Աշխատանքի վայրի սպորտ դահլիճներից մեկում Նատալյան մաքրություն է անում:

Նատալյան  ծնվել է 1954 թ-ին Ռուսաստանում`  Չելյաբինսկ քաղաքում, զինվորականի ընտանիքում: Մայրը դեղագործ էր և իր սեփական դեղատունն ուներ: Իսկ Նատալյայի երազանքն էր մանկական բժիշկ դառնալ: Ի՞նչ իմանար, որ տարիներ հետո ստիպված է լինելու հաճախակի շփվել մանկաբույժների հետ։ Մոսկվայում Նատալյան մի ցուցահանդես այցելեց,  որտեղ հանդիպեց իր ապագա ամուսնուն՝ գեղանկարիչ Վիկտոր  Քոչարյանին: Նրանք այնքան արագ ամուսնացան, որ 17-ամյա Նատալյան ինքն էլ չհասկացավ` ինչպես հայտնվեց Երևանում:  Ծանոթ պատմություն է, չէ՞, ոնց որ «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմը լինի: Մռայլ և սառը Ռուսաստանից հետո մեր սպիտակամաշկ «Վալենկան» զարմացավ տաք Հայաստանի արեւից ու շատ հավանեց այս երկրի պես ջերմ թուխ մաշկով մարդկանց:

 


Նատալյան Նոր Նորքի 7-րդ զանգվածի կամրջով առավոտյան շուտ գալիս է աշխատանքի:

 

 

Ի՞նչ է պետք երջանիկ ընտանիք կազմելու համար։ Երկու աղջիկ, իսկ հետո անպայման մի տղա: Բայց իր ծննդյան օրից ընդամենը երկու ամիս անց փոքրիկ Կարենչիկը մի երեկո ջերմեց: Հիվանդանոցում բժիշկը թոքաբորբ ախտորոշեց, և բուժումն արագացնելու համար երեխային «Պենիցիլին» սրսկեցին` առանց բալիկին ստուգելու։
Այն ժամանակ երկրում «Ամպիցիլին» գտնելը համարյա անհնար էր, իսկ «Պենիցիլինը»՝ որպես նոր դեղամիջոց, դեռ շատ հարցերում թերի էր: Նատալյայի պատմելով՝ բժիշկները մեկը մյուսի հետևից այնքան սխալներ արեցին, որ երեխայի մոտ սալմանելոզ զարգացավ: Այդ ծանր հիվանդությունը բուժելուց էլ իմացան,  որ կենտրոնական նյարդերն են վնասվել. նոր ախտորոշումն էր ՄԿՊ (ДЦП)՝ Մանկական կենտրոնական նյարդի պարալիչ:
Դա նշանակում էր, որ տղան էլ երբեք չի քայլի: Շատերը հենց հիվանդանոցում խորհուրդ էին տալիս հրաժարվել երեխայից, բայց  Նատալյան չհամաձայնեց: Նա շատ լավ հասկանում էր՝ ինչ կյանք է սպասում իրեն ու Կարենին, բայց հույս ուներ, որ եթե ինքը շատ ջանք թափի, երեխային տարբեր բժիշկների մոտ տանի, գուցե մի օր Կարենը քայլի:
Հնարավոր բոլոր բուժումներից հետո էլ Կարենը չքայլեց…

 

 


Նատալյան իր որդի Կարենի հետ` որդու ննջասենյակում:

 


Կարենի հեռուստացույցը:

 

 


Կարենի ընկերուհին` մոր տեսքով:

 

 

