խոսում է ապրիլյան հեղափոխությունից:

Սեպտեմբերին ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը ղեկավար ընտրեց Լենա Նազարյանին:

Լենայի ձեռքերը: «Առհասարակ, վախերը հաղթահարելու ճանապարհը ինձ համար ամենանախընտրելին է, որովհետև ես շատ վախեր ունեմ, ու որպեսզի ձերբազատվեմ, ես անընդհատ ինձ դնում եմ այնպիսի իրավիճակներում, որոնք ինձ հնարավորություն կտան ազատվել այդ վախերից»:

Ազգային ժողովի բակում: «Երբեմն մոռանում եմ, որ պատգամավոր եմ, որ կարող եմ իմ պագամավորական փաստաթղթով մտնել շատ տարբեր հիմնարկներ: Ես դիմում եմ իմ մանդատի ուժին շատ ծայրահեղ դեպքերում: Դա մարդիկ զգում են: Ես միշտ համագործակցության տրամադրության մեջ եմ: Ինձ հետաքրքրում է այն, որ իմ գործունեության ընթացքում մարդկանց ընկալումները փոխվեն»:

Լենան խոհանոցում: Տանը շատ ժամանակ չի անցկացնում, մշտական զբաղվածությունը չի թողնում: Բայց երբեմն կիրակի օրերին հաճույքով վաֆլի է թխում:

Լենայի թխած վաֆլիները:

Լենան իր աշխատասենյակում: «Ինչու՞ ես գնացի այս ճանապարհով: Դա բնավորություն է: Ամեն անգամ, երբ ես ընտրություն կատարելու հնարավորություն ունեմ` մնալ այստեղ, թե առաջ շարժվել, ես ընտրում եմ շարժումը»:

Լենան լողավազանում: «Մտքերս հավաքելու տեղ է լողավազանը: Լողալը շատ հարցեր է լուծում, ավելի հեշտ է դառնում մարդկանց հետ շփվելը: Օրվա մեջ մի փոքրիկ նվեր է, որ թույլ եմ տալիս ինձ»: