«Փայտե ձի հիպոթերապիա» նախաձեռնությունն արդեն հինգ տարվա պատմություն ունի։ Այստեղ հաճախում են Դաունի համախտանիշ, աուտիզմ, մանկական ուղեղային կաթված, խոսքի հապաղում և զարգացման այլ  խնդրիրներ ունեցող 3-14 տարեկան երեխաներ։ Կենտրոնը գտնվում է Խարբերդի մասնագիտացված մանկատան տարածքում։

Ձիու մարմնի ջերմաստիճանից, որը մարդու մարմնի ջերմաստիճանից 1,5-2 աստիճանով բարձր է, հեծյալը ստանում է ջերմային մերսում, ինչը բուժիչ ազդեցություն է ունենում նրա ֆիզիկական և հոգեբանական վիճակի վրա։

Քանի որ հիպոթերապիան համարվում է ոչ ավանդական բուժման մեթոդ, չունի վճարվող հաստիք, հետևաբար, աշխատանքներն իրականացվում են կամավորական սկզբունքով։ Կամավորների հիմնական գործառույթը երեխաների անվտանգությունն ապահովելն է, ձիու վրա ճիշտ տեղադիրքին հետևելը, վարժություններ հանձնարարելը և օգնելը, որ դրանք կատարվեն։

«Այստեղ՝ մեզ մոտ, 25 երեխա ասել է իր առաջին բառը՝ ձի»։

                                           Հատված կամավորի հետ զրույցից։

«Պատահական եմ իմացել «Փայտե ձիու» մասին՝ ֆեյսբուքից:Գիտակցում էի, որ շատ պատասխանատու գործ ա. վախենում էի, որ էրեխեքի անվտանգությունը չեմ կարողանա ապահովել: Բայց հետո որոշեցի համարձակություն հավաքել ու գալ: Տեսնելով ու զգալով էս միջավայրը, էրեխեքի էմոցիաները, ձիերից ստացած հանգստությունն ու էներգիան՝ հասկացա, որ պետք ա անպայման օգնեմ ինչ-որ բանով»:

Հատված կամավորի հետ զրույցից։

«Էրեխեքի հետ շփումը ինձ շատ ա օգնել: Ինձ մոտ մի շրջան կար, երբ մարդկանց հետ դժվարությամբ էի շփվում: Այստեղ գալու միքտը և երեխաների հետ շփումը ինձ ստիպում էր, որ նորից ապրեմ: Էրեխեքից ստացած էմոցիաները, ծնողների ջերմ խոսքերը լրիվ ուրիշ են: Եվ դա կարող ա քեզ օգնել, որ հոգեբանական խնդիրներդ հաղթահարես»:

Հատված կամավորի հետ զրույցից։

««Փայտե ձիու» մասին իմացել եմ ընկերներիցս: Մի քանի պարապմունքի գալուց հետո, որոշեցի կամավոր դառնալ: Նախ եկա ինձ համար, հետո գիտակցեցի, որ մարդկանց համար կարևոր աշխատանք եմ անում: Հիմա ես ինձ օգտակար եմ զգում»:

Հատված կամավորի հետ զրույցից։

«Ես եկել եմ այստեղ՝ չիմանալով թե սա ինչ ա»:

Հատված կամավորի հետ զրույցից։

«Ինքը կենդանիներ շատ ա սիրում: Որ կենդանու հետ շփվում ա, շատ ա կապվում: Առաջին, երկրորդ պարապմունքից էլ զգացել եմ տարբերություն: Առաջ ավելի կապրիզնի էր, իսկ ինչ սկսել ենք հաճախել, ավելի հանգիստ ա դարձել, դողը անցել ա իրա մոտ։ Որ գիտի գալու ենք ստեղ, ասում ա. «Ուռա՜, գնում ենք ձիաթերապիայի»: Ինքը ուրախությամբ ա խոսում էս միջավայրի մասին»։

Հատված ծնողի հետ զրույցից

Հասﬕկ, կամավոր | Ջուլիետա, կամավոր | Նորիկ, նախաձեռնության հեղինակ | Հասﬕկ, կամավոր
Արսեն, կամավոր | Արևիկ, կամավոր | Սահակ, կամավոր, | Տաթև կամավոր