Նատալյայի ամուսինը մահացավ, երբ ընդամենը 41 տարեկան էր, և իր «հարսնացուին հյուսիսից» թողեց երեք երեխաների հետ մենակ, վշտի ու տանջանքի դեմ հանդիման՝ հեռու և օտար, բայց, միևնույն ժամանակ, հարազատ քաղաքում: Սկզբում երեխաներին ապահովելու համար Նատալյան սկսեց կարուձևով զբաղվել։ Հետո, երբ հասկացավ, որ շատ է կարոտել ծնողներին, օդանավակայանում աշխատանքի անցավ՝ որպես բորտուղեկցորդուհի։ Նոր աշխատանքը շատ էր սիրում։ Ու երկնքում թռչելու համար ստիպված էր խնամող վարձել Կարենի համար:
Անցել է 38 տարի: Կարենը չի քայլում, իսկ նրան խնամելը էլ ավելի է դժվարացել: Նատալյան արդեն 65 տարեկան է, ու տղային ապահովելու համար աշխատում է Էջմիածնի և ՀՊԸՄ նորքի հայորդաց տանը՝ որպես հավաքարար: Աբովյան քաղաքից աշխատավայր հասնելու համար ստիպված է չորս երթուղային փոխել։ Նույնքան էլ` տուն հասնելու համար։ Փոխարենը` Նատալյան ստանում է անվճար սնունդ իր և որդու համար։
Եթե ցանկացած աշխատող մարդ ունի գոնե մեկ հանգստյան օր, Նատալյայի համար կիրակին մաքրության օրն է. Կարենին պետք է լողացնել, սափրել, լվանալ և այլն։
Կարենը գամված է անկողնուն ու ստիպված է ամբողջ օրը հեռուստացույցի ալիքները փոխել։ Շատ է սիրում քրեական հաղորդումները։ Նատալյան երազում է, որ եթե այդ դժբախտությունը չպատահեր, որդին հիմա դատավոր կլիներ։ Ու չնայած Կարենը չի կարողանում խոսել, ու իրեն միայն մայրն է հասկանում, Նատալյան համոզված է, որ Կարենը շատ խելացի է։ Ու ամենակարևորը՝ բարի։ Մարդիկ այդքան տանջանքից հետո չարանում են, իսկ Կարենը՝ ոչ։ Ու Նատալյան էլ՝ ոչ, որովհետև որդին անսահման սիրում է նրան ու շնորհակալ է ամեն մանրուքի համար։

 


Նատալյան  աշխատանքի վայրում. աշխատելիս նա նկատեց,  որ ձյուն է գալիս:

 


Աշխատանքի վայրում,  հանգստի ժամին. Նատալյան սիրում է իրեն կարգի բերել:

 


Աշխատանքի հասնելուն պես` Նատալյան փոխում է իր հագուստը:

 

 


Մայր աթոռ սուրբ Էջմիածնի և ՀՊԸՄ Նորքի հայորդաց տանը՝ միջանցքում:

 


Նատալյան, իր գործընկերների հետ առավոտյան շատ շուտ, մինչև գործին անցնելը սրճում են:

 


Նատալյան սպորտային դահլիճում մաքրում է սեղանը:

 

 


Նատալյայի շպարվելու պարագաները աշխատանքի վայրում:

 


Մայր աթոռ սուրբ Էջմիածնի և ՀՊԸՄ Նորքի հայորդյաց տանը, որտեղ Նատալյան աշխատում է, ճաշարանում անվճար սնվում է:

 

Բայց, որքան էլ դա տարօրինակ հնչի, Կարենի կյանքում ևս մի կին կա։ Մոր դեմքով տիկնիկը, ում Կարենը իր ընկերուհին է համարում։ Ամեն առավոտ նա համբուրում է տիկնիկին, հետո նոր թույլ տալիս մորը մտնել սենյակ։
Նատալյայի աշխատանքը ծանր է, կյանքը՝  էլ ավելի ծանր, բայց Նատալյան ամեն ինչ սիրով է անում: Ու նույնիսկ հիմա շարունակում է հետևել իր տեսքին: Իր շնորհիվ հայորդաց տան մյուս մաքրուհիներն էլ են սկսել խնամել իրենց:
Ինչ ուզում է պատահի, կինը կին է մնում, – ասում է Նատալյան,- եթե դա էլ կորցրեցիր, ամեն ինչ կկորցնես։
Հիմա, երբ ֆոտոպատմությունը պատրաստ է, մտածում եմ` ի վերջո ի՞նչը ստիպեց ինձ հետևել հենց Նատալյային։ Երևի այն, որ հիմա ես գիտեմ, թե ինչն է օգնում կնոջը դիմանալ ցանկացած… դժվարության էլ չասեմ, սա սովորական դժվարություն չէ։ Պատասխանը մեկն է՝ սերը։ Ծամված ու ծեծված է հնչում, բայց իրականում դա այդքան էլ հեշտ չի տրվում մարդուն։ Իսկ «հարսնացուին հյուսիսից» տրվել է։



Սույն ֆոտոպատմությունը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս ֆոտոպատմությունում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ: