Սոնա Հովհաննիսյանը «Հովեր» պետական կամերային երգչախմբի դիրիժորն է, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պատմության ընթացքում նշանակված առաջին կին ռեկտորը:
Աշխարհը սկսվեց տատիկիս աչքերից, մորեղբայներիս կեսժպիտ ու խորազգա հայացքների ներքո, մորս գեղեցկության ու անհատնում հոգատարության մեջ ու շարունակվեց… ու շարունակվեց…
Չգիտեմ, թե ինչու էր տիկին Շուշիկը լավը, իսկ տիկին Թամարը՝ վատը… հետո էլ՝ այսինչ բանը հրաշալի, իսկ այնինչը՝ ոչ… Չեխովի՝ սրա շուրջ նույնքան շվարած մտքերից հետո հասկացա, որ պետք էլ չի պարզել… և ամբողջ էությամբ սիրեցի հրաշալին ու աննմանը՝ մեր «Հավիկ» տաղի աննմանը և աշխարհի բոլոր աննմաններին: Չկա ավելի արժեքավոր զբաղմունք, քան դա… Ես մտա երաժշտություն: Սկսվեցին իմ բազմաթիվ ողջագուրումներն ու ընդհարումները կյանքի հետ: Բայց ուրախությունը ամենակարող էր… ամոքեց անամոքելին:
Մնացին մարդկանց հետ ապրած գարունները, մնացածը՝ անհետացավ…
Երիտասարդ օրերի ընկերներիս կորուստներից ու նրանց հանդեպ կարոտներից այսօր էլ շողում են այդ օրերիս չխամրող հուզմունքը, շարան-շարան, հուլունք-հուլունք մեր Կոմիտասի փշուրները, «Հովերիս» պարզկա օդն ու վտանգավոր արարումները: Ուրախությունները շատ հուզիչ ու անմեկնելի են, շարունակ հետապնդում ու հիշեցնում են իրենց մասին:
Այսօր էլ ես հիշում եմ այդ հազարտոկոսանոց ուրախության պահերը, երբ վերից նայում էի մեր կարկատված սարերին ու հասկանում էի, որ 18 տարեկան եմ, և ներսս լի է… հետո՝ 25… հետո՝ 40…, որ դա կապ չունի իմ գլխին եկածի հետ, որ դա կապ չունի ոչնչի հետ, որ դա իմ մեջ դրված է` անկախ բարեկեցությունից, իմ հանդեպ մարդկանց չարակամությունից, իմ բոլոր սխալներից… Ինքը միշտ շողում է… իմ քարուքանդ հոգին… Էդպես է…
![](https://www.4plus.org/wp-content/uploads/2019/04/Sona_02.jpg)
«Սասունցի Դավիթ» օպերայի ներկայացման ռեժիսորը աշխատում է երգչախմբի հետ` բեմադրության շուրջ: Երևան, 2017։
Սոնան երգչախմբի անդամներից Արեգի հետ համերգից առաջ քննարկում է որոշ մանրամասներ:
Փետրվարի 19-ին կայացած հայ կոմպոզիտոր Արթուր Ավանեսովի հեղինակային երեկոյի ավարտին: Ավանեսովի խմբերգերը շատ սիրված են «Հովեր» երգչախմբի կողմից: 2019:
![](https://www.4plus.org/wp-content/uploads/2019/04/Sona_05.jpg)
Կոնսերվատորիայի ընդունարանը լի է ծաղիկներով: Օրեր առաջ Սոնայի տարեդարձն էր:
![](https://www.4plus.org/wp-content/uploads/2019/04/Sona_06.jpg)
Իր գործի վարպետը լինելուց զատ՝ Սոնան հրաշալի խոհարար է տանը, իսկ հյուրասեր լինելու անսահմանության մասին կարող են փաստել իր հետ առնչվող բոլոր հեռու-մոտիկները: Իր փոքրիկ, բայց սրտաբաց բնակարանը ի զորու է հյուրընկալել մի ողջ երգչախումբ` հաճախ առանց որևէ լուրջ առիթի:
![](https://www.4plus.org/wp-content/uploads/2019/04/Sona_07.jpg)
Սոնայի տան պատերին հանդիպող եզակի լուսանկարներից մեկը` Կոմիտասի փոքրիկ դիմանկարը: «Հովեր»-ի երգացանկը հարուստ է բոլոր ազգերի բազմաժանր երաժշտությամբ, բայց Կոմիտասը առանձնահատուկ ջերմ է հնչում «Հովերի» կատարմամբ:
![](https://www.4plus.org/wp-content/uploads/2019/04/Sona_11.jpg)
Սոնան և հայտնի ջազ երաժիշտ Վահագն Հայրապետյանը` համատեղ նախագծի փորձերին:
Սոնա Հովհաննիսյանը “Պոլիֆոլիա” երգչախմբային փառատոնի շրջանակներում հանդես եկավ հայկական մոնոդիկ երաժշտության մասին դասախոսությամբ, որի ընթացքում ունկնդիրը ծանոթացավ նաև Կոմիտասի “Լուսնակն անուշ” խմբերգի հետ:
Ֆրանսիա, 2010
![](https://www.4plus.org/wp-content/uploads/2019/04/Sona_13.jpg)
Սոնայի աշխատասեղանը:
![](https://www.4plus.org/wp-content/uploads/2019/04/Sona_14.jpg)
Քեռու նվիրած` Շոստակովիչի լուսանկարը։ Սոնան՝ տանը:
![](https://www.4plus.org/wp-content/uploads/2019/04/Sona_15.jpg)
Քշիշտոֆ Պենդերեցկու դահլիճում, համերգային փորձի ժամանակ: Լյուսլավիցե, Լեհաստան, 2015։
ԵՊԿ ռեկտորի պաշտոնում Սոնա Հովհաննիսյանի նշանակումից հետո շատ բան է փոխվել այդ հաստատության պատերի ներքո: Զրույցները ուսանողության հետ` դասախոսների և հրավիրյալ մասնագետների կողմից, հաճախ դառնում են ոչ ֆորմալ, լարվածությունից զուրկ, մտերմիկ և անմիջական թեյախմություն, որն ավելի է կապում ուսանողին բուհի հետ, իսկ ուսումը դառնում է հաճելի:
Սոնան` «թեյախմության» ժամանակ:
![](https://www.4plus.org/wp-content/uploads/2019/04/Sona_18.jpg)
Շաբաթօրյակ-ծառատունկ կոնսերվատորիայի բակում:
![](https://www.4plus.org/wp-content/uploads/2019/04/Sona_19.jpg)
Սոնան զրուցում է կոնսերվատորիայի իրավաբանական բաժնի աշխատակցի հետ:
![](https://www.4plus.org/wp-content/uploads/2019/04/Sona_20.jpg)
«Հովեր» երգչախումբը աշխարհահռչակ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու տանը: Լեհաստան, 2015։
տեքստը` Սոնա Հովհաննիսյանի