«Էրեխեք կան, որ դժվարությամբ են մոտենում ձիերին: Երկար ժամանակ է պահանջվում նոր միջավայրին ծանոթանալու, ընտելանալու համար։ Մի քանի պարապմունք մամային կամ պապային պինդ գրկած են մոտենում, աստիճանաբար, հաղթահարում վախերը, սկսում վստահել մեզ, իսկ երեք-չորս պարապմունք հետո ասում․

Ես ուզում եմ մենակ նստեմ։

Ես ուզում են ձի ունենամ։

Ես ուզում եմ ձի պահեմ։

Ես ձիարշավարան եմ ունենալու, դու գալու ես իմ մոտ աշխատես․․․ ես քեզ ընդհունում եմ։

Ես ձիուկին գազար տվեցի, շոյեցի․․․ Ինքը լավն էր։ Ես էլի կգամ իրա մոտ։

Կոմունիկացիայի խնդիր ունեցող երեխաներին աշխատում ենք ոգևորել: Երբ ձիու վրա նստած են, բարձրացնել իրենց ինքնագնահատականը։Մենք թերապիան վերածում ենք ժամանցի և խաղի, որպեսզի իրենց համար ավելի հետաքրքիր անցնի»:

Հատված կամավորի հետ զրույցից։

«Առհասարակ, հիպոթերապիայի ձին տարբերվում է ձիավարության ձիերից։Մինչ թերապիա անցկացնելը, ձիերի հետ տարվում են հատուկ դասեր։ Իրենք նույնպես  վերապատրաստում են անցնում, և դա մոտավորապես մեկ տարի տևում է՝ կախված ձիու ընդունակություններից։ Պարապմունքների ընթացքում բարձրացնում ենք ձիու ինտելեկտը։ Վարժություններն ուղղված են նրան, որպեսզի ձին իր ուղեղը աշխատացնի, որովհետև էս գործի մեջ ձին պետք է հասկանա, թե իր վրա նստած երախան ինչ խնդիր ունի, ինչի համար ա ձայներ արձակում, ինչի ա ոտքերով սեղմում։ Օրինակ՝ մանկական ուղեղային կաթված ունեցող էրեխեքը սպաստիկա ունեն ու կարող են պահի տակ ձգվել։ Դրանից ձին չպիտի խառնվի իրար կամ որևիցէ այլ ազդանշանի հետ շփոթի։ Գիտե՞ք, որ սեղմում կամ ձգում են ձիու որովայնը, ինքը սկսում է վազել։ Բայց մեր ձիերը հասկանում են, որ էս երեխեն ունի մանկական ուղեղային կաթված.  նորմալ ա էս դեպքում։ Աուտիզմով երեխան, եթե նստում ա ձիու վրա ու բարձր ձայն ա հանում, սովորական ձին այդ բարձր ձայնից կխրտնի, կփախնի, կվազի: Իսկ մեր ձին հասկանում ա, որ էդ ձայնը կապված չի մյուս հրահանգների հետ»։

Հատված Նորիկ Բեգլարյանի հետ հարցազրույցից։

«Կախված խնդրից՝ երեխաները այցելում են նաև ֆիզիոթերապևտի, լոգոպետի և այլ մասնագետների մոտ։Հիպոթերապիան վերականգնողական բուժման մեկ օղակն է։ Սակայն շատ մասնագետներ, որոնք մինչ այդ աշխատել են երեխաների հետ, փաստում են որ հիպոթերապիայից հետո դրական տեղաշարժը բավականին մեծ է։ Նկատվել է թե՛ խոսքի, թե՛ շարժունակության բարելավում»։

Հատված կամավորի հետ զրույցից։

«Ամենահանգիստ ձիերը Սպայկն ու Արիան են։ Անհանգիստ էրեխեքին հիմնականում Սպայկի վրա ենք նստացնում: Տայգան մեր առաջին հիպոթերապիստ ձին ա։ Իրա կորացած մեջքից էլ արդեն հասկանալի ա, որ տարիքով ամենամեծն ա։ Շատ էրեխեք Տայգայի վրա են ուզում նստել, իրա շագանակագույն մորթու համար, բայց  իրա վրա հիմնականում մինչև 30կգ քաշ ունեցող էրեխեքի ենք նստացնում, որ տեղաշարժվելը դժվար չլինի»:

Հատված կամավորի հետ զրույցից։